Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

26 օր հացադուլ անելուց հետո Ներսես Պողոսյանը նաև ջրադուլ է հայտարարելու

12:25, երկուշաբթի, 09 հունվարի, 2017 թ.
26 օր հացադուլ անելուց հետո Ներսես Պողոսյանը նաև ջրադուլ է հայտարարելու

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ 26 օր հացադուլ անելուց հետո իր պաշտպանյալը որոշել է նաև ջրադուլ հայտարարել: «Երեկ եմ տեսակցել նրան, փորձեցի համոզել, որ դադարեցնի հացադուլը, բայց ապարդյուն: Բավականին հյուծված վիճակում է, տեսքից երևում է, որ հոգեպես և ֆիզիկապես հյուծված է: Նույնիսկ երկար չկարողացանք խոսել»,- ասաց Պապիկյանը` հավելելով, որ իր պաշտպանյալը գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Պաշտպանի խոսքով` միակ ելքն այն կլինի, երբ վարույթ իրականացնող մարմինը սեփական նախաձեռնությամբ փոխի խափանման միջոցը՝ ստորագրությամբ չհեռանալու մասին կամ գրավի դիմաց ազատ արձակի: «Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 14-ին կալանքի երկարացման մասին որոշում է կայացրել, այդ որոշումը բողոքարկելու ենք Վճռաբեկ դատարան, ընդհուպ մինչև ՄԻԵԴ, բայց այդ պրոցեսները տևական ժամանակ են խլելու: Ուստի որպեսզի, որևէ դժբախտություն տեղի չունենա, պետք է վարույթ իրականացնող մարմինն արագ որոշում կայացնի: Բայց ես կցանկանայի, որ ոչ թե հացադուլը լիներ պատճառը, որ ազատ արձակեին, այլ այն, որ վարույթ իրականացնող մարմինն ընդուներ, որ խափանման միջոց կալանքի երկարացումն ապօրինի է իրականացվել, և ըստ այդմ, կալանքը հանվեր»,- ասաց պաշտպանը: Նա տեղեկացրեց, որ ընտանիքը սոցիալապես ծանր պայմաններում է ապրում: Ներսեսի խնամակալության տակ են գտնվում կինը, երեք անչափահաս երեխաները և հիվանդ մայրը:
     Տեղեկացնենք, որ Ներսես Պողոսյանը դեկտեմբերի 22-ից է հացադուլ հայտարարել: Ներսեսը պահանջում է անհապաղ ազատ արձակել իրեն: Վերջինը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք և զինամթերք պահելու համար: Այս քրեական գործով նախաքննություն ավարատվել է, գործն ուղարկվել է դատարան:

5122 | 0
Facebook