Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ղարաբաղը վաղուց պատրաստ է դուրս գալ Հայաստանի հովանու տակից». Ջոն Էվանս

12:20, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
«Ղարաբաղը վաղուց պատրաստ է դուրս գալ Հայաստանի հովանու տակից». Ջոն Էվանս

Հայաստանը, որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային սեղանի շուրջ վերադառնալու նախապայման, կարող է պահանջել բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը: Այս մասին Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի միջոցառման ընթացքում հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը.
     «Ես օրինակ հայերին չէի մեղադրի, եթե բանակցությունները վերսկսելու նախապայման դրվեր սեղանի շուրջ Ղարաբաղի մասնակցությունը»,- հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
     Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը, այլև հրաժարվում է բանակցություններ վարել Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, պնդելով, որ հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է: Էվանսի խոսքով սակայն, Ղարաբաղը վաղուց պատրաստ է դուրս գալ Հայաստանի հովանու տակից և ինքնությույն քաղաքականություն վարել.
     «Ղարաբաղը մեծանում է: Եվ Ղարաբաղը որոշակիորեն Հայաստանից անջատվում է: Ոչ թե բացասական իմաստով, այլ անկախ լինելու իմաստով»:
     Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Միացյալ Նահանգների դերի մասին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում խոսել է նաև Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնը: Նրա խոսքով, կոնգրեսականները նախատեսում են մոտ ապագայում այս հարցերը քննարկել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ. «Մենք նախատեսում ենք հանդիպել Թրամփի վարչակազմի պաշտոնյաների հետ, որպեսզի համոզված լինենք, որ նրանք պատշաճ ուշադրություն են դարձնելու Մինսկի խմբում ամերիկյան համանախագահությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, որն Արցախը հայաշատ կպահի»:
     Կենգրեսական Փալոնն ընդգծել է, որ Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբը երկկուսակցական է և շարունակելու է արդյունավետ կերպով գործել անկախ նրանից, թե ում կողմում է Կոնգրեսի մեծամասնությունը՝ դեմոկրատների թե, ինչպես այժմ` հանրապետականների:

4034 | 0
Facebook