Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ապացուցեցի, որ կարող եմ խաղալ և օգտակար լինել թիմիս». Մխիթարյանն՝ Ուկրաինայի, «Զարյա»-ի դեմ խաղի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի մասին

13:20, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
«Ապացուցեցի, որ կարող եմ խաղալ և օգտակար լինել թիմիս». Մխիթարյանն՝ Ուկրաինայի, «Զարյա»-ի դեմ խաղի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի մասին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ իր ակումբի՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում մեկնել է Օդեսա՝ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ Լուգանսկի «Զարյա»-ի դեմ հանդիպմանը մասնակցելու։ Երեկ տեղի է ունեցել նախախային մամուլի ասուլիսը, որին մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանն, ով ավելի վաղ հանդես է եկել Դոնեցկի «Մետալուրգ»-ի և «Շախտյոր»-ի կազմերում։ Մեր հավաքականի ավագը հերթական անգամ փայլել է օտար լեզուների իր իմացությամբ՝ լրագրողների հարցերին պատասխանելով և՛ անգլերեն, և՛ ռուսերեն։

«Միշտ հաճելի է լինել այստեղ՝ Ուկրաինայում։ Լավ հիշողություններ ունեմ այստեղ ապրած տարիներից։ 4 հիանալի տարի եմ անցկացրել Ուկրաինայում։ Բացի այդ, վերջին հանդիպումս, որ անց եմ կացրել Օդեսայում՝ «Շախտյոր»-ի կազմում, շատ կարևոր էր ինձ համար, քանի որ առաջին հեթ-տրիկս ձևակերպեցի։ Շատ հաճելի է կրկին վերադառնալ այստեղ։ Հիմա հետևում եմ, երևի թե, միայն «Շախտյոր»-ի արդյունքներին։ Կարող եմ ասել, որ Ուկրաինայի առաջնության մակարդակը զգալիորեն ընկել է։ Բայց ճակատագիրն է այդպիսին։ «Զարյա»-ի դեմ բարդ հանդիպում է սպասվում՝ եղանակի, խաղադաշտի որակի, «Զարյա»-ի պաշտպանության պատճառով։ Բայց մենք այստեղ ենք եկել հաղթելու և մեր 3 միավորը վաստակելու համար։ Մեր թիմի շատ ֆուտբոլիստներ Ուկրաինայում հանդես չեն եկել՝ նման պայմաններում։ Բայց դա չի նշանակում, որ մենք այստեղ ենք եկել հանձնվելու համար։ Բոլորը պատրաստ են այս պայմաններին և պատրաստ են խաղալ։ Բոլորը 100 տոկոսով տրվելու են խաղին և չեն հանձնվելու։ Կարևոր չէ, թե ով է մրցակիցդ։ Կարևորն այն է, թե ինչպես կխաղաս։ Դու պետք է քեզ հարմարավետ զգաս, իմանաս քո ուժեղ և թույլ կողմերը, որպեսզի ուժեղ կողմերդ օգտագործես հօգուտ թիմիդ»,- նշել է Մխիթարյանը։

Խոսելով «Մանչեսթր Յունայթեդ»-ի՝ Պրեմիեր լիգայում հանդես գալու մասին՝ Հենրիխը նշել է.

«Մենք դեռ չենք հանձնվում Պրեմիեր լիգայում։ Չենք մտածում, որ մրցակցությունից դուրս ենք։ Առջևում դեռ շատ խաղեր կան։ Մենք ամեն ինչ անում ենք՝ լավագույն քառյակում հայտնվելու համար։ Եվ Եվրոպայի լիգայի խաղարկությունում ամեն ինչ կանենք՝ հաջողության հասնելու համար»։

Հարցին, թե ինչու Մոուրինյոն նրան խաղալու հնարավորություն չէր տալիս, Հենրիխը պատասխանեց.

«Չեմ ուզում խոսել այդ մասին, քանի որ դա արդեն անցյալում է: Արդեն սկսել եմ խաղալ։ Դրական մարդ եմ, դրական եմ մտածում, ուրախ կլինեմ ապագայում ավելի շատ խաղաժամանակ ստանալ, բայց դա անկանխատեսելի է։ Պետք է պատրաստ լինես ամեն իրավիճակի։ Եվ ես պատրաստ եմ։ Ես թոփ մակարդակի ֆուտբոլիստ եմ, ու կարևոր չէ, կխաղամ թե ոչ։ Միշտ պատրաստ եմ օգնել թիմին»։

Հարցին, թե ինչ էր այդ ընթացքում ասում Մոուրինյոն՝ Հենրիխը պատասխանեց.

«Մոուրինյոյի հետ շատ ենք խոսել։ Սկզբում, երբ նոր էի միացել թիմին, նա ինձ ասել էր, որ ես պետք է կատարելագործեմ որակներս: Կարծում եմ` նա տեսավ կատարելագործումս և ինձ խաղալու ևս մեկ հնարավորություն տվեց: Դժվար էր հեռվից՝ չխաղալով, դիտել թիմի խաղը, բայց ես աշխատում էի ինձ վրա, մարզումների ընթացքում ապացուցում էի, որ պատրաստ եմ խաղալ և ստանալ այդ հնարավորությունը։ Հիմա ես ապացուցեցի, որ կարող եմ խաղալ և օգտակար լինել թիմիս։ Իհարկե, շարունակելու եմ աշխատել ինձ վրա և անել հնարավոր ամեն բան՝ ավելի հաճախ խաղադաշտ դուրս գալու համար։ Անգլիայի առաջնությունը լրիվ ուրիշ է։ Այստեղ թիմը չի ընդունում քո խաղաոճը, ոչ ոք չի հարմարվելու քեզ, այդ պատճառով մեզ միշտ չէ, որ հաջողվում է գերհարձակվողական ոճի ֆուտբոլ խաղալ, բայց լինում են խաղեր, երբ ողջ ընթացքում առավելություն ունենք։ Ինչ վերաբերում է ինձ, նշեմ, որ կարևոր չէ, թե որտեղ ես խաղում, կարևորը թիմին հարմարվելն է»։

՝
Հենրիխ Մխիթարյանի նախախային մամուլի ասուլիսը
4168 | 0
Facebook