Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ծանր բան է չհասկացողին նկար նվիրելը, էլ չեմ ասում` վաճառելը». հանդիպում նկարչի արվեստանոցում

14:05, հինգշաբթի, 12 հունվարի, 2017 թ.
«Ծանր բան է չհասկացողին նկար նվիրելը, էլ չեմ ասում` վաճառելը». հանդիպում նկարչի արվեստանոցում

«Ամբողջ օրն այստեղ եմ լինում, սովորաբար գրեթե ամեն օր աշխատում եմ, բայց վերջին շրջանում ահագին պարապուրդ եմ ունեցել: Անցյալ տարի մեր երկիրը բավականին տագնապներ ունեցավ, այդ բոլորն անդրադառնում է ստեղծագործողի հոգեկան աշխարհի վրա»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը, ում արվեստանոցում, ինչպես բոլոր նկարիչների մոտ` գլխավոր թեման կինն է:
     Նկարիչը կենցաղային հարցերում պահպանողական է, դժվար է փոխում տունն ու ընկերությունը, իսկ նկարները դժվարությամբ է նվիրում: «Երբ մարդը գնահատել գիտի, սիրով ես նվիրում, բայց չհասկացողին ծանր բան է նկար նվիրելը, էլ չեմ ասում` վաճառելը: Եղել է դեպք, երբ զգացել եմ, որ չի հասկանում ու հրաժարվել եմ վաճառել»,- պատմեց մեր զրուցակիցը:

ՀՀ վաստակավոր նկարիչ` Հաղթանակ Շահումյան
ՀՀ վաստակավոր նկարիչ` Հաղթանակ Շահումյան

     Հաղթանակ Շահումյանը դեմ է, որ արվեստի մարդը քաղաքականության մեջ լինի, բայց նաև գիտակցում է, որ քաղաքականությունից դուրս էլ չի կարող լինել: Նրա շատ ստեղծագործություններում արտացոլված են մեր իրականությունն ու ժամանակները:
     Նկարչի «Պառլամենտ» կտավը քաղաքականության մասին է, բայց նա հրաժարվում է այն մեկնաբանել. «Նկարի մասին խոսելն անշնորհակալ գործ է, ամեն մարդ թող յուրովի մեկնաբանի»,- ասում է նա:
«Պառլամենտ»
«Պառլամենտ»

     Հաղթանակ Շահումյանը հիշում է, որ իր սերնդակից նկարիչները բախտ են ունեցել նորմալ կրթություն ստանալ. «Միջավայրը մեզ դաստիարակեց. մենք պատիվ ենք ունեցել շփվել Քոչարի, Սարյանի, Մինասի ու Փարաջանովի հետ: Փարաջանովն ուզում էր ինձ նկարել «Նռան գույնը» ֆիլմի հերոսի դերում, բայց հրաժարվեցի, քանի որ դերասան չեմ ու մտածում եմ, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի»,- պատմեց նկարիչը:
     Նրան անհանգստացնում է, որ այսօր ռաբիսը մտել է ևʹ մեր քաղաքականության մեջ, ևʹ կերպարվեստի: «Մեր մշակութային միջավայրն իր մտածողությամբ հետընթաց է ապրել: Մեր ցավոտ կողմերից մեկն այն է, որ մենք կապկում ենք դրսից: Նայեʹք մեր հեռուստատեսությունը, հաղորդումների մեծ մասը կապկած է, այն էլ վատ որակի: Մենք ունենք լեզվի մասին օրենք, բայց հեռուստացույցով օտար անուններ են հնչում. «Ֆուլ հաուս», չգիտեմ ինչ... ինչ որ մեկը չպիտի՞ վերահսկի, չէ՞ որ սերունդներ են դաստիարակվում: Կամ այն աղբը, որ մատուցում են սերիալները, երբեմն տեսնում եմ` լավ դերասաններ էլ են նկարվում, ես ապշում եմ, մի՞թե նյութականը կարող է ոտնահարել իրենց հեղինակությունը»:
ՀՀ վաստակավոր նկարիչ` Հաղթանակ Շահումյան
ՀՀ վաստակավոր նկարիչ` Հաղթանակ Շահումյան

     Հաղթանակ Շահումյանը հիշում է, որ նախկինում խոշոր ցուցահանդեսներին անպայման ներկա էին լինում երկրի 1-ին դեմքերն` իրենց շքախմբերով: «Դեմիրճյանը մասնակացում էր մեր ցուցահանդեսներին, նա բավական գիտակ էր արվեստի, և դա դաստիարակում էր միջավայրը: Նրա հետևից գալիս էին նախարարներ, փող ունեցողներ, ովքեր ուշադրություն էին նկատում այս կամ այն նկարչի գործերի հանդեպ և իրենք էլ էին ուզում ձեռք բերել»,- նշեց մեր զրուցակիցն ու հավելեց, որ հիմա բարձրաստիճանները չեն գալիս:
«Ծանր բան է չհասկացողին նկար նվիրելը, էլ չեմ ասում` վաճառելը». հանդիպում նկարչի արվեստանոցում
«Ծանր բան է չհասկացողին նկար նվիրելը, էլ չեմ ասում` վաճառելը». հանդիպում նկարչի արվեստանոցում

     Նկարչին մտահոգում է, որ այսօր դպրոց-արվեստ կապը խաթարված է: «Սովետական տարիներին կար շրջիկ ցուցահանդես հասկացողությունը, մի խումբ արվեստագետներ գործուղվում էին որևէ շրջան, որտեղ նկարում, շփվում էին ժողովրդի հետ, երեխաները տեսնում էին անվանի նկարիչներին կենդանի աշխատելիս: Այսօր մենք լրիվ կտրվել ենք այդ միջավայրից»:
Հաղթանակ Շահումյանի արվեստանոցում
Հաղթանակ Շահումյանի արվեստանոցում

     Հաղթանակ Շահումյանն, ով 15 տարի եղել է Երևանի գլխավոր նկարիչը, կարծում է, որ այսօր կոչումները փոքր սփոփանք են արվեստագետի համար: «Կոչումներ և մեծարում բոլոր երկրներում էլ կա, բայց արտասահմանյան երկրներում կա համակարգ, որը նպաստում է արվեստագետի ֆինանսական ռեալիզացիային: Մեր երկրում այդպես չէ: Մենք հրաշալի արվեստ ունենք, որը կարող էր աշխարհում դոմինանտ լինել, բայց ցավոք, այդ հնարավորությունն օգտագործելու կապը չունենք: Մեր օրերում արժեզրկվել է այդ ամենը, քանի որ շատ դեպքում արվեստի հետ կապ չունեցող մարդկանց են կոչումներ տալիս: Կարելի է նկարել, բայց արվեստի հետ կապ չունենալ, կարելի է երգել կամ ձայն հանել, բայց երաժշտության հետ կապ չունենալ: Այսօր նման մարդիկ են կոչումներ ստանում: Մեզ մոտ հիմա նա, ով դուրս է գալիս, հայկական համայնքներում երգում է, գալիս է այստեղ, բռնում, մեծարում են, կոչումներ են բաժանում, դա ի՞նչ է նշանակում, որ դուրս արի, որպեսզի արժանավայել լինե՞ս: Կարծես սրանով խրախուսվում է Հայաստանից հեռանալը: Այնինչ, մենք պետք է պիտանի մարդկանց փայփայենք»,- համոզված է նկարիչը:
Հաղթանակ Շահումյանի արվեստանոցում
Հաղթանակ Շահումյանի արվեստանոցում
Հաղթանակ Շահումյանի արվեստանոցում
Հաղթանակ Շահումյանի արվեստանոցում
Հաղթանակ Շահումյանի արվեստանոցում
Հաղթանակ Շահումյանի արվեստանոցում

     Նրա կարծիքով` մեր քաղաքական դաշտում շատ բան կա փոխելու. «Երբ տեսնում եմ, որ կիսագրագետ մարդիկ ներկայացնում են մեր պառլամենտը... չէ՞ որ այդտեղից պատկերացում ես կազմում մյուս բոլոր ասպարեզների մասին: Ես մինչ օրս դժվարանում եմ հասկանալ, եթե մարդուն ճակատագիրը բերել է ազգի համար ծառայելու այս կարևոր պահին, ուրեմն պետք է ամբողջովին նվիրվի երկրին: Չեմ հասկանում, թե ինչպես կարող է մարդ իր անձնական, փոքր խնդիրների համար վնաս տալ իր երկրին ու պետականությանը»:
     Նկարչի դիտարկմամբ` մեր երկրում հիմա չարություն և ստորաքարշություն կա: «Կարող ես ամենահզորի ոտքը տրորել, բայց եթե քեզանից շահ ունի, կարող է վիզը ծռել և իր արժանապատվության հաշվին հարմարվել: Բարոյալքված ժամանակներ ենք ապրում»: Բայց նա լավատես է և հավատում է նոր տարվա խորհրդին.
     «Նոր տարին միշտ նոր հույսեր է բերում, այն խորհուրդ ունի. վատ բաները մնան հին տարում: Աստված տա, որ մենք ազգովի վերափոխվենք և նոր տարում մի քիչ այլ կերպ մտածենք մեր երկրի մասին»,- ամփոփեց նա:
Հաղթանակ Շահումյանի արվեստանոցում
Հաղթանակ Շահումյանի արվեստանոցում

10468 | 0
Facebook