Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ռեժիսորը մի մարդ է, ով կյանքի մոդել է ստեղծում». Հրաչյա Գասպարյանը նշում է ծննդյան տարեդարձը

13:15, ուրբաթ, 13 հունվարի, 2017 թ.
«Ռեժիսորը մի մարդ է, ով կյանքի մոդել է ստեղծում». Հրաչյա Գասպարյանը նշում է ծննդյան տարեդարձը

«Երբ արվեստագետը լինի այն երկրում, որտեղ իրեն լիարժեք մարդ կզգա, և դերասանը ստիպված չի լինի այստեղ-այնտեղ իրեն գցելու, պրոֆեսիան կորցնելու գնով գումար հայթայթելու համար, այդ ժամանակ ոչ մի կոչում էլ պետք չէ»,- կարծում է բեմադրիչ Հրաչյա Գասպարյանն, ով այսօր նշում է ծննդյան տարեդարձը:
     ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի խոսքով` ռեժիսորի գործը շատ դժվար գործ է: «Արվեստն ամենօրյա աշխատանք է պահանջում: Հենց արվեստագետը կանգնում ու մտածում է, վեʹրջ, սա ինձ հերիք է, նա մեռած արվեստագետ է»,- ասում է նա: Նա իր ուսանողներին ռեժիսուրա դասավանդելուց բացի առավել կարևորում է նրանց որպես մարդ և քաղաքացի դաստիարակելը:
     «Մենք այսօր թատրոնի մասին այնպես ենք խոսում, կարծես լվացքատուն ենք մտել»,- անհանգստանում է բեմադրիչը: «Թատրոնը չի կարող էդպես հանգիստ մեռնել, հանգչել: Թատրոնում այդ ներվը, ռիթմը պետք է աշխատի: Եթե դա չի աշխատում, թատրոնը կամաց-կամաց ոչնչանում է: Եթե ռեժիսորը չի իմանում` այսօր ինչն է կարևոր աշխարհի, իր երկրի ու քաղաքի համար, ինքը ռեժիսոր չէ: Ես շատ ինտելեկտուալ մարդկանց եմ տեսել, բայց նրանք չեն կարող բեմադրություն անել»,- նշում է ռեժիսորը: Նրա խոսքով` ռեժիսորը մի մարդ է, ով կյանքի մոդել է ստեղծում:
     Հրաչյա Գասպարյանը 1992-ից աշխատում է Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում` որպես ռեժիսոր, իսկ 1993-ից` գլխավոր ռեժիսոր: Բեմադրել է Գ. Սարգսյանի «Հորովել», Ա.Դուդարևի «Երեկո», Մ. Մրոժեկի «Մարդակերները», Ն. Սայմոնի «Շիկացած սիրեկանը», Հ. Թումանյանի «Անբան Հուռին», Մոլիերի «Տարտյուֆ» և այլ պիեսներ:
     Հրաչյա Գասպարյանն արժանացել է բազում մրցանակների, որոնցից մեկը` ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի ընթացքում, ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրած Ոսկե մեդալն է:

1879 | 0
Facebook