Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

96 տարի առաջ այս օրը ծնվել է հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը

13:05, կիրակի, 22 հունվարի, 2017 թ.
96 տարի առաջ այս օրը ծնվել է հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը
     «Ամենամեծ դատավորը մեր ժողովուրդն է: Ժողովրդին ոչ մի բանով չես կարող խաբել: Շատ վախտ գործ ես գրում, քեզ թվում է, որ պիտի լավ լինի, բայց վերջին խոսքը ասում է ժողովուրդը: Եթե ժողովրդին երգը դուր չի եկել, ուրեմն մեծ սիրտ չես դրել այդ գործի մեջ»:
     Առնո Բաբաջանյան
    
     Այսօր` հուվարի 22-ին, հայ մեծ կոմպոզիտոր, դաշնակահար, Հայաստանի և Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի 96-ամյակն է:
     Առնո Բաբաջանյանը հայկական երաժշտարվեստի ամենաինքնատիպ դեմքերից է, երգի նշանավոր վարպետ: Նա Երևանից էր, նրա մանկությունն ու պատանեկությունն իր իսկ խոսքերով անբաժանելիորեն կապված էին նոր Երևանի կազմավորման, քաղաքի ինքնահաստատման հետ: Երևանում է ձևավորվել ապագա երաժշտի գեղարվեստական խառնվածքը, սկզբնավորվել և տարիների ընթացքում խորացել ազգայինի իր ըմբռնումը: Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։
Բաբաջանյանը` ծնողների հետ
Բաբաջանյանը` ծնողների հետ

    
     Որպես դաշնակահար` աչքի է ընկել հատկապես իր ստեղծագործությունների կատարմամբ: Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է հանրահայտ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ:
     Մի առիթով Բաբաջանյանը նշել է. «Ակամա հիշում եմ Արամ Խաչատրյանին։ Երբ մենք երիտասարդ կոմպոզիտորներ էինք, նա ասում էր. «Տղանե՛ր, սիրե՛ք ձեր ժողովրդական երաժշտությունը։ Միշտ օգտագործե՛ք այն։ Դա ձեզ կառանձնացնի մյուսներից։ Դուք ինքնաբավ կլինեք, եթե իհարկե դուք նաև ինքնաբավ տաղանդ ունեք»։ Նա միշտ կրկնում էր դա։»
Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հետ
Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հետ

    
    

Մեծ ժողովրդականություն են վայելում «Էլեգիա», «Հայկական ռապսոդիա» (համահեղինակ՝ Ալեքսանդր Հարությունյան), «Նոկտյուրն» գործերը:
     Կոմպոզիտորի բացառիկ տաղանդը խոր զգացմունքայնությամբ դրսևորվել է նաև նրա երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլ երգեր: Գրել է նաև երաժշտություն թատրոնի և հայկական կինոնկարների համար՝ «Հասցեատիրոջ որոնումները», «Հարսնացուն հյուսիսից», «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Երջանկության մեխանիկան»:

Առնո Բաբաջանյան` «Նոկտյուրն»

«Նոկտյուրնը» ես ստեղծել եմ որպես երգ։ Եվ մտածեցի, արի ես ինքս այն երգեմ՝ ոչ թե ձայնով, այլ մատներով։ Ռոյալի վրա։ Դա երգ էր առանց բառերի։ Բառերն իհարկե հզոր բան են։ Բայց երգն ինքն իրենով պետք է անկախ լինի դրանցից։ Տեսեք Մենդելսոնը առանց բառերի հիանալի երգեր ունի։ Պատճառն այն է, որ երաժշտության որակն իրական է։
     «Կյանքիս մեծ մասը ես ապրել եմ Ռուսաստանում։ Մոտ 40 տարի։ Եվ մինչև հիմա իմ հայկական արտասանությունը չի փոխվել։ Նման հայկական ակցենտ կա նաև իմ երաժշտության մեջ։ Հայկական շունչ»,- խոստովանել է մեծ կոմպոզիտորը:
    

Բաբաջանյանը մահացել է 1983 թվականին Մոսկվայում:
     Երևանում Բաբաջանյանի անունով կոչվել են Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, փողոց, երաժշտական ուսումնարան, 2003 թվականին կանգնեցվել է հուշարձանը:

9942 | 0
Facebook