Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի նման վարքագիծ ունեցող պատգամավորն Աժ-ում չլինի». լրագրողների արձագանքը` միջադեպին

12:10, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
«Պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի նման վարքագիծ ունեցող պատգամավորն Աժ-ում չլինի». լրագրողների արձագանքը` միջադեպին

«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը չի պատրատվում իր և ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված դիմել ոստիկանություն կամ ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ իր աչքի առջև ունենալով պատգամավորների անպատիժ մնալու նախորդ փորձերը։
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը բռունցքով հարվածել է լրագրող Վահե Մակարյանին:
     «Հրապարակ» օրաթերթ խմբագիր Արմինե Օհանյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել է. «Հակոբյանը հայտնվել է մի տեղ, որտեղ իրեն հարիր չէ, «Շմայսները» Ռուբիկ Հակոբյանի կողքին հրեշտակներ են»:
     Վերջինը կարծում է, որ գործընկերները պետք է արձագանքեն տեղի ունեցած միջադեպին: «Իրեն հարգող ցանկացած լրագրող չի կարող հանդուրժել, պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի նման վարքագիծ ունեցող պատգամավորն Աժ-ում չլինի: Եթե որևէ մեկ այլ մարդ լիներ, կբռնեին, կնստացնեին, ինքն արտոնյալ է: Կարծում եմ` էթիկայի հանձնաժողովը պետք է քննարկի այս հարցը: Սա լավագույն օրինակն է, թե ինչքան անպաշտպան է լրագրողն իր աշխատանքը կատարելու ընթացքում»,-ասել է Օհանյանը:
     Տեղեկացնենք, որ միջադեպին արձագանքել էր Մարդու իրավունքների պաշտպանը․ ««Հրապարակ» օրաթերթի լրագրողի և ԱԺ պատգամավորի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունները խիստ անհանգստացնող են: Հուսով եմ՝ բոլոր մանրամասներն օբյեկտիվորեն կպարզվեն հնարավորինս սեղմ ժամկետում: Այն կլինի իմ անմիջական ուշադրության կենտրոնում, և կներդնեմ բոլոր ջանքերը հետագայում նման միջադեպերը բացառելու ուղղությամբ: Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը»: Հայտարարությամբ հանդես են եկել նաև լրագրողական երեք կազմակերպություններ՝ «Ազատ լրագրողների ասոցիացիա», «Լրագրողների միավորում», «Մեդիա և իրավունք»: Նշենք, որ լրագրողներն իրենց հերթին ևս աջակցում են Վահե Մակարյանին: Լրագրող Տիրայր Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա ֆիքսենք. Ռուբիկ Հակոբյանը 1984-1990թթ. եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմում, աշխատել է խմբագիր, քաղաքական մեկնաբան, բաժնի վարիչ:
     2016 թվականին հարվածել է լրագրողին՝ խուլիգան անվանել ու դրա համար իրեն շնորհակալություն են հայտնել:
     ՀՔԾ-ը լռում է, Գլխավոր դատախազությունը լռում է, ԱԺ նախագահը լռում է, իսկ «Ժուռնալիստների միությունը» կարձագանքի 2046 թվականին»:

2756 | 0
Facebook