Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քննչական կոմիտեն` Վարդանանց փողոցում 18-ամյա ուսանողի սպանության շարժառիթի մասին

20:05, ուրբաթ, 13 հունվարի, 2017 թ.
Քննչական կոմիտեն` Վարդանանց փողոցում 18-ամյա ուսանողի սպանության շարժառիթի մասին

ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ Երևանի կենտրոնում 18-ամյա Վ. Մուրադյանի սպանության բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
     Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունվարի 11-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, «Շտապօգնություն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում գտնվող տաղավարի սեղանին հայտնաբերվել է Վահե Մուրադյանի (ծնված՝1998 թվականի դեկտեմբերին) դին՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով, իսկ մեկ այլ երիտասարդ՝ Ռաֆֆի Մարտիրոսյանը (ծնված 1999թ. մարտին), «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեից տեղափոխվել է «թիվ 1 համալսարանական հիվանդանոց»:
     Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 112-րդ հոդվածի 1-ին մասերով, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
     Արդյունքում՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ վիճաբանության մասնակիցների, շարժառիթի և առերևույթ հանցագործություն կատարած անձի վերաբերյալ։
     Տուժողները բարձրագույն ուսումնական հաստատության 1-ին կուրսի ուսանողներ են՝ համակուրսեցիներ, կասկածյալը ևս 1-ին կուրս ուսանող է, ով սովորում է նույն ԲՈՒՀ-ի մեկ այլ ֆակուլտետում։
     Նախնական քննության տվյալներով՝ վիճաբանության պատճառ է դարձել հնչեցված մի արտահայտություն, որի շուրջ պարզաբանումներ տալու համար տուժողները հրավիրվել են Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում գտնվող տաղավար։ Նախատեսված վայրում կողմերը հանդիպման են գնացել ընկերների հետ միասին, որտեղ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում էլ Վ. Մուրադյանը և Ռ. Մարտիրոսյանն ստացել են կտրող-ծակող մարմնական վնասվածքներ։ Վիճաբանությունը դադարել է պատահական անցորդի միջամտության արդյունքում, ինչից հետո առերևույթ հանցագործություն կատարած անձն իր ընկերների հետ դիմել է փախուստի։
     Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի շուրջ։
     Նախաքննությունը շարունակվում է:

3710 | 1
Facebook