Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

Մտավորականները պահանջում են անհապաղ փոխել ԱԺ ընտրությունների օրը

12:35, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
Մտավորականները պահանջում են անհապաղ փոխել ԱԺ ընտրությունների օրը
     «Հոգևոր Հայաստան» նախաձեռնող խումբը բաց ուղերձ է հղել ՀՀ իշխանություններին, ՀՀ կուսակցություններին`
     2017-ի ԱԺ ընտրությունների օրը` ապրիլի 2-ը, տեղափոխել մեկ այլ օր: Նշենք, որ այս թեման համացանցում լուրջ քննարկման առարկա է դարձել: Օրերս էլ MAMUL.am-ը հարցում էր անցկացրել` պե՞տք է արդյոք ընտրությունների օրն` ապրիլի 2-ը, տեղափոխել մեկ ուրիշ օր թեմայով:
     «Հոգևոր Հայաստան» նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրությունում ասվում է.
     «Հարգելի հայրենակիցներ, 2016թ. ապրիլի 1-ից 4-ը տեղի ունեցած քառօրյա պատերազմը հրաշեկ լիցքով անցավ ամեն հայի սրտով: Պատերազմը փաստեց նոր իրողություններ, որոնք մեզ ստիպեցին վերագնահատել վերջին 20 տարում ձևավորված բազում համոզմունքներ: Այդ օրերին մենք տեսանք, թե ինչպես դրսևորվեցին երիտասարդ հայ սերնդի բացառիկ ոգեղեն հատկանիշները, ու երևաց հայրենիքի հանդեպ՝ աշխարհասփյուռ հայ ժողովրդի սիրո միահամուռ ալիքը: Նշենք, որ ռազմական գործողություններն անսգող ուրվագծեցին նաև այն հանցանքներն ու թերացումները, որոնց պատճառով մենք ունեցանք պայծառ հայորդիների անդառնալի կորուստներ: Զոհված հայ հերոսների վիշտը սգաց համայն ազգը և այն թողեց մոխրացած կետ ամեն հայի սրտում: Այս տարի ապրիլ ամսի սկզբին տարելիցն է մեր կյանքի այդ դրամատիկ ջրբաժանի, սակայն պարզվում է, որ ապրիլի 2-ին նշանակված են ԱԺ համապետական ընտրություններ: Փաստորեն պետական ինստիտուտի որոշումը կարող է վարագուրել հազարավոր անձնուրաց հայրենասերների հերոսությունը, քանի որ արդեն տասնամյակներ շարունակ ընտրական գործընթացները մեզանում վերը նշված ողջ դրականի ուղղակի հակադրությունն են և բացասականի գերխտացումը: Ժողովրդի հիշողության մեջ դրանք նույնանում են արդարացիության խախտման, ազգի ոգեղեն էությունը կոտրելու, միասնականությունը բզկտելու և իրար առճակատելու արատավոր երևույթների հետ: Դա մեր խորին համոզմամբ՝ արհամարհական վերաբերմունք է մեր սուրբ նահատակների հիշատակի հանդեպ: Վերը բերվածից ելնելով՝ «Հոգևոր Հայաստան»-ը պահանջում է անհապաղ տեղափոխել ընտրությունների օրը այնպես, որ որևէ կերպ այդ ժամկետը չնույնականանա քառօրյա պատերազմի հետ»:
    
     Հասմիկ Պապյան - օպերային երգչուհի,
     Խաչիկ Չալիկյան - ռեժիսոր, դրամատուրգ
     Եղիշե Պետրոսյան - երգահան, երաժիշտ
     Ռուբեն Կարապետյան - պատմական գիտությունների դոկտոր,
     ՀՀ դեսպան Վարդան Խաչատրյան - պատմաբան,ԵՊՀ դասախոս
     Արեգ Նազարյան - «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր, «Կիլիկիա» նավի նավապետի ավագ օգնական
     Արթուր Սարգսյան - «Հաց բերող»
5171 | 2
Facebook