Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի աղջիկ բերեցին. ոտքերի փոխարեն ոսկորներից ու մսից շիլա է. որոշեցի, որ նրան այցելելու եմ». Արման Աբովյան

11:15, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
«Մի աղջիկ բերեցին. ոտքերի փոխարեն ոսկորներից ու մսից շիլա է. որոշեցի, որ նրան այցելելու եմ». Արման Աբովյան

Դեկտեմբերի 7, Երևան: Ես 14 տարեկան եմ: Դպրոցում, ֆիզիկայի ժամին, զանգից մի քանի րոպե առաջ սկսեց ցնցվել, պատուհանները թափվեցին, մենք դուրս վազեցինք բակ: Տնօրենն ու ուսուցիչները վերջիններն էին, որ դուրս եկան դպրոցից: Երեխաները չէին լալիս, անգամ` առաջին դասարանցիները:

Դեկտեմբերի 8: Հայրիկը գիշերը գնաց Լենինական, մայրիկը թաքուն լալիս էր, որ մեզ չվախեցնի: Մենք որոշեցինք դասարանով գնալ հիվանդանոց` որպես կամավոր:

Դեկտեմբերի 9: Երևան, Միքայելյանի անվան հիվանդանոց: Վիրավորներ, վիրավորներ, վիրավորներ ամենուրեք` միջանցքներում, անցուղիներում, հարկերում, ամենուրեք արյան կծվահոտ է և սև ինչ-որ բանով թաթախված թանզիֆներ: Մի աղջիկ բերեցին, ես ու Գրիգորը նրան պատգարակով քարշ ենք տալիս 4-րդ հարկ: Աղջիկը փոքր է, 7-8 տարեկան: Անունն Արմինե է: Ոտքերի փոխարեն ոսկորներից ու մսից շիլա է: Որոշեցի, որ նրան այցելելու եմ:

Դեկտեմբերի 10: Հիվանդանոց եկան բժիշկներ Լենինգրադից ու Ֆրանսիայից, ասում են, որ նույնիսկ 2 իսկական ամերիկացի կա ու մի բուժքույր էլ է այնտեղից, ասում են` նեգրուհի է: Ամսի 8-ից դասարանցիներից ոչ ոք տանը չի եղել: Ցերեկ ու գիշեր, գիշեր ու ցերեկ խառնվել է մի մղձավանջային խճանկարի մեջ` բաղկացած աղաղակներից, մահերից, հայհոյանքներից, սպիտակ խալաթներից: Առաջինը վատացավ մեր դասարանցի Նվարդիկը, 3 օր անքուն, տարան տուն:

Դեկտեմբերի 11: Դասարանցի Շուբին Պետյան` մոլոկան, թիկնեղ մի տղա` 2 մետրանոց հասակով, ծածուկ լալիս էր հիվանդանոցի դիահերձարանի մոտ: Մենակ ես տեսա, բայց որոշեցի տղերքին չասել: Ջնջխված ոտքերով Արմինեն դեռ ուշքի չի եկել: Բժիշկը հարցրեց` նրա ինչն եմ, ստեցի, ասացի` եղբայրն եմ:

Դեկտեմբերի 12: Սովորեցի ծխել ինչ-որ զզվելի ծխախոտներ մենթոլով: Վրայիցս քրտնքի ու վալիդոլի հոտ է գալիս: Եկավ հայրիկը` դուրս թափվող աչքերով նայեց, գրկեց ու ասաց, որ տուն գնամ: Հրաժարվեցի: Հայրիկս ձեռքս ամուր սեղմեց, կյանքում առաջին անգամ սեղմեց` ինչպես տղամարդու ձեռքն ու գնաց: Տեսա, որ գրպանիս մեջ երևում էր ծխախոտի տուփը: Հայրիկս ոչինչ չասաց:

Դեկտեմբերի 13: Դասարանից ոտքի վրա մնացինք ես, Գուրգենը, Արսենն, Արմենն ու Արամայիսը: Արդեն մենք էլ կարող ենք գնալ, արտասահմանից եկած բժիշկներն ու բուժանձնակազմն արդեն բավական են: Տպավորություն է, թե հիվանդանոցը վերածվել է Բաբելոնի` գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուները լսվում են ամեն տեղից: Ուզում եմ ուտել ու քնել:

Դեկտեմբերի 14: Վերև բարձրացա Արմինեյի մոտ: Բժիշկն ասաց, որ նրան տարել են: Միջանցքում լսեցի` ասում էին, որ նա մահացել է: Էլ ոչինչ չեմ հիշում: Ուշքի եկա տանը: Մայրիկն ասում էր, որ ուշաթափվել եմ ու ինձ տուն են բերել:

Դեկտեմբերի 15: Վերջ: Իմ ամբողջ մանկությունը մնաց այնտեղ, այն հիվանդանոցում` արյունոտ թանզիֆների, վիրավորների ճիչերի ու Արմինեի հետ:

1988 թվական դեկտեմբերի 7: Հայաստանի սարսափելի երկրաշարժի օրն է, որ տարավ շուրջ 30 հազար կյանք Լենինականում ու Սպիտակում:

12363 | 1
Facebook