Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԱԻՄ-ն ընտրություններ կոչվող միջոցառմանը կգնա կա՛մ դաշինքով, կա՛մ չի մասնակցի». Պարույր Հայրիկյան

13:34, չորեքշաբթի, 18 հունվարի, 2017 թ.
«ԱԻՄ-ն ընտրություններ կոչվող միջոցառմանը կգնա կա՛մ դաշինքով, կա՛մ չի մասնակցի». Պարույր Հայրիկյան
     Դաշինքների ձեւաւորման փուլը թեւակոխում է եզրափակիչ փուլ։ Այդ հարցում ԱԻՄ-ը հետեւողական է եղել։ Հենց սկզբից մենք ազդարարել ենք, որ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները համազգային, այսինքն՝ վերկուսակցական համախմբում են պահանջում եւ ԱԻՄ-ը ընտրութիւններ կոչուող միջոցառմանը կը գնայ կամ դաշինքով կամ չի մասնակցի դրանց։ 2016թ. նոյեմբերի 4-ին ԱԻՄ-ը դիմել է քաղաքական ուժերին այդ միջոցառմանը Ժողովրդավարական դաշինքով մասնակցելու առաջարկով։ Մեր կարծիքով հարցերի հարցը՝ ներկայի կարեւորագոյն նոյնիսկ ռազմավարական խնդիրը, Հայաստանում իշխանութիւնը նրա օրինական տիրոջը՝ ժողովրդին յանձնելն է։ Դրա համար պէտք է ԲՈԼՈՐ ԱՐԴԱՐԱՄԻՏ ՈՒ ԱԶԱՏԱՄԻՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՈՒՄ ՄԻԱՒՈՐԵԼՈՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹԻՒՆ ստանալ։ Սեպտեմբերի 21 նուաճած ժողովուրդը կարող է նաեւ ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԵՐՏԵԼ։
     Պէտք է նկատի ունենալ, որ ըստ գործող սահմանադրութեան յաջորդ ընտրութիւնները լինելու են միայն 2022 թուականին։ Եւս այսպիսի 5 տարի եւ Հայաստանից ոչինչ չի մնայ։
     Մեր միասնութեամբ ընտրութիւններ կոչուող միջոցառումը կարող ենք եւ պարտաւոր ենք իրական ընտրութիւն դարձնել եւ յաղթել։ Որեւէ այլ նպատակադրում ու շեշտադրում կամ որեւէ այլ արդիւնք (օրինակ՝ խորհրդարանում 49 տոկոս) ոչ միայն մեր, այլեւ եկող սերունդների անդառնալի պարտութիւնը կլինի։ Հիմնական նպատակը ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ պէտք է լինի։ Դրա իրականացման համար անհրաժեշտ է՝ ԱԺ-ում դառնալով հիմնական ուժը, ընթացիկ խնդիրները մարդու իրաւունքների, արդարութեան, ազգային անվտանգութեան եւ քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերութիւնների խորացման շրջանակներում լուծելուն զուգահեռ պէտք է չեղարկել Հայաստանում օրինախախտումների ճանապարհով ընդունուած հակաժողովրդավարական սահմանադրութիւնը, առաւելագոյնը երկու տարուա ընթացքում ընդունել նորը, ընդունել իրական ժողովրդավարութիւն ապահովող ընտրական օրէնսգիրք եւ Նոր սահմանադրութեամբ ու ընտրական օրէնսդրութեամբ իրականացնել օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւնների ընտրութիւններ։
     Հայաստանում առայսօր իրական ընտրութիւններ չեն եղել եւ ապրիլին նոյնպէս խեղկատակութիւն է լինելու, սակայն միաւորուելով եւ համախմբուելով մենք կարող ենք ապրիլի 2-ը ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ օր դարձնել։ Դրա համար մենք բոլորս պէտք է գոնէ ժամանակաւորապպէս վեր կանգնենք մեր տարաձայնութիւններից եւ նախկինում ունեցած հակասութիւններից։ Մեր օրինակով ընդամենը 70 ՕՐՈՎ ՊԻՏԻ ՀԱՄԱԽՄԲԵՆՔ ժողովրդին եւ սկսենք կեանքի կոչել ԱԶԱՏ (ժողովրդավարական, որ նշանակում է քաղաքացիներին պատկանող ու նրանց հոգսերով ապրող) ԵՒ ԱՆԿԱԽ (ինքնիշխան) ՀԱՅԱՍՏԱՆԸ։
     Նախնական դաշինքների ստեղծման փորձերը ողջունելի են (մենք մասնակցում ենք դրանց), սակայն համոզուած ենք աւելի մեծ՝ ընդգրկուն եւ անկասելիօրէն յաղթական դաշինք է պէտք ստեղծել։ Այսօր ԱԻՄ-ի այս նպատակադրմանը հակադրուողներին յորդորում եմ յիշել, որ ժամանակին հայութեան առաջընթացի հակառակորդները հակադրւում էին ԱԻՄ-ի կողմից բարձրացուող եռագոյն դրոշի, անկախութեան, ինքնորոշման ու հանրաքուէի, ազգային բանակի ու սահմանադրութեան անհրաժեշտութեան պնդումներին։
     Ես քաջ գիտակցում եմ, որ ոչ ոք այնքան բան չունի անելու խորհրդարանում, որքան ես եւ ոչ ոք իր անցեալի ռազմավարական ներդրումներով աւելի բարոյական իրաւունք չունի լինել Հայաստանի ազգային խորհրդարանում քան ես, բայց հանգիստ խղճով իմ տեղը կզիջեմ որեւէ գրագէտ հայի, միայն թէ ԱԶԱՏ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ համար ի մի գան առողջ ուժերն ու մարդիկ։
2568 | 1
Facebook