Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչպիսի մարտահրավերների առջև են կանգնում հետաքննող լրագրողները

16:16, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Ինչպիսի մարտահրավերների առջև են կանգնում հետաքննող լրագրողները

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ` դեկտեմբերի 6-8-ն անցկացվող «Թվապատում հետաքննություն. մեդիան ընդդեմ կոռուպցիայի» եռօրյա լրագրողական կոնֆերանսի շրջանակում աշխարհի 10 երկրից ժամանած հետաքննական լրագրության ոլորտի 16 հայտնի մասնագետներ հայաստանյան գործընկերների հետ կկիսվեն իրենց փորձով ու ձեռքբերումներով: Կոնֆերանսի նպատակն է խթանել հետաքննական լրագրությունը Հայաստանում, բանախոսությունների, ցուցադրությունների, գործնական դասերի միջոցով ներկայացնել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կոռուպցիայի դրսևորումներն ու մարդու իրավունքներին առնչվող տարբեր երկրների փորձը:
     Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը հանդիպման ընթացքում նշեց, որ հետաքննական լրագրության մեջ բացահայտումը լրագրության կարևորագույն գործառույթներից մեկն է։ Նրա խոսքով` այսօր, տարբեր երկրներում, լուրջ մարտահրավերների առջև են կանգնում հետաքննական լրագրությամբ զբաղվող կենտրոնները, անհատները` պայքարելով ժամանակակից աշխարհի չարիքների դեմ, որոնց թվում է նաև կոռուպցիան:
     Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, թեմայի շրջանակում ասաց, որ աշխարհի շատ երկրների «խիզախ» լրագրողներ ջանք չեն խնայում կոռուպցիայի դրսևորումները ջրի երես հանելու համար: «Հաճախ այս լրագրողները բախվում են դժվարությունների, մարտահրավերների, և նույնիսկ դառնում սպառնալիքների թիրախ: Սակայն նրանք շարունակում են հետաքննել, խորամուխ լինել և լուսաբանել` գիտացկելով իրենց աշխատանքի կարևորությունը: Լրատվամիջոցները պետք է կարողանան ազատ լուսաբանել` առանց կաշկանդվելու պաշտոնական լրահոսով, ազատ հարցազրույց վերցնել փորձագետներից` անկախ նրանց քաղաքական դիրքորոշումներից, ազատ գովազդել` առաջնորդվելով բիզնես որոշումներով, այլ ոչ` քաղաքական ճնշմամբ»,- նշեց նա:

1428 | 0
Facebook