Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արցախի կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի թալիշցիները վերադառնան». Արտակ Բեգլարյան

17:05, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
«Արցախի կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի թալիշցիները վերադառնան». Արտակ Բեգլարյան
     Քառօրյա պատերազմից հետո դատարկված Թալիշում ամիսներ անց սկսվել ու շարունակվում են փողոցներն ու տները նախկին տեսքին բերելու աշխատանքները: ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը MAMUL.am լրատվականի թղթակից հետ զրույցում նշեց, որ առաջնայինն անվտանգության ապահովումն է: «Թալիշի անվտանգության ապահովումն առաջին հերթին ազգային արժանապատվության հարց է, հետո նոր վերականգնումն ու վերաբնակեցումը, որովհետև սրանք ոչինչ կլինեն, եթե անվտանգություն չապահովենք տվյալ և մնացած գյուղերի բնակչության համար: Անվտանգության ապահովման համար համապատասխան քայլեր մինչև հիմա էլ կատարվել են և համոզված եմ` նաև առաջիկայում կկատարվեն` առաջնագծի ամրացման, ինժեներական ամրությունների ստեղծման կամ բարելավման և նաև համապատասխան դիտարկման համակարգերի տեղադրման ուղղությամբ: Այս ամենը բարձրացնում է անվտանգության երաշխիքները Թալիշի բնակչության համար: Անվտանգության և բարեկարգման աշխատանքները կատարվում են զուգահեռ: Ըստ հանձնարարականի` հնարավորինն արվելու է, որպեսզի այնտեղ ոչ միայն բարձր անվտանգության պայմաններ ստեղծվեն, այլ նաև բնակվելու համար ավելի լավ պայմաններ լինեն»:
     Վերջինի խոսքով` այս պահի դրությամբ Թալիշ ընդամենը 10 տղամարդ է գնում-գալիս: Նրանց մեծ մասն ապրում է Մարտակերտի շրջանի Ալաշան համայնքում: «24-25 ընտանիքի պայմաններ են տրամադրված, դպրոց կա, հավանաբար նաև այլ ընտանիքների էլ շուտով կտեղավորեն այնտեղ: Մի մասը գնում են Թալիշ` այգիների հարցով, իսկ աշխատանքի հնարավորությունը մանկավարժ աշխատելն է. ովքեր կողքի գյուղերում էին աշխատել, հիմա էլի աշխատում են: Թալիշում անասնապահությունը զարգացած է եղել, հիմնական եկամտի աղբյուրներից մեկը հենց դա է եղել: Իմ տեղեկություններով` հիմնական մասն ասում են, եթե անվտանգության երաշխիքներ չլինեն, չենք պատրաստվում վերադառնալ, բայց միգուցե ընթացքում աստիճանաբար մտափոխվեն»:
     Բնակիչներին տրամադրված բնակարանները կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից են. տրամադրվել են անվճար և սեփականության իրավունքով: «Թալիշում բոլորի տները վերանորոգվելու են, գույքային վնասների մեծ մասի փոխհատուցումն արդեն տրվել է: Արցախի կառավարությունը համապատասխան պայմաններ է ստեղծելու, որպեսզի Արցախից դուրս ապաստանած թալիշցիները վերադառնան»,- եզրափակեց Արտակ Բեգլարյանը:
2497 | 0
Facebook