Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Այսօր Լևոն Խեչոյանի ծննդյան օրն է

14:15, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Այսօր Լևոն Խեչոյանի ծննդյան օրն է

Այսօր հանճարեղ գրող Լևեոն Խեչոյանի ծննդյան օրն է: Անվանի արձակագիրը ծնվել է 1955թ. դեկտեմբերի 8-ին` Վրաստանի Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում: 1983 թվականին ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1987 թվականից ապրել է Հրազդան քաղաքում։
     Խեչոյանի անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991թ.` «Խնկի ծառեր» վերնագրով: Նրա պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, իսպաներեն, գերմաներեն: «Սև գիրք, ծանր բզեզ» գրքի համար 1999-ին արժանացել է ՀՀ պետական գրական «ՈՍԿԵ ԵՂԵԳՆ» մեծ մրցանակի: Այս վեպը 2008-ի հոկտեմբերին Լոնդոնի «Taderon Press» հրատարակչությունն անգլերեն լույս է ընծայել «Black Book, Weighty Bug» վերնագրով:

2003-ի սեպտեմբերին Բեյրութում լույս է տեսել Խեչոյանի «Հողի դողը» պատմվածքների ժողովածուն, որի համար 2005-ին արժանացել է Հրանտ Մաթևոսյանի անվան գրական մրցանակի: 2006-ի մարտին լույս է տեսել «Ձայներ և տեսիլքներ» ընտրանին` պատերազմական թեմաներով: 2011-ի ապրիլին լույս է տեսել նրա «Փուշը, Հայր, Փուշը» պատմվածքների ժողովածուն:

2013-ին վերահրատարակվել է Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը, որը 4-րդ դարի պատմական իրադարձությունների հենքով յուրովի մեկնաբանում է նորագույն ժամանակների անկախ հայկական պետականության կայացման դժվարությունները: Այդ առումով վեպը նաև մեր ժամանակների մասին է՝ հասարակական, քաղաքական ու սոցիալական հարցերի առարկայական ճանաչելիությամբ:
     Նույն` 2013 թվականին ՀՀ նախագահի հրամանգրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, սակայն հրաժարվել է ստանալ մեդալը, նշելով՝ «Ես շնորհակալ եմ վստահության համար, սակայն երբ մեր երկրում այս չափի է հասել արտագաղթի ծավալները, ու դրան զուգահեռ՝ սոցիալական ծանր պայմաններին չդիմանալով՝ իմ ազատամարտիկ եղբայրներն այսօր նստացույց են անում, ես այդ մեդալն ընդունել չեմ կարող»:
     Լևոն Խեչոյանը մահացել է 2014 հունվարի 8-ին` Երևանում, ծանր հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո:

2782 | 0
Facebook