Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Փոփոխությունները նախաձեռնված են արցախյան հակամարտության կարգավորման ներկայիս սցենարի իրագործումը դյուրացնելու համար». Արման Մելիքյան

17:25, երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
«Փոփոխությունները նախաձեռնված են արցախյան հակամարտության կարգավորման ներկայիս սցենարի իրագործումը դյուրացնելու համար». Արման Մելիքյան

Փետրվարի 20-ին ԼՂՀ-ում հանրաքվեի է դրվելու առաջարկված նոր Սահմանադրությունը, որով նախատեսվում է անցում կատարել նախագահական կառավարման համակարգին: Ի սկզբանե, երբ Արցախում նախաձեռնվեց իրականացնել սահմանադրական բարեփոխումներ, սպասվում էր, որ իշխանությունների կողմից կընտրվեր կառավարման խորհրդարանական համակարգը, սակայն, ի վերջո, որոշում կայացվեց անցումը նախագահական համակարգի:
     MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչը կարող էր պատճառ հանդիսանալ նման կտրուկ շրջադարձի, և թե, ըստ նրա, ինչո՞ւ Արցախի իշխանություններն ընտրեցին նախագահական կառավարմանն անցնելու մոդելը, նշեց` առավել հավանական է, որ փոփոխությունները նախաձեռնված են արցախյան հակամարտության կարգավորման ներկայիս սցենարի իրագործումը դյուրացնելու համար: «Ես այդ մասին այդ գործընթացների ծավալման սկզբում էի խոսել: Եթե խնդիրն այս տեսանկյունից ենք դիտարկում, ապա խորհրդարանական համակարգի միջոցով լղոզվել է հնարավոր հողատու զիջումների համար ՀՀ նախագահի աթոռն զբաղեցնող անհատի առայժմ առկա անձնական պատասխանատվությունը՝ այն տարրալուծված կլինի նախապես դրան պատրաստ խորհրդարանական մեծամասնության անդամների բազմության մեջ: Կասվի նաև, որ վերջնական խոսքն, ամեն դեպքում, պաշտոնական Ստեփանակերտինն է, ուր գործող նախագահի լիազորություններն էլ այնչափ մեծ կլինեն, որ նա, ձև անելով, թե ժողովրդի ֆիզիկական գոյությունը ՀՀ իշխող վերնախավի «դավաճանության» պայմաններում միայն հողատու դառնալով կարող է փրկել: Այդ սահմանադրական փոփոխությունների այլ հիմնավոր պատճառ չկար ոչ ՀՀ-ում, ոչ ԼՂՀ-ում»:
    
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում կարծիքներին, որ Բակո Սահակյանն այսպիսով ապահովում է իր հետագա պաշտոնավարումը, Ա. Մելիքյանը նկատեց. «Այդ երկարաձգումը կարող է դառնալ հիմնական նպատակի իրականացումն ապահովող միջոց, իսկ թե ինչպիսի որոշում կկայացնի այդ առնչությամբ Արցախի գործող նախագահը՝ դա կլինի պարոն Սահակյանի բացառապես անձնական ընտրությունը: Թեև վստահ էլ չեմ, որ նրան նման հարցում ընտրության իրավունք է վերապահված լինելու:
    
ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նույնպես մեկնաբանեց այն կարծիքները, որ անցումը նախագահական կառավարման համակարգին միտված է Բակո Սահակյանի պաշտոնավարումը երկարաձգելուն. «Գիտեք, ամեն ինչ որշում է ժողովուրդը: Սա մոդելի փոփոխություն է, ոչ թե անհատների ինչ-որ խնդիրների: Կգա ժամանակը և ժողովուրդը կորոշի: Ես չեմ կարծում, որ ճիշտ է նման որակումներ անելը: Դա կառավարման մոդելի փոփոխություն է և, ի վերջո, վերջնական «այո»-ն կամ «ոչ»-ն ասելու է ժողովուրդը»:
    
Նշենք, որ խորհրդարանականից «ուժեղացված» նախագահականին անցումը «մութ» է մնացել հատկապես Արցախի ՀՅԴ խմբակցության համար: ՀՅԴ-ական Վահրամ Բալայանը նշել է, որ իր կուսակիցների համար նույնպես հարց է մնացել, թե ինչի հետևանք էր դա, և թե ինչու խորրհրդարանում իշխանություն ներկայացնող ուժերն ընտրեցին նախագահական համակարգը: Վերջինի խոսքով՝ իրենց համար ընդունելին մնում է խորհրդարանական մոդելը, որը հնարավորություն կտա տնտեսությունը զարգացնել և ժողովրդավարությունը մեծացնել:
     ԼՂՀ Ազգային ժողովի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է արել` տեղեկացնելով, որ իրենք ձևավորել են հանրաքվեի շտաբ և քարոզելու են սահմանադրական փոփոխությունների նախագծի դեմ: Ավելի վաղ, ԱԺ-ում, իր ելույթի ժամանակ, հիմնավորելով, թե ինչու պետք է դեմ քվեարկել այդ նախագծին, պատգամավորն ասել էր. «Մեր կուսակցության տեսակետը հենց սկզբից բացասական է եղել սահմանադրական փոփոխությունների նկատմամբ: Մեր բացասական վերաբերմունքը մի քանի պատճառներ ունի, որոնցից առաջինն այն է, որ սովորաբար, զարգացած ժողովրդավար պետություններում Սահմանադրությունը փոխում են իշխանության վերարտադրության համար: Այսօր արդեն մենք կարող ենք ասել, որ Սահմանադրությունը փոխվում է մեկ անձի վերարտադրության համար»:

3002 | 0
Facebook