Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնն ամանորյա ներկայացում կնվիրի փոքրիկներին

15:40, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնն ամանորյա ներկայացում կնվիրի փոքրիկներին
     Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի ղեկավարած և հիմնադրած «Բոհեմ» թատրոնը Նոր տարվան ընդառաջ մանկական նոր բեմականացում կներկայացնի:
     «Մոտ երկու ամիս է, ինչ Բաղրամյան 3 հասցեում գործունեություն ենք ծավալում: Հետաքրքրությունը բավական մեծ է, հանդիսատեսը սովորել է թատրոնի տեղը, հարմարվել: Մարդիկ հաճախում են, դիտում ներկայացումներ: Հնարավոր բոլոր պայմանները փորձել ենք ստեղծել, որ հանդիսատեսն իրեն տաք, հարմար և հանգիստ զգա»,- մեզ հետ զրույցում պատմեց թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Ամանորին ընդառաջ Նարեկ Դուրյանը չի անտեսել մանուկներին, ինչպես և խոստացել էր, բեմադրություն է պատրաստել:
     «Ներկայացումը կոչվում է «Ամանորը Նազարի մոտ», հիմքում հայկական հեքիաթներն են: Մեկ ժամ տևողությամբ երաժշտական կատակերգություն է: Ներկայացման երգերի բառերի և երաժշտության հեղինակը Նարեկ Դուրյանն է: Գիտեմ, որ երեխաները շատ են սիրում նրան, նա կարողանում է գրավել փոքրիկներին»,- ասաց մեր զրուցակիցը:
     Ներկայացման հերոսները հայկական հեքիաթների կերպարներն են, կլինեն նաև Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
     Ներկայացման մեջ ներգրավված են երիտասարդներ: «Այդպիսով մենք նաև երիտասարդներին հնարավորություն ենք ընձեռում հանդես գալ թատրոնում, ինչը շատ լավ սկիզբ է նրանց համար: Շատ լավ երիտասարդներ են, ոչ միայն դերասանությամբ են զբաղվում, գրում են, ջնջում են, աշխատում, հսկում, վերանորոգում և այլն: Ունիվերսալ վարպետ-դերասաններ ենք պատրաստել»,- նշեց թատրոնի պրոդյուսերը:
     Ներկայացումը կցուցադրվի դեկտեմբերի 25-30-ը, այնուհետ կշարունակվի հունվարի 4-ից հետո:
     «2017-ին մի քանի պրեմիերաներ կունենանք, ինչպես նաև հյուրախաղեր տարբեր երկրներում»,- ամփոփեց նա:
3244 | 0
Facebook