Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Եթե Սերժ Սարգսյանի օրոք մի օր դառնամ պատգամավոր, իմացեք` գնացել, համբուրել եմ ձեռքը». Սոս Գիմիշյան

12:40, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
«Եթե Սերժ Սարգսյանի օրոք մի օր դառնամ պատգամավոր, իմացեք` գնացել, համբուրել եմ ձեռքը». Սոս Գիմիշյան

«Ինչքան նորմալ մարդ կա «Հանրապետական» կուսակցությունն ուզում է փչացնել, վարկաբեկել, որպեսզի իրենց նման դառնան: Թմրամոլն էլ է ուզում բոլորին թմրամոլ դարձնել, սպիդով հիվանդը` սպիդով հիվանդ դարձնել, թալանչի, վարկաբեկված մարդն ուզում է բոլորին վարկաբեկել: Այսինքն` իշխանության մեջ չպիտի նորմալ մարդ լինի»,- MAMUL.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով վարչապետ Կարեն Կարապետյանի` ՀՀԿ-ին անդամագրվելու փաստն, ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` միաժամանակ նշելով, որ, այնուամենայնիվ, իշխանության մեջ իր միակ հույսը կապում է վարչապետի հետ: «Նա պետք է հասկանա, որ իշխանության հանցագործ գործունեության և նպատակների դեմը պիտի առնի, քանի որ դրանք նաև իրեն են վնաս հասցնելու»:

Գիմիշյանը նաև անդրադարձավ մեկ օրվա ընթացքում 7000 քաղաքացու` նույն կուսակցությանն անդամագրվելու հանգամանքին. «Ասում են` հազարավոր մարդիկ «Հանրապետական» են դարձել. չեմ կարծում հայ ժողովրդի մեջ այդքան փչացած մարդ կա, որ ցանկանար «Հանրապետական» դառնար…: Ամենուր նույն գործընթացն է` վերից վար փչացնելը, կողոպուտի, թալանի համակարգ ստեղծելը: Եթե վաղն իրենց լավ փող տան, էդ փողի դիմաց նրանք իրենց ծնողներին ու երեխեքին էլ կծախեն: Իրենց համար այս կողոպուտը հիվանդություն է դառել. խրվել են և դուրս չեն կարողանում գալ»:

Ո՞րն էր ՀՀԿ համագումարին Սերժ Սարգսյանի հիմնական ուղերձը: «Հիմնական ուղերձը հետևյալն էր` թալանել ենք և թալանը շարունակելու ենք, ուրիշ ոչ մի բան: Գլխավոր միտքը, որ այնտեղ ասվեց վարչապետի կողմից, ինչին որ ես էի սպասում, սա էր` «ես ուզում եմ դառնալ «Հանրապետական», որովհետև ցանկանում եմ այնտեղ ինչ-որ բան փոխել»: Չեմ կարծում` վարչապետը միամիտ մարդ է, բայց համոզված եմ, որ «կարմիր կովն իր կաշին չի փոխում»: Անհնարին բան է, բայց մեկ էլ մտածում եմ` գուցե շա՞տ տաղանդավոր մարդ է վարչապետը և այնտեղ գնալով ինչ-որ բան փոխի՞: Այնտեղ կան նաև նորմալ մարդիկ, քիչ են, բայց կան: Ես անկեղծորեն կուզենայի` նա ինչ-որ բան վերափոխեր: Ես ամեն լավ գործի համար պատրաստ եմ «կեցցե» ասել ցանկացած իշխանության: Իսկ ընդհանուր առմամբ, բոլոր համագումարներում էլ սիրուն բառեր են հնչել, որոնք հարյուր տոկոսանոց սուտ են դուրս եկել: Սերժ Սարգսյանը 10 տարի առաջ էլ էր ասում, որ Հայաստանը պիտի դառնա երկիր, որտեղ չպիտի լինեն աղքատ, անպահով, անտուն մարդիկ, չպիտի լինի անարդարաություն, սակայն այսօր լրիվ հակառակ պատկերն է: Այսինքն` սա հերթական ստի հռչակման համագումարն էր»:

Համագումարին նախագահն ասաց, որ կուլակաթափություն չի լինի: Գիմիշյանը մեկնաբանելով այս հայատարարությունն, ասաց. «Այս դեպքում, ընդհանրապես չարժեր, որ նա խոսեր կուլակաթափության մասին: Եթե դու խոսում ես` դա հաստատում ես և չես ուզում փոխվես: Ինքն է այդ համակարգի գլխավոր կողոպտիչը, ասում է` կուլակաթափություն չի լինելու: Նա նաև կատարում է համաշխարհային կողոպտիչների պատվերը: Այդ լիբերալ-դեմոկրատիա կոչվածն աշխարհում էլ է սոցիալական, ընտանեական, բարոյական արժեհամակարգային խորը ճգնաժամեր ստեղծել: Սովետական միության փլուզումից հետո ամեն ինչ մոնոպոլիզացված է, ասում էին` լիբերալիզմի ժամանակներ են գալու, բայց աշխարհի ոչ մի երկիր լիբերալիստ չի: Խաբեության ճանապարհն ենք ընտրել և այդ ճանապարհի գլխավոր մոտեցումը հետևյալն է` մի 30-40 հարուստ ընտանիք ենք ստեղծելու, որոնք տնտեսություն են վարելու և պահելու են այս երկիրը: Ով սրիկա էր, թալանչի էր կարողացավ այդ ընտանիքներից մեկը դառնալ: Թերևս մենք բոլորս ենք այդ գործին լծված եղել, բայց այդ 30-40 հոգին թալանելու գործում ավելի շնորհքով են եղել, դառել են օլիգարխներ և հիմա այս երկիրը պահում են` ինչքանով որքանով կարող են: Այդ համակարգը մենք ենք ընտրել և հիմա միայն նրանց մեղադրել, սխալ է: Այդ իսկ պատճառով, կուլակաթափություն, որպես այդպիսին, չպետք է լինի, ես էլ եմ դեմ դրան, բայց այն, ինչ-որ արվել է ծայրահեղ հանցագործ ձևով ու ափաշքարա, իհարկե, աններելի է և այդ անողները պետք է պատասխան տան»:

Առջևում խորհրդարանական ընտրություններ են, անսպասելի զարգացումներ` կտրուկ փոփոխությունների տեսքով, հնարավո՞ր են:«Հայաստանում չկա ընտրություն: Ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ այսօրվա Ազգային ժողովի 131 պատգամավորներն իրենց մանդատն ստացել են Սերժ Սարգսյանի որոշմամբ: Մեր ըտրողների թիվն ավելի շատ է, քան Հայաստանում բնակվող բնակչության: Ընտրությունը որոշվում է միջազգային թալանչի կառույցների, ի դեմս Վենետիկի հանձնաժողովի կողմից: Եթե Սերժ Սարգսյանի օրոք ես մի օր դառնամ պատգամավոր, իմացեք` գնացել, դարձել եմ իր հաճախորդը, կոպիտ ասած` համբուրել եմ ձեռքը, որ ինքը թույլ տա դառնամ պատգամավոր: Հակառակ դեպքում` ոչ ոք չի կարող դառնալ պատգամավոր: Մի բացառություն չկա Ազգային ժողովի կազմից, որ ասի` ես ընտրվել եմ ժողովրդի կողմից: Սա եղել է ներքին և արտաքին ազդեցությունների արդյունքում ձևավորված մի մարմին: Ես հույս ունեմ, որ մենք ուշ թե շուտ շտկելու ենք մեր երկիրը և ես դա վայելելու եմ: Կարող է որոշ փոփոխությունների ազդեցության տակ տեղի ունենան դրական շարժեր, դառնան սկիզբը դրական գործընթացների»:

Մամուլում հրապարակումներ եղան, որ խորհրդարանում ՀՀԿ-պատգամավորական շարքերը կարծես թե լքում է Մհեր Սեդրակյանը: Սա ինչի՞ մասին է խոսում: «Մհեր Սեդրակյանի ամենամեծ թերությունն այն է, որ նա ՀՀԿ անդամ է, այլ ոչ թե ՀՀԿ պատգամավոր: Դա խոսում է այն մասին, որ այդ կուսակցության ներսում արդեն լուրջ պրոբլեմներ կան: Ինչքան էլ իրենք նորմալ կեցվածք են ընդունում, թե ամեն ինչ լավ է, բայց իրենք էլ են հասկանում, որ անպատժելիության մթնոլորտը չի կարող էդպես երկար շարունակվել, չէ՞ որ երկար հանցագործ լինելն էլ է դժվար»:

3625 | 3
Facebook