Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ո՞ր կուսակցության ցուցակով կառաջադրվի Խաչատուր Սուքիասյանը

12:00, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
Ո՞ր կուսակցության ցուցակով կառաջադրվի Խաչատուր Սուքիասյանը
     Երեկ կուսակցության նախկին գրասենյակում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ականների պաշտոնական առաջին հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են տարածքային կառույցների կազմակերպչական հարցեր: Գ. Ծառուկյանը, խոսելով 2017-ի ընտրություններին` լայն դաշինքով մասնակցելու մասին, նշել է, որ իրենք բաց են բոլորի համար: Հանդիպումից հետո պատգամավոր Լյովա Խաչատրյանը «ՀԺ»-ի ճշտող հարցին` այժմ կուսակցությունը Նաիրա Զոհրաբյա՞նն է ղեկավարում, թե՞ Գագիկ Ծառուկյանը, պատասխանել է, որ «կուսակցության ղեկավարն այսօր Նաիրա Զոհրաբյանն է, իսկ կուսակցության առաջնորդը միշտ եղել ու մնացել է Գագիկ Ծառուկյանը»:
     Հանդիպումից հետո մամուլում լուրեր տարածվեցին, որ թեև այդ մասին դեռևս չի նշվում, բայց երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։ Մեր տեղեկություններով, սակայն, Ծառուկյանի շտաբի պետը լինելու է ոչ թե Սուքիասյանը, այլ` Իշխան Զաքարյանը:
     Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ քաղաքական տարբեր գործիչների, կուսակցությունների հանդիպումների և բանակցությունների գործընթացն ընթացքի մեջ է: Երբ վերջնական հստակեցումները լինեն, տեղյակ կպահեն:
     Օրեր առաջ էլ լուրեր էին տարածվել, որ Հայ ազգային կոնգրեսի ցուցակի 2-րդ համարը, ըստ ամենայնի, զբաղեցնելու է Խաչատուր Սուքիասյանը: Ինքը` Սուքիասյանն ասել էր, որ «երբ որոշում կայացնի ընտրություններին իր մասնակցության ձևաչափի շուրջ, անձամբ կհայտարարի»:
     Սպասվում է, որ հայտարարությունը կլինի հունվարի 20-ից հետո:
3145 | 3
Facebook