Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շաբոյանը խոստովանում է` պարարտանյութերի մատակարարումը մրցույթով անցկացնելու դեպքում պետությունը կարող էր խնայել 1,5 միլիարդ դրամ

14:55, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
Շաբոյանը խոստովանում է` պարարտանյութերի մատակարարումը մրցույթով անցկացնելու դեպքում պետությունը կարող էր խնայել 1,5 միլիարդ դրամ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 4 տարի շարունակ՝ 2012-2016 թվականներին, պետական աջակցության ծրագրի շրջանակներում ազոտական պարարտանյութի մատակարար է հանդիսացել «Մասիսի Բերրիություն» ընկերությունը: Ընդ որում, վերջինը ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ընտրվել է առանց մրցույթի հայտարարման, ինչը նշանակում է, որ այլ ընկերությունները հնարավորություն չեն ունեցել մասնակցելու այս ծրագրին: Նշենք, որ ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի բավարարվում է մեր երկրում ազոտական պարարտանյութի պահանջարկի մոտ 74 տոկոսը, ինչը նշանակում է, որ մատակարարը նույնքան մասնաբաժնով կարող է ունենալ գերիշխող դիրք տվյալ շուկայում: Նախորդ տարի «Մասիսի Բերրիությունը» մատակարարել է ընդհանուր առմամբ 32 հազար 720 տոննա պարարտանյութ, ինչի դիմաց ընկերությանը տրամադրվել է 2 մլրդ 48 մլն դրամ պետական սուբսիդիա, ևս 204 մլն դրամ դրամաշնորհ՝ մարզերի մատակարարումների համար, ինչպես նաև 3 մլրդ 992 մլն դրամ բյուջետային վարկ՝ 0,001 տոկոս տոկոսադրույքով: Արդյունքում, ազոտական պարարտանյութի 1 տոննան գյուղացիական տնտեսություններին իրացվել է 120 000 դրամով: Հանձնաժողովը պարզել է, որ «Մասիսի Բերրիությունը» ազոտական պարարտանյութի 1 տոննան Վրաստանից ձեռք է բերել շուրջ 323 ԱՄՆ դոլարով: Մինչդեռ մեկ այլ ընկերություն՝ «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ն, որը ներգրավված չէ պարարտանյութի մատակարարման ծրագրում, նույն տեսակի 1 տոննա պարարտանյութը նույն երկրից ձեռք է բերել 239 ԱՄՆ դոլարով՝ այսինքն 26%-ով ավելի էժան: Ստացվում է, որ պետությունը ստիպված է եղել հավելյալ գումարներ վճարել «Մասիսի Բերրիությանը»: ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված հաշվարկների համաձայն, պարարտանյութերի մատակարարման ծրագիրը մրցույթով անցկացնելու դեպքում պետությունը կարող էր խնայել ավելի քան 1,5 միլիարդ դրամ:
    
     ՀՀ ՏՄՊՊՀ-ն առաջարկում է պարարտանյութի մատակարար ընկերության ընտրությունն այսուհետ իրականացնել բաց և հրապարակային մրցույթների միջոցով
    
    
Հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ եթե պետական աջակցության ծրագրով պարարտանյութի մատակարարի ընտրությունը իրականացվեր մրցութային եղանակով, ապա կարելի էր ընտրել նույն արտադրանքը ավելի ցածր ինքնարժեքով ներմուծող ընկերություն: Այս դեպքում հնարավոր կլիներ թե պարարտանյութը գյուղացիներին տրամադրել ավելի քան 36 տոկոսով ցածր սակագնով և թե պետական միջոցներն օգտագործել առավել արդյունավետ:
     Տեղեկացնենք նաև, որ Հանձնաժողովը խնդիրը քննարկել է նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարության հետ, որը ևս համամիտ է ՀՀ մրցակցային մարմնի կողմից բարձրացված հարցերի լուծման մեխանիզմների և առաջարկների հետ:
     ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը իր խոսքում ընդգծեց, որ նման երևույթները անուղղակի կերպով բացասաբար են անդրադառնում նաև մրցակցային դաշտի վրա՝ անհավասար պայմաններ ստեղծելով նույն գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների համար. «Մեր հանրապետության վարչապետի մոտեցումն այնպիսին է, որ պետական աջակցության ծրագրերը և պետական գնումների համակարգն ընդհանրապես պետք է գործեն բաց, թափանցիկ և արդար մրցույթների միջոցով: Հետևապես, Հանձնաժողովը կլինի հետևողական՝ առավել խիստ վերահսկողություն իրականացնելու և այս առումով խնդիրների լիարժեք լուծմանն ու կարգավորմանը հասնելու նպատակով»:
    
     Հիշեցնենք` նոյեմբերի 18-ին վարչապետ Շաբոյանին կոչ էր արել ուսումնասիրել ոչ թե գարեջուրը, այլ առաջնային սպառման ապրանքների շուկան:

2172 | 0
Facebook