Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարո Փայլանին զրկել են ձայնի իրավունքից` ցեղասպանության մասին խոսելու համար». Նաիրա Կարապետյանի ելույթը` ԵԽԽՎ-ում

20:25, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
«Կարո Փայլանին զրկել են ձայնի իրավունքից` ցեղասպանության մասին խոսելու համար». Նաիրա Կարապետյանի ելույթը` ԵԽԽՎ-ում

Ինչպես կարելի է գնահատել Թուրքիայի պատգամավոր հայազգի Կարո Պալյանին ձայնի իրավունքից զրկելը` միմիայն այն պատճառով, որ նա հայտնի պատմական զանգվածային սպանությունները անվանել է Ցեղասպանություն:
     ԵԽԽՎ-ում այսօրվա ելույթս:
     Այս նստաշրջանի քննարկումների հիմնական թեման կարծես թե լրագրողների նկատմամբ իրականացվող ճնշումներն ու բռնություններն են, և ես նույնպես կուզենայի արտահայտել իմ խորին մտահոգությունը նման երևությների վերաբերյալ: Այն ծանր աշխատանքը, որ նրանք են կատարում միմիայն բարձր գնահատականի և հարգանքի է արժանի, չէ որ հասարակական բազմակարծությունը և ժողովրդավարությունը երկրում ձևավորվում է հենց նրանց աշխատանքի շնորհիվ: Ազատ խոսքը և ազատ կամարտահայտման իրավունքը մի արժեք է, որով մենք պետք է հպարտանանք:
     Այս տարի հունվարի 19-ին լրացավ անվանի հայ-թուրքական մտավորական Հրանտ Դինքի հրեշավոր սպանության 10 տարին: Նա սպանվել էր 2007 թվականին 17-ամյա մի թուրք ազգայնականի կողմից, գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ ցուցադրվեց վավերագրական ֆիլմ, որտեղ Դինքը խոսում էր Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտման, ինչպես նաև իր հանդեպ հետապնդումների մասին:
     Մարդասպանի դատավարությունը այդպես էլ չբացահայտեց, թե ինչն է ոգեշնչել այս պատանուն: Երկար տարիներ տևած այս հետաքննությունը մասնակիորեն նշեց, որ քաղաքական տարբեր զարգացումներ այնուհանդերձ ունեցել են իրենց ազդեցությունը, բայց և այդպես էլ չտվեց կոնկրետ պատասխաններ` ով և ինչու:
     Մենք իհարկե հիշում ենք, որ Հրանտ Դինքը պարբերաբար պիտակավորվում և անգամ հետապնդվում էր Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ունեցած իր կարծիքի համար:
     Ցավոք, Թուրքիան այժմ էլ` Դինքի սպանությունից 10 տարի անց ճշմարտություն և արդարադատություն փնտրող մարդկանց ձայներ լռեցնելու նույնանման գործիքներն է օգտագործում: Այլապես ինչպես կարելի է գնահատել Թուրքիայի պատգամավոր հայազգի Կարո Պալյանին ձայնի իրավունքից զրկելը` միմիայն այն պատճառով, որ նա հայտնի պատմական զանգվածային սպանությունները անվանել է Ցեղասպանություն: Մեզ են հասել անգամ տեղեկություններ, որ որոշ քաղաքական կուսակցություններ ցանկանում են քրեական գործ հարուցել իր հրապարակային խոսքով ատելություն սերմանելու համար:
     Ես խորապես համոզված եմ, որ լրագրողների, հասարակական գործիչների, մտավորականների հանդեպ հետապնդումների, բռնությունների, անգամ սպանությունների խնդրի լուծումից հրաժարվելը ստեղծում է անպատժելիության մտնոլորտ, ինչ իր հերթին հանգեցնում է անհանդուրժողականության անկառավարելի տարածմանը:
     Այսօր մենք մերժեցինք Թուրքիայի խնդրի հրատապ քննարկումը: Հավատացեք, մենք պարարտ հող ստեղծեցինք նորանոր բռնությունների, նորանոր հարձակումների, նորանոր ձեռբակալությունների և նորանոր հետապնդումների համար: Եվ տա Աստված, ես սխալվեմ: Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունը պարտավոր է պահպանել ստանձնած պարտականությունները, և իշխանական կարծիքից տարբերվող կարծիք ունեցող լրագրողների, պատգամավորների, ցանկացած այլ մարդկանց լռեցնելը բացարձակապես անընդունելի է:

20864 | 0
Facebook