Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Բազարային հարաբերությունների մեջ հնարավոր չէ կազմակերպել արդար ընտրություն». Արշակ Սադոյան

17:30, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
«Բազարային հարաբերությունների մեջ հնարավոր չէ կազմակերպել արդար ընտրություն». Արշակ Սադոյան

MAMUL.am-ի թղթակցի զրուցակիցն է Հանրային խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը:
    
    
- Պարոն Սադոյան, խորհրդարանական ընտրությունների գնացող նորաստեղծ դաշինքների վերաբերյալ Ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է: Որոշներն իրենց ընդդիմություն են հռչակում, սակայն հստակորեն չեն հայտարարում իշխանափոխություն անելու մասին:
    
    
- Իմ կարծիքով, երևան եկած քաղաքական ուժերը, որոնք, այսպես ասած` հայտեր են ներկայացրել, իրականում որևիցե լուրջ քաղաքական, գաղափարական նոր մոտեցումներ չեն առաջարկում: Բոլորը մեծ-մեծ խոսում են, որ անհրաժեշտ է համակարգային փոփոխություններ, որ այսպես այլևս շարունակել չի կարելի, որ պե´տք է, անհրաժե´շտ է, բայց, թե ի՞նչ անել, ո՞նց անել, ի՞նչ ուղղությամբ և թե իրենք որքանո՞վ են պատրաստ հանուն իրենց առաջարկած մոտեցումների, գաղափարների մտնել կամ չմտնել իշխանություն, կամ, այսպես ասած, հաղթող կուսակցության ներքո` համագործակցության մեջ, որևէ խոսք չի ասվում: Տպավորություն է, թե որոշ մարդիկ, որոնք շատ են ցանկանում գոնե ընդդիմադիր դաշտում մասնաբաժին ուենենալ, միավորվել են` պառլամենտ խցկվելու համար: Տպավորությունը քանի գնում ուժեղանում է: Ավելի վտանգավոր մի կողմ էլ կա, այն, որ ընդհանուր առմամբ, այսպես կոչված` «ժողովրդավարության շղարշ» կամ օբյեկտիվ ընտրություններ ստեղծելու տեսակետից, այս խաղը կարող է ազդեցություն ունենալ նաև արտաքին աշխարհի այն ուժերի նկատմամբ, որոնք հետևողականորեն փորձում են պարտադրել, որ մենք գնանք զարգացման ճանապարհով: Ցավալի է իրավիճակը առավել ևս, երբ տեսնում ես, որ փորձ չի արվում «ելք»-ի ուղղությունները մատնանշել: Երբ որ մեկն ասում է` այսպես հանրավոր չէ այլևս շարունակել, մեկը չի հարցնում` լավ, իսկ ի՞նչ եք առաջարկում: Եվ ոչ ոք այս հարցին կոնկրետ չի պատասխանում: Այն ուժերը, որոնք այնքան էլ հնարավորություն չունեն մտնելու «շուկայական» քաղաքականություն, քանի որ ընտրությունները վաղուց դարձել են փողի պայքար և այս պայմաներում, երբ որ մենք առաջարկում ենք կոնկրետ լուրջ քաղաքական քայլեր ձեռնարկել, փորձել ստեղծել աշխարհով 11 մլն հայերի համար ուժեղ պետություն, ոչ ոք դրան չի արձագանքում: Պարզ է դառնում, որ նրանք միայն աթոռակռիվ են տալիս:
    
     - Կարծում եք Ծառուկյանը կեղծ ընդդիմությո՞ւն է խաղում, ազնիվ մղումներով չէ՞ ասպարեզ եկել, այլ կերպ ասած` իշխանության ծրագի՞րն է առաջ տանում, հատկապես, երբ նրա հայտարարությունից հետո շատերին մեկ հարց է հետաքրքրում` ինչու ոչ մի խոսք չի ասել իշանափոխության մասին: Ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ:
    
    
- Ճիշտն ասած, չեմ վերլուծել նրա հայտարարությունը: Ակնհայտորեն երևում է, որ այն, ինչ ասել է` մի բան ասելու համար է ասել: Օրինակ` ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ: Պատկերացնո՞ւմ եք, եթե Ծառուկյանն իրոք հստակ ճանապարհ մատնանշի (ես շատ կասկածում եմ, որ նա կարող է նման բան ասել): Կամ` ինչպե՞ս օրինակ արդյունավետ կառավարել երկիրը, ինչպե՞ս պետք է լինի դրա շուրջ համագործակցությունը: Ես հիմա հարց եմ տալիս` Գագիկ Ծառուկյանը, մյուսները, ՀԱԿ-ը, որևէ հստակ բան ասո՞ւմ են վերոնշյալ հարցադրման մասին: Ինչպիսի՞ն պետք է լինի մեր էներգետիկայի զարգացման ծրագիրը Հայաստանում, ի՞նչ կախվածության մեջ մենք պետք է լինենք ռուսական գազից, Հայաստանն ի՞նչ պետք է անի, որ թեկուզ խղճուկ տրամագծով գազամուղով Իրանի հետ հարաբերություններ կառուցի: Ի՞նչ պետք է արվի ԵՏՄ-ի հետ, որովհետև նա մեզ միայն հետ է պահում և ոչ թե առաջ մղում…:
    
     - Այնուամենայնիվ, իշխանությունը հավաստիացնում է, որ ընտրությունները կարևոր են լինելու և տարբերվող: Կարծում եք, գործի չե՞ն դրվի փորձված հնարքները` ձայները կեղծելու ուղղությամբ:
    
    
- Այս ընտրությունները տարբերվելու են նախորդներից ակնհատ է, որովհետև, Հայաստանում, վերջիվերջո, տեղի ունեցավ արմատական փոփոխություն. չէի ասի դրական ուղղությամբ, բայց արմատական փոփոխություն: Մենք գնում ենք, այսպես ասած, դեպի խորհրդարանական Հանրապետություն: «Նախագահականին» սահմանդարությամբ, ոնց որ թե վերջ տվեցինք, հիմա պառլամենտական ենք դառնում, ինչն արդեն կարևոր է: Մյուս կողմից ակնհայտ է դառնում մեկ ուրիշ բան` այս պառլամենտականը լինելու է մոտավորապես կրկնությունն այն իշխանական կառույցների, որոնք պառլամենտը ձեռք բերելով դառնում են հավերժ ղեկավարող: Միգուցե իսկապե՞ս լինելու են արդար ընտրություններ, սակայն, հստակ է, որ արդար ընտրություններ կազմակերպել մանավանդ այս «բազարային» հարաբերությունների մեջ, հնարավոր չէ: Տվյալ պայմաններում, այդուհանդերձ, որոշակի լուրջ փոփոխություններ կան: Ես կարծում եմ` դրանք ավելի շատ դրական են, որովհետև թագավորական (ոչ թե նախագահական) համակարգի փոփոխությունները բոլոր դեպքերում դրական կարող են լինել:
    
     - Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ ապրիլի 2-ին հնարավոր է` տեսախցիկներ չլինեն ընտրատեղամասերում: Այստեղ միտում տեսնո՞ւմ եք:
    
    
- Բնական է, որ տեսախցիկների առկայությունը շատերին խանգրելու էր և դրա հետ կապված բարդություններ են ստեղծում` կապելով այն ֆինանսների բացակայության հետ: Իսկ եթե ընդդիմադիրները լուրջ ընդդիմադիրներ լինեին, կմիավորվեին և իրենց հնարավորություններով տեսախցիկներ կտեղադրեին: Օրինակ, ԲՀԿ-ի համար դա ի˜նչ մեծ բան է: Եթե արդարություն են ուզում` թող իրենք տեղադրեն իրենց տեսախցիկները:

3417 | 0
Facebook