Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ընտրություններին ընդառաջ Հայաստանում ՀՆԱ-ի անկում է և համարյա զրոյական տնտեսական աճ. Ռուբեն Գրձելյան

17:05, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
Ընտրություններին ընդառաջ Հայաստանում ՀՆԱ-ի անկում է և համարյա զրոյական տնտեսական աճ. Ռուբեն Գրձելյան

Հայաստանի տնտեսությունը շարունակում է կրճատել աճի տեմպերը: 10 ամսվա արդյունքներով` պաշտոնական վիճակագրությունը փաստում է տնտեսական ակտիվության ընդամենը 0,4% աճի մասին: Այնինչ, օրինակ, այս տարվա առաջին 8 ամսվա արդյունքներով խոսքը գնում էր 2,4% աճի մասին:
     Ավանդաբար ակտիվ տնտեսական աշունը (ելնելով պաշտոնական վիճակագրությունից) այս տարի տնտեսական «դրայվ» չի ապահովել: Հակառակն, ամեամիս լուրջ անկում է գրանցվում: Ամսական անկում գրանցվել է սեպտեմբերին: Հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատությամբ, անկումը կազմել է 19%: Արդյունքում ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում, 2015թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, հանրապետության ՀՆԱ-ն կրճատվել է 2,6%-ով:
     Չնայած 2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրության 6,5% աճին, անկում է գրանցվել գյուղտնտեսական արտադրությունում, շինարարությունում, առևտրում և էլեկտրաէներգիայի արտադրությունում: 6,1%-ով աճել է արտաքին առևտուրը, այդ թվում` համարյա 20%-ով աճել է արտահանումը, ներմուծումը ոչ զգալիորեն կրճատվել է: ԱՊՀ երկրների հետ առևտրի աճը կազմել է 9,8%, իսկ Եվրոմիության երկրների հետ՝ 0,7%:
     Թեև չի բացառվում, որ սեպտեմբերից գործող նոր կառավարությունը վերանայել է վիճակագրական հաշվարկների մոտեցումները (կոպիտ ասած` բացառել է վերագրումները) տնտեսական իրավիճակի ավելի իրական պատկեր ստանալու համար: Հնարավոր է, որ դա էլ դարձել է սեպտեմբեր-հոկտեմբերին հաշվարկված տնտեսական ցուցանիշների «անկման» պատճառը:
     Կենտրոնական բանկն իր հերթին բերում է արտասահմանյան մասնավոր տրանսֆերտներով վիճակագրությունը, որոնք, ինչպես հայտնի է, հանդիսանում են հանրապետության եկամուտի հիմնական աղբյուրներից մեկը: Չնայած ԿԲ-ի՝ Ռուսաստանից մասնավոր փոխանցումների անկման կրճատման վերաբերյալ լավատեսական կանխատեսմանը, վերջին տվյալներն այդքան էլ մխիթարող չեն: Ճիշտ է, անկումը որոշ չափով կրճատվել է, բայց, այնուամենայնիվ, այն բավականին զգալի է: 2015թ. մասնավոր տրանսֆերտների ներհոսքը Ռուսաստանից Հայաստան կրճատվել է 37,5%-ով, իսկ ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում անկումը կազմել է 14,7%:
     Կառավարությունում կանխատեսում են, որ տարվա արդյունքներով արտաքին փոխանցումների զուտ ներհոսքի ծավալը չի գերազանցի 1 մլրդ դոլարը: «Մասնավոր տրանսֆերտները կազմել են ՀՆԱ-ի մոտ 18-19%-ը, այդ պատճառով դրանց կրճատումն ազդում է տնտեսության և քաղաքացիների վրա»,- հայտնել է լրագրողներին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների արդյունքներով մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը չի ձգում անգամ կես միլիարդ դոլարի: Չհաշված արտահոսքը (565 մլն դոլար), փոխանցումները դեպի Հայաստան կազմել են 1 մլրդ դոլարից մի փոքր ավել:
     ԿԲ-ի վերջին կանխատեսումը պնդում է, որ տարվա արդյունքներով 1,3-1,8% տնտեսական աճ է սպասվում (ավելի վաղ գլխավոր բանկը կանխատեսում էր 3,4% աճ): Սակայն թարմ պաշտոնական տվյալները վկայում են, որ ԿԲ-ի վերջին կանխատեսումը ևս կարող է լավատեսական լինել:
     Հանրապետականների շարքերը համալրած Կարեն Կարապետյանի կողմից ղեկավարվող նոր կառավարության հանրային գործողությունները դեռևս սոցիալ կողմնորոշված են և արտահայտված քարոզչական բնույթ են կրում: Կառավարությունը լուծում է իշխող Հանրապետական կուսակցության վերընտրման խնդիրը մի քանի ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Տնտեսական լուրջ որոշում դեռևս չկա:

Թեև, լուրջ որոշումների կայացման համար բացակայում են ինչպես ֆինանսական, այնպես էլ ժամանակային պաշարները: 2015թ. վերջին ՀՆԱ-ն կազմում էր մոտ 10,6 մլրդ դոլար, իսկ Հայաստանի ընթացիկ պետական պարտքը կազմում է 5,6 մլրդ դոլար (արտաքինը՝ 4,5 մլրդ դոլար):

Աղբյուրը` regnum.ru
4047 | 0
Facebook