Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ճապոնական գեյշաների կյանքի գաղտնիքները (տեսանյութ)

02:10, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ճապոնական գեյշաների կյանքի գաղտնիքները (տեսանյութ)

Ճապոնական հասարակության ամենափակ կաստայի ներկայացուցիչները` գեյշաները, երկար խնդրանքներից հետո առաջին անգամ համաձայնել են պատմել իրենց անձնական կյանքի մասին` պայմանով, որ Vesti.ru լրատվականը երբեք չի հրապարակի այս նյութերը Ճապոնիայում: Գեյշաները շատ մեկուսացած կյանք են վարում, հասարակական տրանսպորտից չեն օգտվում իրենց հագուստի պատճառով, լրագրողների հետ չեն շփվում, հազվադեպ են փողոց դուրս գալիս: Նրանք պատմել են, որ աշխատում են Կիոտոյի ամենաճոխ ռեստորաններից մեկում, որտեղ գալիս են երեկոյան ժամը վեցին: Այս ռեստորանի տեղն ու անունը գիտեն միայն շատ հարուստ ու բարձրաստիճան, հեղինակավոր ճապոնացիները: Գեյշաներն սպասարկում են խոշոր ընկերությունների նախագահների, հասարակական բարձր դիրք ունեցող անձանց: Գեյշաների պարտականությունն է հաճելի զրույցով զբաղեցնել հյուրերին, հետևել, որ նրանց գավաթները երբեք դատարկ չլինեն:

Կիոտական գեյշաներն ամենամեկուսացածն են և ամենաբարձր կաստան են: «Մեր կյանքը բոլորովին նման չէ սովորական մարդկանց կյանքին, մենք միշտ պարտավոր ենք կրել կիմոնո, պրոֆեսիոնալ դառնալու համար ստիպված ենք լինում կյանքում շատ բան զոհաբերել: Ամեն հարցում պետք է ենթակա լինենք մեր ուսուցչուհուն»,- պատմել է Ֆուկումարի անունով գեյշան:

Հիերոգլիֆների համաձայն` «գեյշա» նշանակում է «արվեստի մարդ», նրանց համար ամենակարևորը ճապոնական բուե պարը պարելու հմտությունն է, ինչի համար նրանք օրական մի քանի ժամ պարապում են: Գեյշաներն իրավունք չունեն խմել կամ ուտել ընթրիքներին, ու եթե անգամ հյուրասիրում են, պետք է ձևացնեն, թե ըմպում են, բայց չըմպեն:

Սպիտակեցնող բրնձափոշին քսում են ոչ միայն դեմքին, այլև պարանոցին և մեջքի բաց հատվածին, ինչը, գեղեցկության ճապոնական չափանիշներով, ամենաշատն է ընդծում գեղեցկությունն ու կանացիությունը: Աչքերը ընդծում են կարմիրով, որն արյան խորհրդանիշն է և պաշտպանում է չար հոգիներից:

Կիմոնոյի հագնելն առանձին արվեստ է, որն ամեն անգամ կերտում են մասնագիտացած նախկին գեյշաները: Գեյշաների ձմեռային հագուկապի վրա ծախսվում է մոտ 6-10 մ մետաքս` 10-60 հազար դոլար արժողությամբ: Նրանց գոտին` օբին, ունի 7 մ երկարություն: Կեղծամը նրանց հանդերձանքի անհրաժեշտ ատրիբուտներից է, որը պետք է լինի մարդկային բնական մազերից:

Գեյշաները չպետք է ամուսնանան, դա կլինի նրանց կարիերայի անխուսափելի ավարտը: Սակայն նրանք կարող են ունենալ իրենց հարուստ հովանավորները: Վերջիններս իրավունք չունեն մտերիմ հարաբերությունների մեջ մտնել միայն մայկոների` երիտասարդ գեյշաների հետ, իսկ գեյկոների հետ կարելի է հարաբերություններ սկսել, որոնք, թեպետ, շատ հազվադեպ են ավարտվում ամուսնությամբ:

22105 | 0
Facebook