Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սահմանապահ Չինարիում գործարկվել է ոռոգման նոր համակարգ

17:45, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Սահմանապահ Չինարիում գործարկվել է ոռոգման նոր համակարգ

Ադրբեջանի հետ 28 կմ երկարությամբ սահման ունեցող Տավուշի մարզի Չինարի գյուղում շահագործման է հանձնվել ոռոգման նոր համակարգ՝ գետային ոռոգման ջրընդունիչ և 650մ երկարությամբ ջրագիծ։ Ընթացիկ տարում սա Չինարիում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ- ի նախաձեռնությամբ իրականացված երկրորդ ծրագիրն է: Կողմերի գործակցության արդյունքում, գարնանը գյուղում խմելու ջրի նորակառույց համակարգ էր շահագործվել. կառուցվել էր նոր ջրահավաք, պոմպակայան և 300մ երկարությամբ ջրագիծ, ինչի արդյունքում ջուրն այժմ հավաքվում և մղվում է դեպի հիմնական կարգավորիչ ջրամբար: Իրականացված երկրորդ ծրագրով, ոռոգման նոր համակարգի գործարկման շնորհիվ՝ խմելու ջրի չօգտագործված քանակն ուղղվում է 33 հա մակերեսով մշակովի հողատարածքի ոռոգմանը:

Ոռոգման նոր համակարգն, ի դեպ, միացվել է նախկին համակարգին՝ նպաստելով ավելի շատ հողատարածքների ընդգրկմանը: Առավելություն է նաև այն, որ նախկինի համեմատ՝ օգտագործվում է 15-25 լիտր/վայրկյանով ավելի ջրաքանակ։ Ավելին, ոռոգման ջրերի մատակարարումը նախկինում եղել է սահմանված ժամանակացույցով, իսկ նոր համակարգի գործարկմամբ՝ գյուղում գործում է շուրջօրյա ջրամատակարարում։
Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ- ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի պատասխանատու Մարտին Մարալչյանը, Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը և բնակիչներ։ Գոյություն ունեցող խնդիրների տեսանկյունից, սահմանապահ գյուղերն ավելի խոցելի են։ Չինարիում հակառակորդի դիրքերից հեռավորությունը տեղ-տեղ հասնում է 600 մ-ի: Գյուղը գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ- ի ուշադրության կենտրոնում: Դրա մասին են վկայում կյանքի որակի բարելավմանն ուղղված՝ վերջին տարիների ներդրումները։ «Սահմանամերձ գյուղերը եղել և մնում են մեր ուշադրության կենտրոնում, ընդ որում՝ ոչ միայն ցանցի զարգացման տեսանկյունից: Մենք առաջնորդվում ենք պատասխանատու մոտեցմամբ՝ գիտակցելով, որ դա է երկրի զարգացմանը նպաստելու երկարաժամկետ ուղին: Այս մտածելակերպն, ի դեպ, ընդունելի արժեհամակարգ է դարձել մեր աշխատակիցների համար: Գուցե, հենց դա է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ տարբեր նախագծերում իրենց անձնական ներդրումն են կատարում նաև մեր ընտանիքի անդամները: Լինում են նաև կամավորականության սկզբունքով իրականացվող աշխատանքներ: Չինարին մեկն է այն գյուղերից, որտեղ կոնկրետ ներդրում է եղել թե՛ կազմակերպության, թե՛ նրա աշխատակիցների կողմից: Սա այն գյուղերից է, որի բնակիչներն իրենց կենսակերպով ոչ միայն հողի մշակ են, այլև՝ սահմանապահ: Թիրախային այս խմբի նկատմամբ հոգատարությունն ու ուշադրությունը պարտադիր են: Եվ այդ հարցում մոտեցումը պետք է լինի միասնական. անկախ նրանից այդ ուշադրությունը դրսևորվում է պետության կողմից, թե՞ մասնավոր հատվածից»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Չինարիում այսօրինակ ծրագրերի իրագործումը նպատակ ունի կանխել արտագաղթի միտքն ու թեթևացնել բնակիչների հոգսը: Տեղացիների զբաղվածության հիմնական ուղղություններից են բանջարաբոստանային կուլտուրաների աճեցումը, ծխախոտագործությունն ու այգեգործությունը։

8029 | 0
Facebook