Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ընդդիմության անվան տակ հանդես եկողների մեծամասնությունն իրականում «իշխանությունների գրպանի» ընդդիմություն է». Ալեք Ենիգոմշյան

13:40, երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
«Ընդդիմության անվան տակ հանդես եկողների մեծամասնությունն իրականում «իշխանությունների գրպանի» ընդդիմություն է». Ալեք Ենիգոմշյան

«Մենք միշտ համարել ենք, որ այս վարչախմբի օրոք ընտրություն ասվածը խեղկատակություն է, եթե ոչ` ողբերգություն մեր երկրում, հետևաբար, մենք` թե´ «Հիմնադիր խորհրդարանը», թե´ «Սասնա ծռեր» շարժումը, ոչ մի ակնկալիք չունենք այս ապրիլին նշանակված ընտրություններից: Նույն հիմնավորումներով մենք մասնակցելու մտադրություն անգամ չունենք: Այն դաշինքները, որոնք ձևավորվում են, այն անհատներն ու այն անունները, որոնց մասին անցած տարիներին շատ քիչ է լսվել կամ նույնիսկ շատ է լսվել, այս նախընտրական փուլում շտապում են խմբավորումներ և դաշինքներ կազմել, որպեսզի գալիք խորհրդարանում ապահովեն իրենց ներկայությունը: Դա արդեն օրինաչափ է դարձել յուրաքանչյուր 4 տարին մեկ: Նշանակված «ընտրություններով» պայմանավորված` նրանք փորձում են տեղ գտնել այդ տանիքի տակ` անկախ այն բանից` ընդդիմությո՞ւն են ներկայանում, թե՞ ոչ: Բնականաբար, մեր մոտեցումը դրական չէ այս գործընթացներին»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` խոսելով խորհրդարանական առաջիկա ընտրություններին ձևավորված դաշինքների, ասպարեզ եկած քաղաքական տարբեր գործիչների մասին, կարծիք է հայտնել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:
     Նրա խոսքով, ոչ մի տեսակի ընտրություններով իրավիճակ փոխել հնարավոր չէ, դրան պետք է հասնել «ակտիվ բոյկոտի» և «ակտիվ անհնազանդության» ճանապարհով միայն:
     Դիտարկմանը, թե շատերն իրենց ընդդիմություն են հռչակում, սակայն վերապահումով են իշխանափոխության կոչեր հնչեցնում, պատասխանեց, որ ընդդիմությունը կամ ընդդիմության անվան տակ հանդես եկողների մեծամասնությունն իրականում «իշխանությունների գրպանի» ընդդիմություն է` ուղղակի կամ անուղղակի ձևով: «Ուստի, այդ տանիքի տակ տեղ գրավելու համար նրանց անհրաժեշտ է ունենալ հենց այս վարչախմբի և պարագլխի համաձայնությունը: Եթե իրենք շատ խիստ հայտարարություններով հանդես գան, իրենց տեղ չի տրամադրվի այնտեղ: Այդ պատճառով էլ` իրենք համաձայնեցրած սահմանների մեջ են հանդես գալիս»,- նշել է նա:

3044 | 3
Facebook