Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Թո՛ղ լաց չլինեն, 1000 դրամն աշխատավարձ ստացողի համար գումար չի». Ահարոն Ադիբեկյան

11:25, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
«Թո՛ղ լաց չլինեն, 1000 դրամն աշխատավարձ ստացողի համար գումար չի». Ահարոն Ադիբեկյան

«1000 դրամի» նախագիծը, որը բուռն հակազդեցություն առաջացրեց հասարակության մեջ, տարբեր շրջանակներում դեռ շարունակվում է քննարկվել:
     «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այն կարծիքին է, որ հայերը նմանատիպ հարցերը լուծելու առումով, լավ կանեն` նմանվեն ուրիշ երկրների ժողովուրդներին և քիչ «լաց լինեն»: «Այն հեռուստամարաթոնները, որ մենք անում ենք Ղարաբաղին օգնելու համար, եթե դրա փոխարեն մեզանից յուրաքանչյուրը 10 դոլար տար, այդ 10 միլիոնը կդառնար 100 միլիոն, ինչը բավականին մեծ գումար էր Ղարաբաղում պաշտպանության բոլոր հարցերը լուծելու համար: Դա կարող է նաև համախմբող գործոն դառնալ, հետո Հայաստանից տարածվել հայության մյուս աշխարհում` Սփյուռքում: Ամենակարևորը` թո՛ղ լաց չլինեն, 1000 դրամն աշխատավարձ ստացողի համար գումար չի»,- խորհուրդ տվեց սոցիոլոգը:
     Նրա կարծիքով, մարդիկ, որոնք աշխատանքի փնտրտուքով լքում են հայրենիքը, հեռանում Ռուսաստանի Դաշնություն` մշտական կամ ժամանակավոր բնակության, ճիշտ կանեն ընտանիքներին էլ հետները տանեն. «Ավելի ձեռնտու է ընտանիքին հետները տանել, քան անընդհատ գումար ուղարկել: Հայերը ռուսների կողմից ընդունված, հարգված ժողովուրդ են, այնտեղ զբաղվում են շինարարությամբ, ճանապարհաշինությամբ, լավ մենեջերներ են և այլն: Ունենք երիտասարդների հոծ բանակ, որոնք բուհն ավարտում են կամ չեն ավարտում` գնում են բանակ և գիտեն, որ հետագայում աշխատանք չեն ունենա: Նրանց մոտ 70 %-ը ճամպրուկային տրամադրությամբ է, սպասում է դիպլոմն ստանա, թռնի մի երկիր, էնտեղ աշխատանք գտնի, ստեղծի հնարավոր պայմաններ, ամուսնանա և այլն»:
     Թե ինչպես եղավ, կամ ինչը կարող էր պատճառ լինել, որ 7000 քաղաքացի մի գիշերվա մեջ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում ներկայացներ և այստեղ արդյոք պարտադրանք չի՞ կարող լինել, Ադիբեկյանն ասաց. «Ես չեմ բացառում պարտադրանքը, բայց բոլոր դեպքերում չեմ կարծում, որ այդ 7000-ն էլ տիկնիկներ են, որոնց թևերից մեկը քաշում է, բեմով տանում է դեպի կուսակցություն: Նրանք մարդիկ են, որոնք գցել-բռնել են, գնահատել են իրավիճակը: Եթե հարցում անեք, նրանք նույն բանն են ասելու, որ ուզում են ծառայել հայրենիքին, կիսում են կուսակցության գաղափարները»:
     Հիշեցնենք, որ MAMUL.am-ի անցկացրած հարցումը ցույց էր տվել, որ 2800 հարցվածների 95 %-ը հավատ չի ընծայում հանրապետության ամենահայտնի սոցիոլոգի ներկայացրած վիճակագրական «անկախ» տվյալներին:

4547 | 10
Facebook