Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Եթե մինչ այսօր ԴԱՀԿ-ն գույքն էր բռնի կերպով վերցնում, հիմա էլ երեխաների՞ն պետք է վերցնի». Վահան Թումասյանը չի հավատում երեխաներին ընտանիքից օտարելու նախագծի լրջությանը

17:05, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
«Եթե մինչ այսօր ԴԱՀԿ-ն գույքն էր բռնի կերպով վերցնում, հիմա էլ երեխաների՞ն պետք է վերցնի». Վահան Թումասյանը չի հավատում երեխաներին ընտանիքից օտարելու նախագծի լրջությանը

Վերջին շրջանում շատ է քննարկվում «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագիծը և թե ինչ է սպասվում դրա ընդունումից հետո: Հայտնի է, որ դրանով խնամատարության են հանձնվելու կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաները: Հաշվի առնելով, որ Հայաստանում բնակչության առնվազն կեսից ավելին սոցիալական ծանր պայմանների պատճառով չի կարողանում ապահովել երեխաների սննդի, հանգստի, առողջության, բնակարանային պայմանների նվազագույն պահանջները, ուստի և այդ ընտանիքները հայտնվում են ռիսկային գոտում։ Այս առումով ռիսկային է համարվում Գյումրին, որտեղ աղքատությունը համեմատաբար բարձր տոկոս է կազմում:


     - Պարո´ն Թումասյան, անշուշտ տեղյակ եք այդ աղմկահարույց նախագծից, ի՞նչ կարող եք ասել դրա մասին:


     - Կարծում եմ` կարող է և այդ օրենքը չընդունվել, որովհետև առանց այդ օրենքն ընդունելու էլ` երեխա ունեցող ընտանիքներն իրենց երեխաներին ոչ թե բռնությունից փրկելու, այլ թերսնվածությունից, սովից փրկելու համար տանում, հանձնում են հատուկ խնամքի կենտրոններ: Կարող են ոչ մի էներգիա էլ չծախսել այդ օրենքի վրա: Իրենք թող շարունակեն այս աղքատությունը խորացնել և բոլոր ընտանիքների երեխաները կհայտնվեն հատուկ խնամքի կենտրոններում:


     - Հատկապես Գյումրիում սոցիալական վիճակն ավելի է սրված և բնակչության մեծամասնությունը կարիքավոր ընտանիքներ են, մտավախություն չունե՞ք, որ նախագծի ընդունումից հետո կթիրախավորվի Գյումրին:


     - Երբ ես տեսա այդ նախագծի շուրջ բարձրացված աղմուկը, հասկացա, որ այն ընդամենը ձևական է: Աղքատության պայմաններում բոլոր ընտանիքներն էլ իրենց երեխաներին տալիս են հատուկ խնամքի կենտրոններ, իսկ բռնություններ կամ չգիտեմ ինչեր լինում են նման ընտանիքներում: Իսկ եթե հարուստ ընտանիքներում է բռնություն լինում, նրանք հաստատ այդ հարուստի դուռը չեն գնա:


     - Բայց խնդիրն այստեղ այլ է: Ըստ շրջանառվող լուրերի, այդ երեխաներին ժամանակավոր հատուկ կենտրոններ տեղափոխելուց հետո հանձնելու են եվրոպական ընտանիքների, որոնց մասին ոչ ոք ոչինչ չգիտի:


     - Այսինքն` եթե մինչ այսօր ԴԱՀԿ-ն գույքն էր բռնի կերպով վերցնում մարդկանցից, հիմա էլ երեխաների՞ն պետք է վերցնի: Ես չգիտեմ` ում պիտի տան այդ երեխաներին, բայց իրենք, եթե իսկապես ուզում են Հայաստանում այդ խնդիրը` բռնությունները, վերանան, պետք է նախ բարելավեն սոցիալական վիճակը, որովհետև սոցիալական վիճակը, աղքատությունը, թերսնվածությունը, թշվառությունը բերում են ընտանիքների քայքայման: Ի դեպ, նման բացասական երևույթները նկատելի են միայն տնակային ավանների ընտանիքներում: Ինչո՞ւ, որովհետև թշվառությունն ու աղքատությունը հանգեցնում են բոլոր բացասական երևույթների աճին, այն պարարտ հող է ամեն տեսակի բռնությունների: Եվ իրենք փոխանակ փորձեն հիմքից դիտարկել խնդիրը և վերացնել այն, երեխային են տալիս չգիտեմ ում: Իհարկե, վստահ եմ` այդ նախագիծը չի աշխատելու Հայաստանում, այն շատ հիմար նախագիծ է:


     - Բայց խոսվում է, որ այդ նախագիծն անցկացնելու համար եվրոպացիները նախապես են վճարել մեր իշխանություններին. ստացվում է գումարն արդեն չկա` «ծախսվել է», իսկ գործը մնացել է անկատար…


     - Գումարը կանխիկ տալիս ես, գործը չեն անում, էլ ո՞ւր մնաց` «կերած» գումարի դիմաց ինչ-որ բան անեն:


     - Այսինքն` կարծում եք, որ մարդիկ զուր տե՞ղն են աղմուկ բարձրացնում, մտահոգվում:


     - Դե բնական է, երբ որ մամուլը գրում է, որ հայ ավանդական բարքուվարքին ոչ հարիր օրենք է ընդունվելու, մարդիկ հուզվում են, նաև` քաղաքական ֆոնի վրա: Իհարկե, տհաճ է և մտահոգիչ, որ մենք հասել ենք այն օրվան, որ նման հակահայկական օրենքներ ենք ընդունելու, բայց դրա մասին չի խոսքս, ես ասում եմ, որ այդ օրենքը չի աշխատելու:


     - Բայց համացանցում տարածված վարչապետի խորհրդականի խոսքը հստակ էր` «չնայած կլինեն գոռգոռոցներ, ծանր հոգեբանական իրավիճակներ, բայց այն պետք է կատարվի...»: Հայ պաշտոնյան ինչո՞ւ է նման սառնասրտությամբ այդպիսի բան ասում:


     - Այդ տղան ի՞նչ է հասկանում կյանքից, ի՞նչ գիտի աղքատ ընտանիքն ի՞նչ բան է, երբևէ տեսե՞լ է…: Նրանք կյանքից կտրված ինչ-որ միջավայր են ստեղծել և իրենց չգրված օրենքներով են ապրում: Այդ մարդիկ, իշխանության սիրուն հագած-կապված այդ տղաները, իրենք էլ են ինքնամեկուսացած կյանքով ապրում. նրանք ի՞նչ գիտեն կյանքն ի՞նչ բան է: Ո՞վ է նա, որ հազար պրոբլեմի մեջ նրա խոսքը լսենք և վերլուծենք: Նա իր կյանքում երբևէ, որևէ ընտանիքի մատից փուշ հանե՞լ է…:

3413 | 0
Facebook