Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀԿ-ում Ծառուկյանի անունը չեն ուզում լսել

16:15, չորեքշաբթի, 18 հունվարի, 2017 թ.
ՀՀԿ-ում Ծառուկյանի անունը չեն ուզում լսել

Ծառուկյանի` խորհրդարանական ընտրություններին «լայն դաշինքով» մասնակցելու հայտարարությունից հետո, վերջինի հանդեպ ՀՀԿ-ականների վերաբերմունքը կտրուկ փոխվել է. երբեմնի «դոդի Գագոն», «հրեշ»-ը, «չարիք»-ն, այս օրերին ոմանց համար դարձել է «քաղաքական լուրջ գործիչ», իր հայտարարությամբ արժանացել դրական վերաբերմունքի, տպավորություն է` իրականում ոչ մի արտառոց բան էլ տեղի չի ունեցել:
     Նույնիսկ ՀՀԿ գրասենյակում լրագրողներին չեն ցանկանում ընդունել, երբ տեղեկանում են, որ Ծառուկյանի վերադարձի թեմայով են եկել: Ավելին, այս կուսակցության պատգամավորները ոչ միայն խուսափում են վերջինին առնչվող հարցերի շուրջ մեկնաբանություններ անել, այլև բառը բերանում` անջատում են խոսափողը:
     MAMUL.am-ի թղթակիցը ևս փորձեց Ծառուկյանի վերադարձի հետ կապված կարծիքներ ստանալ պատգամավորներից: ՀՀԿ-ական պատգամավոր, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը լսելով մեր հարցը` ՀՀԿ-ում Ծառուկյանի անունը չե՞ն ուզում լսել, խուսափո՞ւմ են այդ թեման արծարծելուց, անմիջապես անհասանելի դարձավ: Այնուհետև, երբ դժվարությամբ վերկանգնեցինք կապը, նա, առանց լսելու, զայրացած ասաց, որ քանի որ կապը վատ է և հնարավոր է կրկին անջատվի հեռախոսը, ուստի չի կարող խոսել: «Ես նույնիսկ չգիտեմ` ինչ հարց եք տալիս»,- ասաց նա: Փորձեցինք երկրորդ անգամ կրկնել հարցը, վրդովվեց, թե «ավելի լավ է չտաս ոչ մի հարց». «Ասում եմ` հիմա ճանապարհ եմ գնում և հիմա անպայման կանջատվի հեռախոսը…»,- այդ խոսքի վրա հեռախոսն «անջատվեց»:
     Անհաջող այլ փորձերից հետո զանգահարեցինք ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանին: «Ես կարծում եմ, որ այդ խոսակցությունները շատ անիմաստ են: Իմաստ կա միայն նրանում, որ մենք գնում ենք դեպի ընտրություններ, կձևավորվեն դաշինքները, քաղաքական կուսակցությունները և ժողովուրդը ժամանակ կունենա իր խոսքն ասելու: Կարծում եմ` յուրաքանչյուրն իր ռեսուրսի կարողությունների չափով կհավաքի ձայներ, իսկ մնացածն ինտրիգների դաշտում է և մեկնաբանությունների կարիք չկա այս պահին»,- ասաց մեր զրուցակիցն ու դրեց հեռախոսը:
     Տպավորություն է` ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավորները Ծառուկյանի հասցեին հնչեցրած վիրավորանքներն ուզում են մոռանալ` նույնը պարտադրելով դիմացինին: Նույն ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը, որը ԲՀԿ առաջնորդին «դոդ» անվանողներից էր, ֆեյսբուքյան գրառումներով փորձում է «ուղղել» սխալը: Ստորև ներկայացում ենք այդ փորձերից մեկը. «Գագիկ Ծառուկյանի հայտարարության վերաբերյալ մեր լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի մասով ասեմ հետևյալը. իհարկե և՛ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի, և՛ արդեն իսկ հայտարարություններ տարածած մյուսների մտադրությունները՝ մասնակցելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, դրական են ընտրական գործընթացի տեսանկյունից։ Սա փաստ է։
     Հիմա չեմ կարծում, թե ամենաարդյունավետ աշխատանքն է անընդհատ քննարկել նախկին բանավեճերն ու զարգացումները. մտել ենք լրջագույն քաղաքական գործընթաց, հիմա արդեն մրցելու ենք մեր գաղափարներով, ապագայի մեր ծրագրերով ու արդյունավետ գործելու հնարավորություններով։ Սկսվում են քաղաքական պրոցեսներ, որոնք կընթանան քաղաքական տրամաբանությամբ։ Մենք այդ աշխատանքով ենք հիմա զբաղված»։

5262 | 5
Facebook