Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրանտ Դինքի սպանությունից անցել է 10 տարի

12:15, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
Հրանտ Դինքի սպանությունից անցել է 10 տարի
     10 տարի առաջ հունվարի 19-ին Շիշլիում գտնվող «Ակոս» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից մահացավ Հրանտ Դինքը:
     Հրանտ Դինքը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 15-ին Մալաթիայում: Նա պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն էր, Թուրքիայի մտավորականերից մեկն, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։ Հրանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող հայ մտավորականներից, ով, չնայած նրան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միևնույն է միշտ իր մտահոգություններն էր հայտնում թուրքերի և հայերի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ: Հայոց ցեղասպանության հարցում հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին՝ ըստ որի՝ տեղի ունեցածը պատերազմական ժամանակների բախումների հետևանք էր և ոչ թե նպատակային կոտորած, Դինքը բազմիցս հալածվել է. 2005 թ. դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության։ «Կան թուրքեր, ովքեր չեն ընդունում, որ իրենց նախնիները ցեղասպանություն են գործել։ Սակայն, եթե նայենք, կհասկանանք, որ այդ մարդիկ ուղղակի բարի, հաճելի մարդկանց տպավորություն են թողնում... Բայց ամեն դեպքում ինչո՞ւ նրանք չեն կարողանում ընդունել ցեղասպանությունը։ Որովհետև նրանք կարծում են, որ ցեղասպանությունը վատ բան է, որ նրանք երբեք չէին ցանկանա անել դա և այդ իսկ պատճառով նրանք չեն կարող հավատալ, որ իրենց նախնիները կարող էին կատարել նման բան»,- ասել է Դինքը։
     Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում և արտերկրում։ «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ ի պաշտպանություն Դինքի։ 2005 թվականին Դինքն արժանացել է Թուրքիայի՝ Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության՝ Խոսքի և խղճի ազատության ամենամյա, 2006 թվականին՝ Գերմանիայի «Շտեռն» ամսաթերթի հիմնադիր Հենրի Նաննենի՝ Մամուլի ազատության և լրագրողական խիզախության, Նորվեգիայի՝ Մարդու իրավունքների պաշտպանության Բյոռնսի անվան, 2007 թվականին՝ հետմահու՝ ՀՀ նախագահի և այլ մրցանակների։
     2007 թ. ստեղծվել է Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամ, որի ջանքերով լույս է ընծայվել նրա «Երկու հարևան ժողովուրդներ» գիրքը։ Հիմնադրամն ամեն տարի սեպտեմբերի 15-ին՝ Դինքի ծննդյան օրը, կազմակերպում է միջազգային մրցանակաբաշխություն։
     Դինքի անունով Ֆրանսիայի Մարսել քաղաքում կոչվել է փողոց, իսկ Փարիզում՝ դպրոց։
     2007 թ. հունիսին ՀՀ նախագահի կողմից Հրանտ Դինքին շնորհվում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ:
     Նրա սպանությունը կազմակերպման մեջ մեղադրվում է «Էրգենեկոն» ազգայնական կազմակերպությունը։
     Հրանտ Դինքի սպանությունից 10 տարի անց, սյունակագիր Ումիթ Քըվանչը ներկայացրել է նրա սպանության գործով դատական գործընթացի ներկա փուլը: Հոդվածը հրապարակվել է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ում. «Առաջին արգելքը երկրում ստեղծված միջավայրն է, որտեղ իսպառ բացակայում են օրենքներն ու արդարությունը: Երկրորդը` իշխանությունների կողմից Հրանտ Դինքի սպանությունը միայն գյուլենականների վրա բարդելու ջանքերն են: Երկար տարիներ բոլորս պնդում ենք, որ սա մի ամբողջ խմբավորման կողմից պլանավորված ու իրականացված սպանություն է, և այս հանցանքն իրականացնողների կողքին պետք է պատասխանատվության ենթարկվեն նաև այն պետական պաշտոնյաներն, ովքեր փորձում են ծածկել այն: Առաջին դատավարության ժամանակ պարզվեց, որ պետական մի շարք կառույցներ մի ամբողջ տարի տեղյակ են եղել սպանության նախապատրաստութուններից: Ստամբուլի անվտանգությունը մշտապես վտանգի տակ ապրող Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման լուրն առնելու ժամանակ անհրաժեշտություն չէր զգացել Հրանտին պաշտպանելու: Իսկ անվտանգության պետն սպանությանն առնչվող փաստաթղթերի մասին մեկ այլ պաշտոնյայի ասել էր` եթե սրանք չոչնչացնեմ, բոլորս կայրվենք:
     Հիշեցնենք, որ օրեր առաջ Դինքի սպանության գործով կասկածյալներից մեկն` Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերն, ով սպանության ժամանակ եղել է Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի պետը, հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում իր բոլոր քայլերն արել է` համաձայն այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Էրդողանի հրահանգների:
     Այսօր՝ հունվարի 19-ին, Ստամբուլում Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ մի շարք կազմակերպություններ նախաձեռնել են սգո և բողոքի միջոցառումներ։
Հրանտ Դինքի սպանությունից անցել է 10 տարի
2304 | 0
Facebook