Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելառուսը բլոգեր Լապշինին Արցախ այցելելու համար Բաքվին արտահանձնելու որոշում է կայացրել

14:55, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
Բելառուսը բլոգեր Լապշինին Արցախ այցելելու համար Բաքվին արտահանձնելու որոշում է կայացրել

Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:
     Որոշում է կայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 (պետությունների դեմ հրապարակային կոչեր) և 318.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկել բլոգերին:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ ներկայացնելով նաև կայացրած որոշման քաղվածքը:

Նշենք, որ հայտնի բլոգերը Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում», ապա 2-րդ անգամ էր այցելել Բաքու՝ ուկրաինական անձնագրով: Լապշինը նաև իր բլոգում հրապարակումներ էր կատարել Ադրբեջանի մասին` ներկայացնելով խնդիրները, որոնց ինքը բախվել էր այցելության ժամանակ, քննադատել այդ երկրի քաղաքականությունը:

Դատարանի որոշման քաղվածքի համաձայն` Լապշինը մեղադրվում է նրա համար, որ «նախնական հանցավոր համաձայնություն է ձեռքբերել անհայտ անձանց հետ, կազմավորել է հանցախումբ և առանց անձը հաստատող փաստաթղթի, անօրինական հատել է Ադրբեջանի պետական սահմանը: Ապօրինաբար հատելով Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը` Լապշինը հրապարակային կոչեր է հնչեցրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ՝ դրանք զետեղելով իր բլոգում»:

Բելառուսի դատախազությունը արտահանձման որոշումը հիմնավորել է հետևյալ կերպ. Արտահանձնումը տեղի է ունենում, երբ քրեական պատասխանատվության ենթարկելու համար կան բավարար հիմքեր, երբ կատարված հանցանքը քրեորեն պատժելի է և ենթադրում է նվազագույնը մեկ տարվա ազատազրկում:

«Ալեքսանդր Լապշինը Բելառուսի Հանրապետության քաղաքացի չէ: Սակայն Ադրբեջանի Հանրապետությանը նրան արտահանձնելու խոչընդոտներ Ադրբեջանի և Բելառուսի օրենսդրությամբ չկան: Ուստի որոշում է կայացվել բավարարել Ադրբեջանի Հանրապետության խնդրանքը Ադրբեջանին արտահանձնելու մասին»,- ասված է որոշման մեջ:

Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը կարող է բողոքարկվել Մինսկի քաղաքային դատարան՝ 10-օրյա ժամկետում։

Այս որոշումը դեռ չեն տրամադրել Ալեքսանդր Լապշինի փաստաբաններին, հայտնել է Արա Զոհրաբյանը։ «Փաստաբանների պալատի կողմից ստեղծված աշխատանքային խումբը աշխատում է այս հարցով և իր հնարավորությունների սահմաններում մասնագիտական օժանդակություն կցուցաբերի Լապշինին։

Ալեքսանդր Լապշինը մեր պաշտպանության կարիքն ունի։
     Բոլոր իրավաբան և լրագրող գործընկերներիս կոչ եմ անում միանալ Ալեքսանդր Լապշինի պաշտպանությանը»,- գրել է Զոհրաբյանը:

3811 | 4
Facebook