Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երևան» ԲԿ-ի բժիշկները նախկինի պես շարունակում են իրենց աշխատանքը, թեպետ հիվանդանոցի ճակատագիրը դեռևս անորոշ է

17:20, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
«Երևան» ԲԿ-ի բժիշկները նախկինի պես շարունակում են իրենց աշխատանքը, թեպետ հիվանդանոցի ճակատագիրը դեռևս անորոշ է

«Երևան» բժշկական կենտրոնի գլխավոր վիրաբույժ Տարոն Տոնոյանի և Հայկ Բալայանի միջև ստեղծված կոնֆլիկտը, որը մեծ աղմուկ բարձրացրեց ամիսներ առաջ, այդպես էլ լուծում չի ստացել: Հիվանդանոցի ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ: Առայժմ երկու սեփականատերերը (Տարոն Տոնոյան և Հայկ Բալայան) համաձայնության չեն գալիս տնօրենի նշանակման հարցում: Այդ մասին MAMUL.am-ի թղթակցին փոխանցեց Տարոն Տոնոյանը: Միակ դրական քայլը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ այս ընթացքում հիվանդանոցը կարողացել է ամբողջությամբ փակել պետության հանդեպ ունեցած պարտքերը (մոտ 2 մլն դրամից ավելի): «Իմ գործընկերն այդքան որ աղաղակում էր, թե սարսափելի մեծ պարտքերի մեջ է ընկերությունը, այսօր արդեն այդ խնդիրը լուծված է: Միակ խնդիրը, որի շուրջ կարողանանք համաձայնության գալ և լուծել` տնօրենի նշանակման հարցն է, կամ էլ` քաղաքակիրթ ձևով միմյանցից բաժանվելը»,- ասաց նա` նշելով, որ ինքը հարցի կարգավորման տարբեր առաջարկներ է արել, բայց Հ. Բալայանը չի ուզում լսել, քանի որ նրա միակ նպատակը «Երևան» ԲԿ-ի միակ սեփականատեր դառնալն է: «Տարբերակներից մեկն էլ այն է, որ ամեն մեկս 3-ական կամ 5-ական տոկոս բաժնեմաս վաճառենք կոլեկտիվին, որպեսզի կոլեկտիվն աշխատանքային մասնակցություն ունենա, բացի այդ` քվեարկություն կկայանա, և հարցը փակուղուց դուրս կգա: Տարբերակ է նաև այն, որ կարող ենք հիվանդանոցը կիսել` ես իմ բժիշկներին կտեղավորեմ, մնացածն ինչպես կուզի, թող այնպես էլ անի` դարձյալ չի համաձայնվում»,- ասաց վիրաբույժը` տեղեկացնելով, որ ամեն առավոտ «Երևան» ԲԿ-ի բուժող բժիշկները նախկինի պես գնում են աշխատավայր, շարունակում իրենց աշխատանքը. «Դվիժոկ ենք միացրել, լուսավորել, տաքացրել հիվանդանոցը, նոր հիվանդներ են գալիս, նախկիններն են գալիս, այնուհետև մնացած բուժական գործը կազմակերպում ենք այլ կլինիկաներում»: Տոնոյանի խոսքով` հարցը միայն աշխատողների մեջ չէ` կգտնե՞ն գործ, թե՞ ոչ, այլ հիվանդանոցի ճակատագրի. «Բոլորն էլ գիտեին, որ դա այն հիվանդանոցն է, որտեղ բժիշկը միշտ աջակցել է հիվանդներին: Մեր հիվանդանոցը ճանչված է եղել որպես մատչելի և որակյալ ծառայություններ մատուցող հիվանդանոց: Իսկ թե ինչ նոր բան է մտածում իմ գործընկերը, որ նախընտրում է հիվանդանոցը փակվի, քան ինչ-որ մի տարբերակով աշխատի, չգիտեմ»,- ասաց Տարոն Տոնոյանը` կարծիք հայտնելով, որ Հայկ Բալայանի մեջ ոչ թե տրամաբանությունն է խոսում, այլ սնափառությունը:

3928 | 0
Facebook