Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քանի դեռ բանկերը չեն ապահովվել տեխզննման կտրոններով, ոչ մի վարորդ չի տուգանվելու». Էդուարդ Հովհաննիսյան

14:45, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
«Քանի դեռ բանկերը չեն ապահովվել տեխզննման կտրոններով, ոչ մի վարորդ չի տուգանվելու». Էդուարդ Հովհաննիսյան

Մամուլում տեղեկություններ կան, որ վերջին օրերին վարորդները չեն կարողանում ձեռք բերել տեխզննման կտրոններ: Պատճառը` բանկերում այդ կտրոնների բացակայությունն է։
     Հիմնական պատասխանատուն ֆինանսների նախարարությունն է, որն, ըստ ՀՀ ճանապարհային ոստիկանության տրամադրած տվյալների, համապատասխան թվով տեխզննման կտրոններ է տպագրում:
     ՃՈ պատասխանատուն արդեն հայտարարել է, որ այս խնդրում իրենց գերատեսչության մեղավորությունը գրեթե չկա, քանի որ իրենց գործառույթը զուտ վարչարարություն կիրառելն է:
     MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, որ ծանոթ է խնդրին, սակայն ոչինչ անել չի կարող, հարցի լուծումը ֆինանսների նախարարության տիրույթում է. «Խնդիրը նրանում է, որ նախարարությունը բոլոր բանկերին չի ապահովել այդ կտրոններով, քանի որ քիչ են տպել»:
     Հարցին, թե դեռևս նախորդ ամիս Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, որ տեխզննման կտրոնները վերանալու են, և արդյոք ինչի՞ հետ է դա կապված, Է. Հովհաննիսյանն ասաց. «Նրանք միայն ասում են, բայց նման քայլեր դեռ չկան… Եթե դեռ նոր նախագիծ է մշակվում այդ ուղղությամբ, ինչպե՞ս կարող են վերացնել»:
     «Աքիլլես» ՀԿ-ի ղեկավարը նշեց, որ քիչ առաջ ՃՈ-ից տեղեկություն է ստացել` քանի դեռ բանկերը չեն ապահովվել տեխզննման կտրոններով, ոչ մի վարորդ չի տուգանվելու:
     Հիշեցնենք` 2016-ի դեկտեմբերի 19-ին Տրանսպորտի և կապի նախարարը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ տեխզննման կտրոնները վերանալու են: Փոխարենը` Ճանապարհային ոստիկաններն օն-լայն են հետևելու` ավտոմեքենաներն անցե՞լ են արդյոք տեխզննում, թե պարզապես գնել են կտրոնը:
    
     Հավելենք, որ ավելի ուշ Ֆինանսների նախարարությունը խնդրի վերաբերյալ հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ 2016 թվականի տարեվերջում ապահովել է տեխզննության կտրոնների լրացուցիչ խմբաքանակի տպագրության պատվիրումը և բանկերին տրամադրումը: «Հաշվի առնելով, որ խնդրի վերաբերյալ դեռևս առկա են հրապարակումներ և առաջնորդվելով մեր համաքաղաքացիներին ավելորդ բարդություններից զերծ պահելու և պատշաճ ծառայություններ մատուցելու սկզբունքով՝ ֆինանսների նախարարությունը հայտարարում է, որ եթե կլինեն դեպքեր, երբ բանկերը չեն տրամադրի տեխզննության կտրոններ՝ դիմել ՀՀ ֆինանսների նախարարության թեժ գիծ (37411 800188)՝ ներկայացնելով հստակ տվյալներ, թե երբ և որ բանկի, որ մասնաճյուղից է ստացվել կտրոն ձեռք բերելու մերժումը, ինչ է պատճառաբանվել»,- ասված է հաղորդագրությունում:

2357 | 0
Facebook