Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Միայն ասում են, որ պետք է սպասենք, իսկ գործնականում ոչինչ չի արվում». Հրաչյա Հարությունյանի դուստրը` հորը` հայրենիք տեղափոխելու մասին

16:55, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
«Միայն ասում են, որ պետք է սպասենք, իսկ գործնականում ոչինչ չի արվում». Հրաչյա Հարությունյանի դուստրը` հորը` հայրենիք տեղափոխելու մասին

Մոսկվայում 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված, 18 հոգու մահվան պատճառ դարձած «Կամազ» բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առայժմ որևէ հստակ պատասխան չկա պատկան կառույցներից, թե ինչու են շարունակ ձգձգում հորը հայրենիք տեղափոխելու հարցը: «Ոչ մի նորություն չունենք, ամեն ինչ նույնն է: Վերջին անգամ մոտավորապես 1 ամիս առաջ ենք դիմել Արդարադատության նախարարությանը: Միայն ասում են, որ պետք է սպասենք, իսկ եթե անկեղծ` կոնկրետ ոչինչ չեն ասում»,- տեղեկացրեց Լիլիթը` հավելելով, որ սկզբնական շրջանում ասում էին, որ 1 տարին գոնե պիտի լրացած լինի, որպեսզի կարողանան տեղափոխման հարց բարձրացնել. «Տարին լրացավ, ինչ-ինչ պատճառներով նորից հետաձգվեց ու մինչ օրս անորոշ վիճակում է»:
     Թե ինչ են ասում խնդրի առնչությամբ հոր փաստաբանները, Լ. Հարությունյանը պատասխանեց. «Սա այն հարցն է, որը ոչ մի փաստաբան լուծել չի կարող: Դրանով պետք է զբաղվի մեր և Ռուսաստանի արդարադատության նախարարությունը: Իսկ նրանք ոչինչ չեն ասում, չեն պարզեցնում ` ինչ են անում, ինչ են մտածում այդ ուղղությամբ և թե ինչ է լինելու…»:
     Հիշեցնենք` 2013թ. հուլիսի 13-ին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մոտակայքում բեռնատարով բախվել էր ավտոբուսին: 18 հոգի մահացել էր, 60-ից ավելի մարդ վիրավորվել: Ռուսաստանի դատարանը վերջինին մեղավոր էր ճանաչել վթարի համար և դատապարտել ազատազրկման: Հարությունյանի գործը մեծ աղմուկ բարձրացրեց հատկապես այն բանի համար, երբ վթարից հետո նրան դատարան էին տարել չսափրված, կանացի խալաթով և հողաթափերով:
     Ինչ վերաբերում է ՀՀ արդարադատության նախարարությանը, արդեն երկար ժամանակ է հայտարարում է, թե շուտով Հրաչյա Հարությունյանին կտեղափոխեն Հայաստան, սակայն, գործնականում, ոչինչ չի արվում:
     Ինչպես Լիլիթ Հարությունյանն ասաց, հարազատները դեպքից հետո մինչ օրս ոչ մի անգամ չեն տեսակցել Հրաչյա Հարությունյանի հետ:

2699 | 0
Facebook