Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչ հետևանքներ կարող է ունենալ երկարատև սթրեսը

20:30, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Ինչ հետևանքներ կարող է ունենալ երկարատև սթրեսը

Մեր նախորդ հոդվածում հակիրճ խոսել ենք սթրեսի առաջացման պատճառների մասին: Այժմ կխոսենք սթրեսի հնարավոր հետևանքների մասին:
     Ամեն անգամ լարված իրավիճակում հայտնվելով` մենք բախվում ենք սթրեսի հետ: Քննություններին նախապատրաստվելը, կարճ ժամկետում ծավալուն աշխատանք կատարելու փորձերը, վերջ չունեցող գործերը հասցնելու մշտական անհրաժեշտությունը ներքին լարվածության պատճառ են դառնում: Սթրեսային իրավիճակում կարող է հայտնվել մեզնից յուրաքանչյուրը: Ղեկավարն ու աշխատակիցը, տնային տնտեսուհին և ուսանողը կարող են նույն կերպ վերապրել այդ գործընթացը:
     Կարճատև սթրեսը մեծ վնաս չի հասցնում մարդուն, ավելին, այն անգամ օգտակար է: Այն թրծում է մեր օրգանիզմը` սովորեցնելով հետագայում պայքարել բացասական գործոնների դեմ, իսկ ահա երկարատև սթրեսը կարող է բացասական հետևանքներ ունենալ մեր առողջության համար:
     Երբ մարդը հայտնվում է սթրեսային իրավիճակում, մակերիկամներն սկսում են կորտիզոլ, ադրենալին, ալդոստերոն, էստրոգեն տեսակի հորմոններ արտադրել, որոնք մոբիլիզացնում են ներքին ռեսուրսները և թույլ են տալիս հաղթահարել սթրեսային իրավիճակը: Դրանց դրական հետևանքների գլխավոր պայմանն օրգանիզմի` բնականոն իրավիճակի շուտափույթ վերականգնումն է: Բայց երբ լարվածությունը ձգվում է, օրգանիզմն սպառում է իր պաշարները: Արտադրված նյութերն սկսում են վնասել: Իրավիճակը խորանում է նաև նրանով, որ ժամանակակից մարդը նստակյաց կենսակերպ է վարում: Տեղում նստած մնալով` նա թույլ չի տալիս, որ արտազատված հորմոնները դուրս գան օրգանիզմից: Օրգանիզմում «թափառելով»` դրանք թույլ չեն տալիս, որ նյարդային համակարգը հանգստանա, և ներսից քայքայում են օրգանիզմը: Դա ազդում է ինչպես մարդու հոգեկան, այնպես էլ` ֆիզիկական առողջության վրա: Վնասվում են գրեթե բոլոր օրգանները` գլխուղեղը, սիրտը, անոթները, ստամոքսն, էնդոկրին և նյրադային համակարգերն, անգամ ոսկրերն ու մկանները:
     Սթրեսի ամենատարածված հոգեբանական ախտանշաններն են` հոգնածությունը, գրգռվածությունը և, անգամ, ագրեսիան, ընկճախտը, ախորժակի կորուստը, անքնությունն ու գիշերային մղձավանջները, կենտրոնացման բացակայությունը, նաև տրամադրության կտրուկ անկումը:
     Ֆիզիոլոգիական դրսևորումներից են փորկապությունն ու լուծը, դերմատիտը, զարկերակային բարձր ճնշումը, միգրենը, նաև կրծքի, գոտկատեղի կամ էլ մեջքի ցավերը: Այս ախտանշանները հաճախ չեն կապում սթրեսի հետ` դրաց ի հայտ գալն այլ պատճառներով բացատրելով, բայց, հիմնականում, դրանք առաջանում են հենց սթրեսի պատճառով:
     Երկարատև կամ էլ քրոնիկ սթրեսը կյանքի տարբեր բնագավառներում արգելակումների պատճառ է դառնում: Լարված իրավիճակում գտնվող մարդն այլևս ընդունակ չէ պահպանել կյանքի նախկին ռիթմը: Գրգռվածությունն, ագրեսիան կործանում են մարդկային հարաբերություններն ընտանիքի ներսում և մտերիմների շրջապատում: Սթերսը խաթարում է արտադրողականությունը, մասնագիտական անկումների պատճառ դառնում: Որպես հետևանք` մարդը կարող է հայտնվել աշխատանքը կորցնելու սպառնալիքի տակ, նյութական խնդիրներ ունենալ, կորցնել ընկերներին և մշտական կոնֆլիկտների մեջ լինել:
     Եթե բախվել եք նման խնդիրների հետ, դիմեք մասնագետների, ովքեր կօգնեն Ձեզ դուրս գալ այդ իրավիճակից: Իսկ եթե, այնուամենայնիվ, որոշել եք ինքնուրույն պայքարել սթրեսի դեմ, ապա մեր հաջորդ հոդվածում կարող եք կարդալ պայքարի եղանակների մասին:
    
     Հեղինակ` Արշալույս Մուշկամբարյան

11395 | 0
Facebook