Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այն, ինչ արեց Վարդան Պետրոսյանը, կարող էինք տեսնել նաև թատրոնում, սակայն թատրոնը փակ տարածք է, սահմանը` բաց». Հրանուշ Խառատյան

18:05, չորեքշաբթի, 11 հունվարի, 2017 թ.
«Այն, ինչ արեց Վարդան Պետրոսյանը, կարող էինք տեսնել նաև թատրոնում, սակայն թատրոնը փակ տարածք է, սահմանը` բաց». Հրանուշ Խառատյան

Ամանորին դերասան Վարդան Պետրոսյանի` դիրքեր գնալու, ադրբեջանցիների հետ «հաղորդկացվելու» միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում: Շատերն իրենց կոշտ գնահատկանների տարափի տակ, մի պահ կարծես թե մոռացան, որ խոսքը դերասանի մասին է, որի արարքներն իրենց մեջ նախևառաջ, հումոր են պարունակում: Ինչու հանրության կողմից այդքան սիրված դերասանին հանկարծ սկսեցին աջուձախ քարկոծել, ինչո՞ւ չէր կարող նա զինվորններին ներկայանալ իր դերասանական արվեստով:

Խոսելով դերասանի շուրջ բարձրացված աղմուկի մասին, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում այդ քննադատությունները «նորմալ» որակեց: «Ես ինքս շատ եմ սիրում Վարդան Պետրոսյանին, սակայն սիրվա՞ծ է դերասանը, թե ոչ, նա արել է մի բան, որը հանրության մի մասի կարծիքով ճիշտ չի: Գնահատականներն, իմ կարծիքով, մի քիչ կոշտ են: Լավ կլինի մի քիչ ավելի մեղմ ձևակերպումներ լինեն սոցցանցերում, այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ սա դժգոհություն արտահայտելու ձևերից մեկն է: Եթե չսիրված մարդը դա աներ, բնականաբար, ավելի կոշտ գնահատականներ կլինեին: Նորմալ է, որ քննարկում կա դրա շուրջ»,- տեսակետ հայտնեց մեր զրուցակիցը:

Հարցին` արդյոք նման քննադատություններով «թշնամու ջրաղացին ջուր չե՞նք լցնում», Խառատյանն ասաց, որ չի կարծում, որ մեր առօրյայում և կենցաղային խոսակցություններում էլ միշտ թշնամու հետ կապված խնդիրներ ենք քննարկում, որոնց մեջ գերլարվածություն կա, ինչը հասկանալի է: Այնուամենայնիվ նկատեց, որ ցանկացած պարագայում առաջնայինը թշնամուց զգուշանալն է եղել: «Պատմականորեն մենք ունենք իսկապես չլուծված և առաջիկայում դեռևս մշուշոտ խնդիրներ: Նույն բանը, ինչ արեց Վարդան Պետրոսյանը, կարող էինք տեսնել նաև թատրոնում: Սակայն թատրոնը փակ տարածք է, սահմանը` բաց: Այդ մարդիկ խուսափում են բաց տարածքում ասվածից…: Դա, կարծում եմ, արվեստի, մշակույթի և սոցիալական հարաբերությունների տեսակետից լավ չմտածված մի ձև էր, բայց ինքը դրանով չի փոխում մեր վերաբերմունքը, և չեմ կարծում` պատերազմ հարուցող առիթ լինի»,- կարծիք հայտնեց ազգագրագետը:
    
     Որպես հետգրություն, հավելենք` «Մարտիկ» հաղորդաշարի ռեժիսոր Արման Վարդանյանը երեկ տեղեկացրել է, որ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ աղմկահարույց տեսարանն առաջնագծում չի նկարվել: «Մարտիկ» հաղորդաշարի տոնական-հատուկ թողարկումից հետո սկսվեց բուռն քննարկում, որ դերասան Վարդան Պետրոսյանը ադրբեջաներեն «ակցենտով» անհասկանալի իդիոմետրիկ արտահայտություններով հայհոյել է հակառակորդին», որով իբր վտանգել է «դիտակետում կանգնած» զինվորներին: Պաշտոնապես հայտարարում եմ` «Մարտիկ» հաղորդաշարն արդեն 23 տարի է եթերում է, հաղորդման ղեկավարն է ՀՀ վաստակավոր և ռազմական լրագրող, ԶՈՒ պահեստազորի գնդապետ՝ Ս. Շահսուվարյանը: Ստեղծագործական կազմում են՝ երկրում եզակի, ռազմական լրագրության և օպերատորության վարպետներ: Ոչ զորամասի հրամանատարությունը, ոչ էլ «Մարտիկի» ստեղծագործական խումբը, չէր իրականացնի այնպիսի գործողություններ, որը կարող էր վնասել զինվորների անվտանգությանը: Հաղորդման միայն այդ տեսարանն է բեմադրված, կրկնում եմ ո՛չ դիրքերում, մնացածը դոկումենտալ է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Վարդանյանը:

6083 | 7
Facebook