Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վերականգնողական որևէ աշխատանք Հովհաննես Հարությունյանի նկատմամբ չի իրականացվում». փաստաբան

17:40, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
«Վերականգնողական որևէ աշխատանք Հովհաննես Հարությունյանի նկատմամբ չի իրականացվում». փաստաբան

Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում բուժվող «Սասնա ծռեր»-ի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի հետ կապված, երբ քաղաքացիական նախաձեռնությունն ահազանգեց, թե վերջինի ոտքը սևացել է, անզգայացել և վիրահատման կարիք ունի, ԱՆ փոխնախարար Վահան Պողոսյանը խոստացավ առաջատար մասնագետների մասնակցությամբ բուժզննում իրականացնել` կալանավորի հիվանդությունն ախտորոշելու համար: Այնուհետև կոնսիլիում տեղի ունեցավ (խորհրդակցություն` նրա բուժման միջոցները որոշելու համար), որի արդյունքում բժիշկ-մասնագետները հանգեցին եզրակացության, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» բուժվող Հ. Հարությունյանին վիրահատելու անհրաժեշտություն այս պահին չկա, և որոշվեց նրան նշանակել ինտենսիվ վերականգնողական բուժում:
    
Անցել է շուրջ մեկուկես ամիս: MAMUL.am-ի թղթակիցը Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանից հետաքրքրվեց, թե իր պաշտպանյալն արդեն ստանո՞ւմ է վերականգնողական բուժում և ինչպե՞ս է իրեն զգում: «Բացի այն, որ որևէ վերականգնողական աշխատանք բժիշկների կողմից չի իրականացվում, նաև նոյեմբերի 8-ին արված ռենտգեն հետազոտության նկարները մեզ մինչ օրս չեն տրամադրվում»,- պատասխանեց փաստաբանը` պատասխանելով հաջորդ հարցին, թե ի՞նչ պատճառով կամ ինչպե՞ս են հիմնավորում հիվանդի ռենտգեն նկարները չտրամադրելու հանգամանքը: «Հիմնավորում են նրանով, որ գոյություն ունի Կառավարության 825 որոշում, որի համաձայն հիվանդ կալանավորն իրավունք ունի ստանալ հիվանդության պատմության քաղվածք միայն, բայց ես ճիշտ չեմ համարում այդ օրենքը մեջբերելը, քանի որ այն չի արգելում, որ անձը, տվյալ դեպքում Հովհաննես Հարությունյանը, ստանա իր ռենտգեն հետազոտության նկարները: Այսինքն` յուրաքանչյուր հիվանդ մարդ կարող է ստանալ իր ռենտգեն նկարները, հակառակ դեպքում` դա կամ օրենքի չիմացություն է կամ սխալ մեկնաբանություն իրենց կողմից»:
     Հ. Սարգսյանը տեղեկացրեց, որ Առողջապահության նախարարությունը, մինչև բժշկական կոնսիլիումը, մարդ էր ուղարկել, որպեսզի զննի իր պաշտպանյալին. զննել, դուրս էր եկել: «Փաստորեն, այնպիսի վիճակում էր եղել Հովհաննեսը, որ ասել էր հրատապ վիրահատություն է անհրաժեշտ: Ես չգիտեմ` ինչու են հիմա ամեն ինչ այսպես քողարկում: Միգուցե հետագայում դրա բացատրությունը գտնե՞ն, թեպետ չեմ կարծում, որ դրան բացատրություն կա»:
     Ինչ վերաբերում է ոտքը սևանալուն, փաստաբանն ասաց, որ չի կարող միանշանակ պնդել, որ դա այդպես է, քանի որ դա եղել է Հ. Հարությունյանի քրոջ կարծիքը, նա է իր գրառման մեջ նման տեղեկատվություն տարածել. «Ընդհանուր առմամբ, Հովհաննեսի առողջական վիճակը ոչ բավարար է, ոտքը կախելուց մգանում է, բայց դա չի նշանակում, որ սևանում է: Նա ոտքը գետնին չի կարողանում դնել, հենակների միջոցով է քայլում…: Եթե ես տեսնում եմ իմ պաշտպանյալի իրական վիճակը և դուրս եմ գալիս ու լսում իրենց, չեմ կարող հավատալ նրանց խոսքին»: «ՄԻՊ-ը փոխանակ գնա` փորձի քայլեր ձեռնարկել` ինչ-որ իրավիճակ հարթել, գնում և իմ ասածն է հերքում: Ես այլևս ոչ մի կառույցի չեմ վստահում, նրանց ասածն ինձ համար արդեն հարց լուծող չի կարող լինել, ես այս խնդրի լուծումը միայն Եվրոպական դատարանի միջոցով եմ տեսնում, քանի որ սա իմ պաշտպանյալի նկատմամբ, կարծում եմ, խոշտանգում է: Պատշաճ բուժօգնություն Հովհաննես Հարությունյանը մինչ օրս չի ստացել»,- ասաց Հ. Սարգսյանը: Հարցին, թե ճի՞շտ է, որ Հ. Հարությունյանը վիրահատություն է պահանջել, քանի որ ՄԻՊ-ը նման հաղորդագրություն էր տարածել, փաստաբանն ասաց. «Ո´չ ես, ո´չ իմ պաշտպանյալը, ոչ մի անգամ վիրահատություն չենք պահաջել: Մենք բժիշկ չենք, որ իմանանք` ինչ է նրան պետք: Հետևյալը կասեմ` ես փաստաբան եմ և փաստերի հիման վրա եմ խոսում: Այն փաստաթղթերում, որոնք ինձ տրամադրվել են Հովհաննեսի բժիշկների կողմից, հստակ նշված են եղել, որ նրա վիրահատությունը պլանավորվում է կատարել, ենթադրեք ինչ որ բժշկական գործողությունից հետո: Այսինքն` փաստաթուղթ կա` փաստում է, որ Հովհաննեսը վիրահատության կարիք ունի, թե հետո ինչո՞ւ են մտափոխվում, որ պիտի վիրահատեն, ես չգիտեմ»:

2234 | 0
Facebook