Խնդրում ենք սպասել...

Համացանց

«25 տարի ուրիշ ո՞վ է ասելիք, լուծում առաջարկել հասարակությանը` ղարաբաղյան հարցի վերաբերյալ, բացի առաջին նախագահից». Արման Մուսինյան

13:35, չորեքշաբթի, 11 հունվարի, 2017 թ.
«25 տարի ուրիշ ո՞վ է ասելիք, լուծում առաջարկել հասարակությանը` ղարաբաղյան հարցի վերաբերյալ, բացի առաջին նախագահից». Արման Մուսինյան

Լևոն Տեր-Պետրոսյանի համագումարյան ելույթի ու դրան հաջորդած քննարկումների ու արձագանքների առիթով
    
     1. Այդպես էլ ոչ ոք, լինի քաղաքական, թե հասարակական դաշտից, ոչ մի այլընտրանքային կոնցեպտ հասարակությանը չներկայացրեց: Ելույթին արձագանքելու մասին չեմ խոսում, այլ Արցախյան հարցում ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿՈՆՑԵՊՏՈՒԱԼ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ, որ գոյություն ունի անկախ Տեր-Պետրոսյանի մոտեցումներից:
    
     2. Մտովի փորձեք հանրային գիտակցությունից ջնջել/հանել Տեր-Պետրոսյանի՝ նախորդ 25 տարիների ասելիքը ղարաբաղյան հարցի վերաբերյալ: Տեսեք տակն ի՞նչ կմնա: Անկախությունից սկսած, ավելի քան 25 տարի ուրիշ ո՞վ է ասելիք, լուծում առաջարկել հասարակությանը` մեր պետության առջև կանգնած ամենացավոտ հարցի վերաբերյալ: Տակը մնացածն իրար որ գումարեք՝ 3 էջ կարող է չլինի: 25 տարի շարունակ այս խնդրից փախել են բոլորը! Բոլորն անխտիր, բացի Տեր-Պետրոսյանից ու նրա ղեկավարած քաղաքական ուժից: Մեզ համար Արցախյան հարցը խնդիր է, որ պետք է լուծել: Ինչպես կյանքի որևէ բնագավառում որևէ բարդ խնդրի հանդիպած մարդը կփորձի լուծել այն: Մյուսների համար ղարաբաղյան հարցը կամ գլխացավանք է, որից պետք է հնարավորինս հեռու մնալ՝ քաղաքականապես անշահեկան վիճակում չհայտնվելու համար կամ հայրենասիրություն խաղալու գործիք, ինչը սովորաբար կառուցվում է ատելության քարոզի, ազգային սնապարծության, սեփական ուժերի գերագնահատման և իհարկե մեր զինվորների կյանքերի վրա: Պատված պատասխանատվության ԲԱՑԱՐՁԱԿ բացակայությամբ: Որովհետև ՑԱՆԿԱՑԱԾ ԼՈՒԾՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ:
    
     3. Հազար անգամ էլ լինի, չարժի զլանալ ու հիշեցնել, որ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ է հանրային գործունեության ու խոսքի առանցքը: Դա է, որ քաղաքական խոսքը տարբերում է ճամարտակությունից ու բեսեդկայի գյալաջիներից (ներողություն` հայերեն համարժեքը չգտա), պրագմատիզմն` ավանտյուրիզմից ու wishful thinking-ից (ցանկալին իրականի տեղ դնելու մտայնությունից): Ամենահեշտ բանն է` նստել ու սեփական երազները, որոնք ոչ մի աղերս չունեն երկրի ռեսուրսների ու ձևավորված իրողությունների հետ, ներկայացնել հանրությանը` որպես պետությանը փորձություններից դուրս բերելու (իրականում` փորձանքի մեջ գցելու) ծրագիր:
    
     4. Հայտնի բան է. մարդիկ նյարդայնանում են, երբ գիտեն, որ իրենք սխալ են, իսկ դիմացինն` իրավացի: Եվ հակառակը՝ անսահման խաղաղ են, երբ գիտեն, որ ճիշտն իրենք են, և որ այդ բանավեճում ամեն ինչ` փաստեր, տրամաբանություն, ժամանակ, աշխատում են իրենց օգտին: Անհիմն խոսողները նյարդայնանում են, շեղում թեման պիտակների դաշտ, խոսում ամեն ինչից, բացի բուն թեմայից և աղավաղում դիմացինի ասելիքը: Հիմա հետահայաց նայեք Տեր-Պետրոսյանի ելույթին հաջորդած արձագանքներին, և ամեն ինչ պարզ կդառնա: Եվ եթե ուշադիր հետևեք առաջիկա նախընտրական քարոզարշավին, ամեն ինչ էլ ավելի պարզ կդառնա:

2635 | 2
Facebook