Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քառօրյա պատերազմից հետո պայքարի ուժն ամրապնդվեց, իսկ ծառայակիցների նկատմամբ հոգատարությունն ավելացավ». զինծառայող Գ. Ներսեսյան

20:15, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
«Քառօրյա պատերազմից հետո պայքարի ուժն ամրապնդվեց, իսկ ծառայակիցների նկատմամբ հոգատարությունն ավելացավ». զինծառայող Գ. Ներսեսյան
     Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հենակետերից մեկում 2004-ից որպես սպա է ծառայում Գրիգոր Ներսեսյանը: Ընդունվելով և ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը` ծառայության է անցել Հայոց բանակում: Խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմի մասին` զինծառայողը հույս հայտնեց, որ այն այլևս երբեք չկրկնվի. «Վճռական տրամադրվածության մասին խոսք լինել չի կարող, քանզի պատերազմից հետո պայքարելու ուժն ավելի է ամրապնդվել, այն է` հակառակորդին ոչ մի վայրկյան շանս չնձեռել, չուրախացնել: Բոլոր դեպքերում պատրաստ ենք մեզ հասցված վնասի դիմաց առավելագույնը ստանալու, մեր զոհերի դիմաց իրենց կրկնակի, եռակի զոհ պատճառելով: Պատրաստ ենք ամեն առումով»,- ասաց զինծառայողը` դիրքեր այցելած MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում: Գրիգորի խոսքով` ապրիլից հետո շատ բան է փոխվել նաև ներքին հարաբերություններում. ավելացել է միմյանց հանդեպ հոգատարությունը, առավել ևս, որ արդեն լավ են ճանաչում միմյանց, ընկերներ են: Գրիգորի խոսքով` այժմ սահմանին հարաբերական հանգիստ է:
     Սպա Ներսեսյանը Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեղձավան գյուղից է, ամուսնացած է, ունի 2 որդի: Հետագայում էլ պատրաստվում է շարունակել զինվորական ծառայությունը: Սահմանից իր շնորհավորանքն ու բարեմաղթանքներն է հղում բոլորին. «Ամանորն անցկացնելու ենք շատ բարձր տրամադրությամբ, զգոնությունն առավելագույնին ենք հասցնելու: Ցանկանում եմ, որ 2017-ին ով ինչ գործ նախաձեռնել է, հաջողությամբ ավարտին հասցնի, երկրին էլ խաղաղություն եմ ցանկանում, իսկ ընտանիքիս ու կնոջս` համբերություն»:
2917 | 0
Facebook