Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ի՞նչ բանաստեղծություններ սովորեցնել երեխաներին` Ամանորին ընդառաջ

19:10, կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ի՞նչ բանաստեղծություններ սովորեցնել երեխաներին` Ամանորին ընդառաջ
     Ամանորը հեքիաթային տոն է նախ և առաջ երեխաների համար, քանի որ հենց նրանք են անկեղծորեն հավատում ամանորյա հրաշքին: Սովորեցրեʹք այս մանկական բանաստեղծությունները ձեր փոքրիկներին, և թող նրանց ասմունքը զարդարի Նոր տարվա տոները:
    
     ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳԻՇԵՐ
    
     Թե աշխարհում փակ դռներ կան,
     թող որ բացվեն այս գիշեր,
     Ու Նոր տարին նոր խնդությամբ
     թող ներս մտնի այս գիշեր,
     Թե կան դատարկ, համր տներ`
     մանկան ճիչով թող լցվեն,
     Ով փնտրում է սրտանց մեկին`
     հանկարծ գտնի այս գիշեր:
     Թե կան լացող, տխուր աչքեր,
     թող ծիծաղեն այս գիշեր,
     Կանչող ձեռքերն իրար հասնեն,
     հրաշք ապրեն այս գիշեր:
     Թե կան սրտեր` չար նախանձով,
     դառնան բարի ու ներող,
     Եվ ուրիշի ուրախ կյանքով
     խանդավառվեն այս գիշեր:
     Թե մոլորված անցորդներ կան,
     դարձի թող գան այս գիշեր,
     Սրբագործված սիրով մտնեն
     իրենց օջախն այս գիշեր,
     Թե կան բախտի փշոտ ճամփեք,
     թող ծաղկունքով կանաչեն
     Ու երջանիկ սպասումով
     բոլորն արբեն այս գիշեր…
     Թե աշխարհում պանդուխտներ կան,
     թող տուն դառնան այս գիշեր,
     Հայրենական հավերժությամբ
     ողջագուրվեն այս գիշեր:
    
     ՏՈՆԱԾԱՌԻ ՀԱՆԴԵՍՈՒՄ
    
     Էհե˜յ, ո՞ւր եք լռել, ո՞ւր,
     Ձմեռ Պապն է եկել հյուր,
     Շրջան կազմեք, պար բռնեք,
     Երգենք, ծափ տանք ու թռչենք:
    
     Մեջտեղ արի´, Զարուհի,
     Այ իմ Ձյունիկ-պարուհի,
     Ի՞նչ Նոր տարի առանց քեզ.
     Ուրախացրու մի քիչ մեզ:
    
     Բա դո՞ւ, շլդիկ փափկամազ,
     Ինձ մոտ արի վազեվազ,
     Ցույց տուր ծուռտիկ քո պարը,
     Թող զարմանա աշխարհը:
    
     Ի՞նչ ես քնել, աʹյ բրդոտ,
     Վեր կաց, դու էլ արիʹ մոտ,
     Եվ դու, փոքրիկ իմ սկյուռ,
     Կաղին կտամ քեզ մի բուռ:
    
     Դուք էլ եկեք, գաʹյլ, աղվեʹս,
     Միայն կարգին պահեʹք ձեզ,
     Նոր տարի է, Նոր տարի,
     Եղեʹք խելոք ու բարի:
    
     Դե˜հ, հավաքվեք, պար բռնենք
     Երգենք, ծափ տանք ու թռչենք,
     Որ բոյ քաշենք մեծանանք,
     Այսպես փոքրիկ չմնանք:
    
     ՄԵՏԱՔՍԵ
    
     ***
     ԵՂԵՎՆԻՆ
    
    

Անտառից եկած կանաչ եղևնին

Հիշում է կանաչ իր ընկերներին…

Արահետներն է հիշում ձյունի տակ,

Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:

Երկինքն է հիշում իր գլխի վերև

Եվ իր մայր անտառն ասեղնատերև:

Հովերն է հիշում նա գարնանային,

Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում

Եվ մայրամուտի թևերն աբբրեշում:

Հիշում է սոսափն ամեն մի ծառի,

Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բբոլորն ու չի ափսոսում,

Որ էլ անտառի երգը չի լսում:

Ի՞նչու ափսոսա, երբ իր թևերին

Գարուն է բերել երեխաներին,

Գարուն է բերել այս ձմռան օրով

Եվ տուն է մտել կանաչ շորերով։

Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել

Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել:

Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ,

Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:

Ե՞րբ են նրամոտ այսքան մանուկներ

Երգել ու պարել մինչև ուշ գիշեր։

Զարդարանքներով, աստղերով իր պերճ

Կանգնել է ուրախ մանուկների մեջ:

Այնպես հպարտ է նայում աշխարհին,

Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:
    
     ՀԱՄՈ ՍԱԱՀՅԱՆ
    
     ***
     ՁՅՈՒՆԵ ՏՈՒՆԸ
    
     Տուն է շինել Հայկը ձյունից,
     Շունը կապել ձյունե սյունից:
     Հանկարծ անցավ կատուն մոտով,
     Շանը դըրդեց կատվահոտով:
     Վրա թըռռավ ,ա՜խ, չալ շունը…
     Փլեց ձյունե սյունն ու տունը:
    
    
     Ո՞Վ Է ՆԵՐԿՈՒՄ ՁՅՈՒՆԸ
    
    

Հայկը հարցով անորոշ
    
     Դիմեց պապին իր գիտակ,-

-Այդ ինչո՞ւ է ամպը գորշ,

Ձյունը` այդքան սպիտակ:

Ինքն էլ խորհեց ու մտքում

Գտավ լուծումն այս շիտակ,-

Ձմեռ պապիկն է երկնքում

Ձյունը ներկում սպիտակ:

ԵՂԵՎՆԻ ԵՆՔ ԲԵՐԵԼ ՏՈՒՆ
    
     Եղևնի ենք բերել տուն
     Ու դարձրել տոնածառ,
     Կախել լամպեր գունզգույն,
     Ջերմ գույներով ու պայծառ:
    
     Ձմեռ պապին հյուր կգա՝
     Նվերների պարկն ուսին,
     Խաղալիքներ մեզ կտա՝
     Ինձ, Արային ու Սոսին:
    
     ՆՈՐ ՏԱՐԻ Է
    
     Դրսում ձյուն է ու ձմեռ,
     Դահլիճում` մեծ տոնածառ,
     Շուրջը ուրախ մանուկներ,
     Ծառին լույսեր կան պայծառ:
    
     Արտասանում են, երգում
     Մանուկները խելացի,
     Որ հայրենի մեր երկրում
     Ոչ մի մանուկ չլացի:

ՁՄԵՌ ՊԱՊԻՆ ՀՅՈՒՐ Է ԵԿԵԼ

Բակում ճերմակ ձյուն է եկել

Ձմեռ պապին նհյուր է եկել,

Խաղալիքներ բերել նվեր,

Նվերն ինձ շատ դուր է եկել:

ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
    
     ***
     ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՆ
    
    

Վաղ առավոտյան

Երբ որ արթնացա,

Տոնածառի տակ

Մի կապոց տեսա,

Ձմեռ պապիկն էր

Ինձ համար բերել

Ու իմ Նոր տարին

Շնորհավորել:

Այնպես եմ ուզում

Ձմեռ պապիկին

Ասել բարձրաձայն`

-Շնորհակալություն...

Բայց հեռախոսի

Համարն եմ փնտրում,

Գրքում չեմ գտնում:

ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
     ***

ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ
    
     -Վա՜յ մայրի՜կ ջան, տե՜ս,
     Բակն ու դուռը լի
     Ինչքան սպիտակ
     Թիթեռ է գալի...
     Էսքան շատ թիթեռ
     Չեմ տեսել ես դեռ:
     -Չէ՛, իմ անուշիկ,
     Թիթեռներ չեն էտ.
     Թիթեռներն անցան
     Ծաղիկների հետ:
     Էտ ձյուն է գալի,
     Փաթիլն է ձյունի,
     Որ կարծես Առաջին ձյունը
    
     ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ
    
     ***
     Դո՛ւ, որ գալիս ես մեր մանուկների արդար պահանջով,
     Իբրև պատասխան նրանց սրսըփուն ակնկալիքի.
     Դո՛ւ, որ գալիս ես մրսկան արտերի դողդոջուն կանչով,
     Իբրև պատասխան նրանց կարիքի.
     Դո՛ւ, որ ոտներըդ խճողել ես դեռ անցյալի ցանցով,
     Մինչդեռ ձեռքերըդ մեկնել ես արդեն կանչող գալիքին,-
     Արի՜, Նո՛ր Տարի,
     Գալուստըդ բարի՜։
    
     Արի՜, Նո՛ր Տարի,
     Բայց... այնպե՛ս արի,
     Որ ատոմական այս ահեղ դարի
     Գոռ ժամացույցը ինքն իրեն լարի
     Մայրացած հարսի սրտատըրոփի համաչափությամբ,
     Եվ նրա անտես սլաքները զույգ
     Իրենց վիրավոր թևաթափությամբ
     Ոչ թե մեզ կրկին
     Քարանձավների անաչ խոռոչը մատնացույց անեն,
     Այլ Տիեզերքի անկոխ դաշտերին
     Մեր զույգ աչքերի հայացքը տանեն...
    
     ……………………………………………
    
     Արի՜, Նո՛ր Տարի,
     Գալուստդ բարի՜,
     Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով
     Ուշ մնացածին,
     Քնով տարվածին.
     Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
     Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
     Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
     Ձեռքից հավատը փախուստ տվածին,
     Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
     Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
     Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
     Մեծին՝ մանուկի անարատություն,
     Տափարակներին՝ Արարատություն,
     Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
     Որ նրա վրա Քաղցը այսուհետ
     Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
     Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
     Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
     Տրվի ճախրանքի,
     Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
     Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
     Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
     Ո՛չ մի ազգ ու ցեղ
     Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
     Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
     Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։
     Նաև հասկանա՛նք,
     Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
     Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր...
     ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

60690 | 2
Facebook