Թույլ տեսողություն ունեցող մարդկանց համար նախատեսված տեսալսողական հատուկ ծրագրեր գոյություն չունեն, այդ իսկ պատճառով նրանց համար շատ դժվար է ընթերցանությամբ զբաղվելը: Սակայն գիտնականները հայտնագործել են նոր սարք, որը հնարավորություն է տալիս թույլ տեսողություն ունեցող մարդկանց ազատվել կարդալու ժամանակ առաջացող խոչընդոտներից: News Discovery լրատվականի հաղորդմամբ` այն մատին ամրացվող համակարգչային փոքր սարք է, որը բարձրաձայն «կարդում» է տպագրված տեքստը: Ընթերցողն այն մատով, որի վրա ամրացված է սարքը, հետևում է տեքստին՝ միևնույն ժամանակ սարքի կողմից ստանալով բառերի հետադարձ ձայնային արձագանքները: Սարքն ընթերցողին զգուշացնում է նաև պարբերության ավարտի, նոր պարբերության սկզբի և տեքստի մեջ առկա այլ կարևոր մանրամասների մասին: Այսպիսով, այն հնարավորություն է ընձեռում թույլ տեսողությամբ մարդկանց հստակ պատկերացում կազմել սարքի միջոցով կարդացվող տեքստի կառուցվածքի վերաբերյալ: