Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ընտրական տեղամասերում մասնագետների տեղերը՝ ԱԻՆ ծառայողներին

20:25, երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
Ընտրական տեղամասերում մասնագետների տեղերը՝ ԱԻՆ ծառայողներին

Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրերս սահմանել է, թե 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններում ընտրողների գրանցման տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետը ինչպիսի մասնագիտական գիտելիքներ ու աշխատանքային ունակություններ պետք է ունենա:
     Համաձայն որոշման հավելվածի` նախնական ընտրությունն իրականացվում է դիմումների տեղեկությունների ուսումնասիրության հիման վրա՝ ըստ համայնքների՝ առավելագույն գործակից ստացողներից։ Գործակիցը հաշվարկվում է Ա1+Ա2+Ա3 բանաձևով, որտեղ՝ Ա1-ը կախված է թեստային առաջադրանքի կատարման արագությունից, իսկ ահա Ա2-ը դիմողին կտա լրացուցիչ 0․5 միավոր, եթե վերջինս հանդիսանում է հանրային ծառայող։ Այսպիսով՝ ստացվում է, որ ընտրությունների ժամանակ մասնագետի աշխատանքի համար դիմողներից հանրային ծառայողները կունենան 0․5 միավորի առավելություն։
     Բավականին դժվար է հասկանալ այս որոշման տրամաբանությունը։ Արդյո՞ք ավելի արդարացի չէր լինի, որպեսզի դիմում ներկայացնող, այսինքն ի սկզբանե ընտրական պրոցեսով հետաքրքրված, բոլոր ՀՀ քաղաքացիների համար լինեին հավասար պայմաններ իրենց ներդրումը ընտրական գործընթացում ունենալու համար։
     Հետաքրքիր է նաև այս բանաձևի Ա3 գումարելին։ Այն փաստացի իրենից պետք է ներկայացնի դիմողի համակարգչից օգտվելու մասին տեղեկություններ։ Ա3-ով որոշվում է, թե դիմողը ինչ հաճախականությամբ է օգտվում համակարգչից։ Համակարգչից ամեն օր օգտվողը կստանա 1 միավոր։ Այստեղ բոլորովին էական չէ, թե համակարգչից ամեն օր օգտվողը ինչի համար է այն օգտագործում։ Այսպիսով, եթե դուք ամեն օր բացում եք Ձեր սոցիալական կայքերի էջերը և գրում Ձեր ընկերներին, ապա ԿԸՀ-ի կողմից կստանաք բաղձալի 1 միավորը։
     Ըստ հավելվածի հաջորդ կետի, առանձին համայնքներում բավարար քանակով դիմումների բացակայության դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մասնագետների թեկնածուների բավարար քանակը կարող է համալրել հանրային ծառայողներով։ Այսինքն՝ անկախ լրացուցիչ տրվող միավորից հանրային ծառայողները կրկին առավելություն ունեն թափուր դիմողների տեղերը լրացնելու հարցում։
     Շարունակելով որոշման հավելվածի ընթերցումը` կարելի է ավելի հստակ հասկանալ, թե որ հանրային ծառայողներն են ավելի գերադասելի մյուսներից։ Մասնավորապես, ԿԸՀ-ն կարող է կազմակերպել և անցկացնել լրացուցիչ ուսուցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (այդ թվում առանձնացված ստորաբաժանումների) ծառայողների հետ և շնորհել մասնագետի որակավորում։
     Այս ամենից կարելի է ենթադրել, որ ԿԸՀ-ի համար ցանկալի մասնագետներ են հանդիսանում ԱԻՆ աշխատակիցներն: Ու թեև ԱԻՆ-ը ընտրությունների հետ կապված վարկաբեկված անցյալ չունի, սակայն փաստենք, որ ԱԻՆ աշխատակիցների մեծ մասը փրկարար ծառայողներ են՝ կրում են ուսադիրներ և ենթարկվում վերադասների հրամաններին:
     Չնայած նրան, որ ընտրական տեղամասերում որպես մասնագետ աշխատող ուժային այդ կառույցի և մյուս բոլոր հանրային ծառայողներին իրենց վերադասները չեն կարող հրամաններ տալ, սակայն հանրային ծառայողների ներգրավումը ընտրական հանձնաժողովների աշխատանքներին պարունակում է որոշակի ռիսկեր:
     Այդպես, օրինակ, նշենք, որ անգամ ընտրակեղծիքներում անձամբ չներգարվվելու դեպքում հանրային ծառայողները կարող են բավականին կաշկանդված լինել իրենց տեսած ընտրակեղծիքների մասին վկայություն տալիս:
    
     Տաթևիկ Վարդանյան

     «Իրազեկ քաղաքացիների միավորում»

8003 | 0
Facebook