Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կիլիկիո կաթողիկոսարանը տարածքի վերադարձի հայցով դիմում է ՄԻԵԴ

11:55, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Կիլիկիո կաթողիկոսարանը տարածքի վերադարձի հայցով դիմում է ՄԻԵԴ
     Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է Սիսի կաթողիկոսարանի տարածքի վերադարձի մասին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պահանջով դատի քննարկումը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարել է հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարան տանելու մասին: «Դեկտեմբերի 6­-ը կարևոր օր է լինելու ընդհանրապես հայ ժողովրդի և մասնավորապես հայ եկեղեցու համար: Սա առաջին իրավական քայլն է ընդդեմ Թուրքիայի` 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո: Իրավական այս գործընթացը երկար և լուրջ մտորումների, խորհրդակցության և ուսումնասիրության արդյունք է` հիմնված միջազգային իրավունքի վրա, այդ թվում և 1932 թվականի Լոզանի կոնֆերանսի որոշումների վրա, որն առնչվում է Թուրքիայի Հանրապետության սահմաններում բնակվող փոքրամասնություններին»,­ հայտարարել է Արամ Ա կաթողիկոսը Լիբանանից ուղիղ տեսաուղերձի ժամանակ: Նա համոզմունք է հայտնել, որ եկել է ժամանակը ճանաչման փուլից անցնելու փոխհատուցման փուլի` այդ ճանապարհին չմոռանալով Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը: «Դեկտեմբերի 6-­ին մեր թղթածրարն, այլ խոսքով` Սիսի կաթողիկոսարանի վերադարձի մեր պահանջը պաշտոնապես պետք է Ստրասբուրգում ներկայացվի ՄԻԵԴ:
     Հաջորդ օրը` դեկտեմբերի 7­-ին, Բելգիայում մամուլի ազգային ակումբում տեղի կունենա հրապարակային մամուլի ասուլիս` մասնակցությամբ մեր իրավական մարմնի հինգ անդամների: Ասուլիսին ներկա կլինեն միջազգային մամուլի ներկայացուցիչները, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական ու կուսակցական պատասխանատուներ»,­- հայտարարել է Արամ Ա կաթողիկոսը:
     Նա նշել է, որ այս դատը Մեծի Տանն Կիլիկիո դատը չէ, ոչ էլ մեր եկեղեցու դատն է, այլ մեր ժողովրդի: «Մենք այս գիտակցությամբ, այս հեռանկարով ճամփա ելանք և պետք է շարունակենք իրավական այս ընթացքը: Մենք պետք է շարունակենք Ցեղասպանության ճանաչման գործընթացը: Միաժամանակ, հավատացած եմ, որ ժամանակը եկել է, որ մենք` Հայաստանը և Սփյուռքը, մեր բոլոր կազմակերպություններով պետք է մուտք գործենք իրավական դաշտ: Մենք պահանջատեր ժողովուրդ ենք»,­ հայտարարել է նա: Արամ Ա կաթողիկոսը հայտարարել է, որ հայկական հարցը արդարության հարցն է: «Դա մեր ժողովրդի հարցն է: Մենք երբեք չենք մոռանում Հայոց ցեղասպանությունը: Ճանաչումն ու փոխհատուցումը մեր հստակ պահանջն է որպես ժողովուրդ և եկեղեցի: Մենք ցանկանում ենք արդարություն միջազգային հանրությունից»,-­ հայտարարել է նա:
2387 | 0
Facebook