Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չեք կարծո՞ւմ, որ «Նաիրիտ»-ի սնանկացման վճիռը միտումնավոր է հապճեպ կայացվել». Բիշարյանը` նախարարին

17:30, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
«Չեք կարծո՞ւմ, որ «Նաիրիտ»-ի սնանկացման վճիռը միտումնավոր է հապճեպ կայացվել». Բիշարյանը` նախարարին
     ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին դիմելով Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին անդրադարձավ գործարանի սնանկացման ու աշխատողների բողոքի ցույցին: «Կարող էինք «Նաիրիտ»-ը ոտքի հանել ու հնարավորություն տալ աշխատատեղերի բացմանը, բայց.... «Նաիրիտ»-ում ներդրումներ կատարելու համար հայտեր են ներկայացվել ու դրա համար ժամկետ է հրապարակվել, մինչդեռ նոյեմբերի 28-ին անսպասելիորեն տեղի է ունենում սնանկացման հետ կապված դատական նիստ, որտեղ գործարանը սնանկ է ճանաչվում, մինչդեռ նիստը 2017-ին պետք է լիներ: Չգիտես ինչու` առանց կողմերի մասնակցության, նման հապճեպ նիստ է անցկացվում ու վճիռ կայացվում: Չեք կարծո՞ւմ, որ սնանկացման վճիռը միտումնավոր է հապճեպ կայացվել»: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն արձագանքեց. «Սնանկացումն ընկերության առողջացման եղանակներից մեկն է: Խոսքը վերաբերում է պարտքերի սառեցմանն ու առողջացման ծրագրի ներկայացմանը: Դա հնարավորություն է տալիս խթանել ներդրողներին, որպեսզի գան ու առողջացման ծրագիր ներկայացնեն»: Բիշարյանը նշեց, որ «Նաիրիտ»-ի հետ կապված թնջուկը ստեղծել է կառավարությունը` արհամարհելով նաիրիտցիների այսքան տարվա բողոքը: «Ի՞նչ եք առաջարկում նաիրիտցիներին, պարզ ասեք, որ մարդիկ լսեն ու հասկանան»,- հավելեց պատգամավորը: «Նաիրիտը հետխորհրդային տարիներին երբևէ չի եղել շահութաբեր ու թեև շատերին թվում էր` արտադրություն է տեղի ունենում, վճարվում են աշխատավարձեր, դա արվում էր ի հաշիվ պետական տնտեսվարողների: Եթե գտնվի ներդրող, նրա համար կարևոր է լինելու պարտքերի սառեցումը, իսկ սնանկացման վարույթը դա է»,- արձագանքեց Հարությունյանը:
    
     Տեղեկացնենք, որ «Նաիրիրտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Ազգային ժողովի դիմաց: Նրանք պահանջում էին չեղյալ հայտարարել գործարանի սնանկացման գաղտնի որոշումը և վերագործարկել «Նաիրիտը»: «Մենք տեղյակ էինք, որ հունվարի 25-ին դատարանում պետք է լինի գործարանի սնանկացման գործընթացի դատական նիստը, բայց, չգիտես ինչու, այն տեղի ունեցավ նոյեմբերի 28-ին, այն էլ շատ գաղտնի պայմաններում: Այդ նիստին նույնիսկ մեկ նաիրիտցի չի մասնակցել»,- պատմել են սնանկ ճանաչված գործարանի նախկին աշխատակիցները: Նրանց խոսքով, այս պահին էլ ներդրող կա` Սլովակիայի հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանն է, որը պատրաստ է 100-150 մլն դոլար ներդնել «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար: Իսկ թե ինչու Կառավարությունը չի ցանկանում դա, մնում է միայն ենթադրություններ անել. «Պատճառը, կարծում եմ, գործարանը փակելն ու անդունդը տանելն է, որպեսզի դրանից հետո սկսեն իրենց թալանը: Իրենք լավ էլ գիտեն, թե ովքեր են մեղավորները: Թող մեղավորներին պատասխանատվության ենթարկեն նախևառաջ»,- պահանջում էին նրանք:
2149 | 1
Facebook