Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այսօր ամոթի օր է, զսպեք ձեզ` գառան մորթի հագած պաշտոնյաներ». Դ. Սանասարյան

11:20, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
«Այսօր ամոթի օր է, զսպեք ձեզ` գառան մորթի հագած պաշտոնյաներ». Դ. Սանասարյան

Ամոթի օրը
     4 տարեկան էի, երբ երկրաշարժը գետնին հավասարեցրեց Գյումրու, Սպիտակի ու հարակից տարածքների շենքերը.....
     Հիշողությանս մեջ մնացել է մի քանի դրվագ, երբ մանկապարտեզում մեզ կիսատ-պռատ հագցրած դուրս բերեցին ու անհասկանալի խառնաշփոթ էր, իսկ օրեր անց, հիշում եմ, ծնողներս ասացին, որ պետք է մեր հագուստներով, խաղալիքներով օգնենք մեր նման մանուկներին, ովքեր մեզնից շատ ունեն դրանց կարիքը...
     Եւ ամենաընդգծվածը հորս ասածներն էր տպավորվել մեջս. երկրաշարժի օրերին ինժեներներով հավաքվել էին ու գնացել էին փլատակների տակից մարդ որոնելու...Այն, ինչ տեսել էր հայրս, այն ապրումները, երբ ունեցել էր այդ օրերին` նստվածք էր թողել նրա վրա ու անընդհատ խուսափում էր բարձրահարկ շենքեր գնալուց...
     Բնության այդ աղետը ոչ միայն մարդկային կյանքեր էր խլել, ոչ միայն սեփականություններ, արվեստի ու մշակույթի հետքեր էր ջնջել, այլ հետք էր թողել մարդկանց հոգեբանության մեջ, վախը պատել էր հատկապես դաժանությունների ականատեսներին...
     Ամեն մեկս կարող ենք հիշել մի քիչ ավել, մի քիչ պակաս, ավելի հուզառատ գրառումներ անենք ֆեյսբուքում և այլուր, բայց աղետի գոտի ասվածը դեռևս մնացել է մեր ճակատներին... Երկրաշարժից 28 տարի անց, մենք ունենք կիսախարխուլ տնականերում չակերտավոր ապրողներ և Գյումրին, Սպիտակը և Հայաստանն ընդհանուր առմամբ ոտնատակ տվող հանցագործ-իշխանավորներ, մեծահարուստներ, ովքեր ամեն տարի երկրաշարժի օրը հուզառատ դեմքով իբր ցավ են ապրում երկրաշարժի հետևանքներից, կենացներ ու ֆեյսբուքյան գրառումներ անում, բայց թատրոնների վարագույրներից այն կողմ` ամեն օր զխկտվում են ճոխ սեղաններից, թալանում են ՀՀ քաղաքացուն, միլիարդներ են կուտակում եվրոպական բանկերում, միլիարդներ են կուտակում Հայաստանը լքած քաղաքացիների ամայի թողած հողերի ու շենքերի հաշվին....
     Այսօր ամոթի օրն է, զսպեք ձեզ գառան մորթի հագած պաշտոնյաներ, ավելի լավ է լռեք, և ոչ թե կեղծ ճառերով լցնեք մարդկանց` առանց այդ էլ բռնաբարված ուղեղները...
     Հ.Գ. Սա գրել էի անցած տարի, բայց ոչ մի բան չի փոխվել:

3774 | 0
Facebook