Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արմավիրի մարզպետ պարո՛ն Ղահրամանյան, ի՞նչ է, Դուք օրենքից վե՞ր եք». Անահիտ Բախշյան

13:30, հինգշաբթի, 09 փետրվարի, 2017 թ.
«Արմավիրի մարզպետ պարո՛ն Ղահրամանյան, ի՞նչ է, Դուք օրենքից վե՞ր եք». Անահիտ Բախշյան

ՀՀ վարչապետի ուշադրությունն եմ հրավիրում երկրում տարածված այս խնդրի վրա: Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Սրապիոնյանի հետ մարզպետի կնքած պայմանագրի ժամկետը լրացել է 2016թ. նոյեմբերի 15-ին: Տնօրենի ընտրության կարգի համաձայն՝ դպրոցի կառավարման խորհուրդը եռամսյա ժամկետում պետք է կազմակերպի և անցկացնի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը: Ըստ դպրոցի կառավարման խորհրդի որոշման՝ 2017-ի հունվարի 20-ին նշանակվել է մրցույթի օր: Նկատենք, որ դպրոցի կառավարման խորհրդում մարզպետն ունի երկու ներկայացուցիչ՝ մարզի զորահավաքային նախապատրաստական բաժնի պետ Աշոտ Հակոբյանն ու մարզպետարանի աուդիտի բաժնի աշխատակից Վիգեն Խաչատրյանը:
     Հունվարի 20-ին մրցույթին ներկայացել են դպրոցի կառավարման խորհրդի 5 անդամներ, չեն ներկայացել խորհրդի նախագահ Աշոտ Հակոբյանը, Վիգեն Խաչատրյանն ու ԿԳՆ-ի կողմից նշանակված Վարդանաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հակոբ Հովասափյանը: Ըստ վերոնշյալ կարգի՝ մրցույթն իրավազոր է համարվում, եթե մասնակցում են խորհրդի 6 անդամներ:
     ԿԳՆ ներկայացուցիչն արձանագրել է մրցույթի ոչ իրավազոր լինելն ու հետաձգել է 5 աշխատանքային օրով: Հունվարի 27-ին կրկնվել է նույն պատմությունը. կրկին չի ներկայացել դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Հակոբյանը, ու քանի որ մեկ թեկնածու է եղել, գործող կարգի համաձայն՝ հայտարարվելու է նոր մրցույթ:
     Մարզպետների կողմից կիրառվող շատ հայտնի մանիպուլյացիա է, երբ տարբեր պատճառներով, նաև կոռուպցիոն, նրանք ուզում են ազատվել գործող տնօրենից՝ հայտարարելով, ինչպես պարոն Ղահրամանյանն է ասել, տնօրենը չի համապատասխանում այդ պաշտոնին:
     Ի գիտություն պարոն Ղահրամանյանի, նախ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանված է, թե որ դեպքում անձը չի կարող առաջադրվել, ընտրվել դպրոցի տնօրեն, երկրորդ՝ տնօրենի գործունեությունն ուսումնասիրելն ու այդ անհամապատասխանությունն արձանագրելը ԿԳՆ Կրթության տեսչության գործառույթն է, ոչ՝ մարզպետինը:
     Մեկ այլ հարց. ի՞նչ տրամաբանությամբ է մարզպետը դպրոցի կառավարման խորհրդում` որպես տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ, նշանակում մարզի զորահավաքային նախապատրաստական բաժնի պետին, որն էլ, իհարկե իր ցուցումով, դառնում է խորհրդի նախագահ, ինչպե՞ս է այս մարդն ապահովելու դպրոցում ժողովրդավար կառավարումն ու պաշտպանելու երեխաների կրթության շահերը, մի՞թե դպրոցի մանկավարժներից որևէ մեկն արժանի չէր այդ դերակատարմանը: Ակնհայտ է, որ այստեղ էլ ամեն ինչ թելադրվել է մարզպետի կողմից, որպեսզի դպրոցն ամբողջությամբ լինի իր համար վերահսկելի ու կառավարելի: Հարց է ծագում, թե դպրոցի կառավարման խորհրդի նախագահն ու 2 անդամներն ինչու չեն ներկայացել երկու նիստերին էլ, պատասխանն ակնհայտ է՝ մրցույթը տապալելու նպատակով:
     Հ.Գ.
     ՀՀ մարզպետերին, այս դեպքում` ի դեմ Արմավիրի մարզպետի, բոլորովին չի հետաքրքրում կրթության կազմակերպման գործընթացի օրինականությունը, նրանք առաջնորդվում են միայն այլ շահերով:
    
     Անահիտ Բախշյան
     Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

7219 | 0
Facebook