Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հարցում Արմեն Ամիրյանին՝ մարզային 63 հուշարձանները որտեղ և ինչ վիճակում են գտնվում

11:20, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Հարցում Արմեն Ամիրյանին՝ մարզային 63 հուշարձանները որտեղ և ինչ վիճակում են գտնվում

2016 թ. նոյեմբերի 8-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը տեղեկության հարցում էր հղել ՀՀ մշակույթի նախարար Ա.Ամիրյանին, կամենալավ իմանալ, թե որտեղ և ինչ վիճակում են այն 63 հուշարձանները, որոնք 2012 թվականին կառավարության որոշմամբ «Քարերը ժողովելու ժամանակը» ծրագրի շրջանակներում («Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» որոշում, 2012թ. սեպտեմբերի 13, N1169-Ա) Հայաստանի մարզերից տեղահանվեցին եւ տեղափոխվեցին Երեւան՝ քառամյա ցուցահանդեսի:

Նոյեմբերի 28-ին ստացվել է նախարարի պատասխանը (պատասխանել է տեղակալ Ա.Սամուելյանը – 03/1.1/5933-16, 24.11.2016), որում մասնավորաբար ասվում է, թե նախատեսված 63 հուշարձաններից Երեւան են տարվել միայն 51-ը, մյուսները չեն տեղափոխվել տարբեր պատճառներով: «Հուշարձանների տեղափոխումը (ի նկատի ունի վերադարձը.-ԺԱԱ) սկսվել է սույն թվականի սեպտեմբեր ամսից: Առ այսօր հետ է տարվել 12 հուշարձան, և տեղադրվել են ոչ իրենց «սկզբնային դիրքով», ոչ էլ մանավանդ «սկզբնային տեսքով», այլ մաքրված, ամրակայված, վերականգնված և հատուկ պատրաստված պատվանդանների վրա: Իսկ մինչև նոյեմբերի վերջը կտեղափոխվեն ևս 6-ը: …»:

Երևան տարված մյուս 33 հուշարձանների վերադարձման ժամկետների մասին նախարարը որևէ տեղեկություն չի հաղորդում: Հուշարձանների տեղահանման, տեղափոխման, վերադարձման, ամրակայման, վերականգնման ծախսերի մասին հարցերին պատասխանելով, նախարարը տեղեկացրել է, որ աշխատանքներն իրականացրել են Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի աշխատակիցները, թանգարանի արտաբյուջետային միջոցներով: (Պատասխանը տեսեք կից՝ PDF ձեւաչափով):

Այսպիսով ՀՀ մշակույթի նախարարի պատասխանից ակնհայտ է դառնում, որ խախտվել է ՀՀ կառավարության N1169-Ա որոշման 1-ին կետի պահանջը, ըստ որի բոլոր տեղահանված հուշարձանները պիտի վերադարձվեին իրենց գտնվելու վայրերը 2016 թվականի սեպտեմբերին: Թե ով է պատասխանատվության ենթարկվելու այս ապօրինության համար, կարող է որոշել ՀՀ վարչապետը:

ԺԱԱ խորհրդի նախագահը կատարված աշխատանքների ֆինանսական մասի վերաբերյալ դեկտեմբերի 1-ին հարցում է հղել Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրենին:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

2514 | 0
Facebook