Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մեր իշխանությունները որոշել են երեխաների օտարման բիզնեսով զբաղվել, քանի որ երկրում այլևս ծախելու բան չկա». Սոս Գիմիշյան

13:35, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
«Մեր իշխանությունները որոշել են երեխաների օտարման բիզնեսով զբաղվել, քանի որ երկրում այլևս ծախելու բան չկա». Սոս Գիմիշյան

2016-ի մարտի 10-ին Կառավարությունը հաստատել է «Կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաներին խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխման հայեցակարգը»: Այս նախագծի անցնելու դեպքում հնարավորություն է ընձեռվում այդ խմբին պատկանող երեխաներին ժամանակավոր ապաստարաններ տեղափոխելու և այլ անձանց կամ հաստատությունների կողմից երեխաներին խնամատարության վերցնելու և վերջնականորեն ընտանիքներից օտարելու համար:
     Հայեցակարգում նշվում է, որ խնամատարության կարող է հանձնվել նաև այն երեխան, ում կենսաբանական ընտանիքը գոյություն ունի, նրա կենսաբանական ծնողը (ծնողները) զրկված չէ ծնողական իրավունքներից, բայց գտնվում է կյանքի դժվարին պայմաններում, երեխայի խնամքն ու դաստիարակությունը չի կազմակերպվում կամ կազմակերպվում է երեխայի շահերին վնասող ակնհայտ թերացումներով, կամ պարզապես անհնարին է օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով նրա գտնվելը կենսաբանական (հարազատ) ընտանիքում, ուստի նրա խնամքը և դաստիարակությունը պետք է հանձնվի այլ անձին կամ անձանց։
     Հաշվի առնելով, որ Հայաստանում բնակչության առնվազն կեսից ավելին սոցիալական ծանր պայմանների պատճառով չի կարողանում ապահովել երեխաների սննդի, հանգստի, առողջության, բնակարանային պայմանների նվազագույն պահանջները, ուստի և այդ ընտանիքները հայտնվում են ռիսկային գոտում։
     Երեկ վարչապետի խորհրդական Արամ Վարդևանյանն` անդրադառնալով այս հայեցակարգին, նշեց, որ այն վերահսկելու է հարկադիր ծառայության աշխատանքը, որի միջոցով իրականացվելու է երեխաներին ընտանիքներից օտարումը: Խոսելով կիրառումից` Վարդևանյանն ամենայն սառնասրտությամբ ասաց` «Չնայած կլինեն գոռգոռոցներ, ծանր հոգեբանական իրավիճակներ, բայց այն պետք է կատարվի...»:
    
Նշենք, որ պետական պաշտոնյայի կողմից արված այս արտահայտությունը լայն արձագանք գտավ հասարակության շրջանում և բուռն քննադատության արժանացավ սոցիալական տարբեր ցանցերում:
     «Վճարված տղա է նա: Նախապես հաշիվը տվել են այդ օրենքի, դրանք էլ կերել են այդ փողը, հիմա էլ` պարտավորություն ունեն այդ ամենի հանդեպ: Հայ մարդը, եթե ծախված չէ, ո՞նց կարող է նման բան ասել»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
    
Ըստ Գիմիշյանի` այդ օրենքը ներառված է 2015-ի նոր Սահմանադրությունում, որից բխող վտանգների մասին ինքը ժամանակին բարձրաձայնել է: «Դա Արևմուտքում գրված և մեզ պարտադրված օրենք է: Պարտադրվում է այսպես` պատվիրատուն վճարում է և պարտադրում, մեր իշխանությունն էլ ծախվում է Արևմուտքի այդ փնթի արժեքներին: Քանի որ երկրում ծախելու բան այլևս չկա, արդեն մեր արժեքներն են ծախում: Սահմանադրությունն ընդունելու համար գումարներ ստացան, ընտանեկան բռնության համար գումարներ ստացան, երեխաներին օտարելու համար նույնպես, ինչքան սրիկայության կա ծախվում են, վաճառում են և դիմացը պարտավորություններ են ստանում»:
     Ըստ Գիմիշյանի` Եվրոպա չէ, ով ուզում է լինի, չի կարող պարտադրել Հայաստանին, եթե Հայաստանի իշխանությունը չցանկանա: «Իսկ դրա նպատակը մեր հասարակությունը, ազգը, մեր ընտանիքը ոչնչացնելն է: Հայ ընտանիքը մեծագույն արժեք է, նա օրինակելի է շատ ուրիշ ազգերի համար…: Իհարկե, Հայաստանում կան ընտանիքներ, որտեղ խնդիրներ կան, բայց դրանք գոյություն ունեցող օրենքի շրջանակներում հանգիստ լուծվող են»:
     Նշենք, որ սոցիալապես խցելի ընտանիքների թիվը փոքր չէ. ՄԱԿ-ի մանկակական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Մանկական աղքատությունը Հայաստանում բազմակի և համընկնող խոցելիության» վերլուծության համաձայն, խոցելի է Հայաստանի գյուղաբնակ երեխաների 82, քաղաքաբնակների՝ 53%-ը:
     Այսպես, ցուցակագրվում են բոլոր այն հավանական ընտանիքիները, որոնց ծնողները, համաձայն ՀՀ Սահմանադրության 36 հոդվածի 1-ին կետի, պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար:
     Ստորև ներկայացնում ենք աղյուսակ, որում նշված հարցերը պետք է տրվեն ցուցակագրված ընտանքիների բոլոր 1-16 տարիքային խմբի երեխաներին:


     Հարցին, թե այս օրենքի ընդունումն ի՞նչ նպատակ է հետապնդում և կարելի՞ է ենթադրել, որ այս եղանակով պետությունն իր վրայից գցում է պատասխանտվությունը` սոցիալական ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ընտանիքների նկատմամբ, մեր զրուցակիցն ասաց. «Մեր իշխանությունները որոշել են ընտանեկան բիզնեսով զբաղվել` «Ընտանեկան բռնություն«, «Յուվենալ օրենսդրություն» և մեծ փողեր, որոնք արդեն վճարված են…: Արդեն կերել են այդ փողերը և մնում է ընդունեն և մեր երեխաներին տանեն…: Նպատակն ընտանիքը ոչնչացնելն է և «պեդիկներին» ու «գոմիկնեին» հանձնելը, բռնության ենթարկելը…: 1000-ավոր երեխաների դեպքեր գիտենք, որ այլ երկրներից տանում են Միացյալ Նահանգներ և բռնության են ենթարկում: Ես դեռ ուրիշ բաների մասին չեմ ասում և դա խոշորագույն բիզնես է…: Պատկերացնո՞ւմ եք, մենք 5000 տարի ապրել ենք առանց այդ օրենքների և մեր ընտանիքը շատ ամուր է եղել, և եվրոպացին, որը սովորեցնելուց զրկվել է, այսօր գալիս է ինձ սովորեցնելու, թե ես ընտանիքում ինչպես հարաբերվեմ իմ կնոջ, երեխայի, մեծերի հետ: Սա ծիծաղելի է, սա պարզապես խայտառակություն է, սա հանցագործություն է գործող իշխանությունների կողմից: Այս փնթի Սահմանադրությունը, այս կեղծված, մեր վզին փաթաթված` Արևմուտքի կողմից, վաճառված, փողով գնված Սահմանադրությունն ու այս օրենքները մեծագույն հանցագործություն են: Այն, որ երկիրը թալանում են այնքան մեծ հանցագործություն չէ, ինչքան սա: Սա որևիցե դրական բան տվե՞լ է Արևմուտքին: Այդ օրենքները տասնյակ տարիներով գործում են, իրենց ընտանիքները ոչնչանում են…: Կանանց փոխելու, երեխաներին փոխելու յուվենալ օրենսդրությունը, որևիցե նպաստ բերե՞լ է Արևմուտքին, որը իրավական պետություն է: Ես բազմաթիվ անգամ հարցրել եմ մեր պաշտոնյաններին, որ եթե դուք ինձնից իմ երեխաներին տանեք, ինձնից ավելի լա՞վ եք պահելու: Պետական բյուջեից լրացուցիչ գումարներ եք հատկացնելու, որ մեր երեխաներին պահե՞ք: Իհարկե, ո´չ»:
    
Հարցին, եթե երեխաներին ընտանիքից օտարելու չափանիշ է դիտվում աղքատությունը, ապա, այդ հանգամանքով պայմանավորված, մեր գյուղական բնակավայրերի ընտանիքների երեխաները, որոնք հիմնականում աղքատ են կամ չքավորության մեջ, պիտի զրկվե՞ն ծնողներից, օտարվե՞ն, Ս. Գիմիշյանը նկատեց. «Հիմա գյուղերը դատարկում են, որպեսզի երեխաներին խլելու պրոցեսն արագացնեն: Ժողովրդին աղքատացրել են հատուկ, թալանել են, հետո էլ ասում են` դու քո երեխային լավ չես պահում: Եթե Դուք տեսնեք այդ նախապատրաստված փաստաթղթերը, թե քանի անգամ երեխան պետք է միս ուտի, քանի անգամ պիտի վճարովի միջոցառումների մասնակցի դպրոցներում, բազմաթիվ կետեր կան, և եթե ոչ ավելի, ապա 50 % ընտանքիների երեխաներին ցանկացած պահի կարող են օտարել»: Մեր զրուցակցի խոսքով, չպետք է թույլ տալ այս օրենքի անցկացումը. «Սրա դեմը պետք է առնել: Դա ազգադավ, մարդասպան, հանցավոր գործունեություն է: Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը պետք է ամեն ինչ անի` թույլ չտա դա: Այն ցուցանիշներով, որ պետք է երեխաներն օտարվեն ընտանիքներից և դա վերագրում են ընտանեկան բռնություններին, երեխայի ապահովվածությանը և այլն, դա հերյուրանք է: Այս գործընթացը մասսայական բնույթ է կրելու, որովհետև բիզնեսի համար մասսայկանություն է պետք»,- եզրափակեց քաղաքական գործիչը:
    
Այսօր տեղեկացանք, որ ՀՀ Արդարադատության նախարարությունն առժամանակ ետ է կանչել «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նման որոշման հիմքը հասարակական տարբեր շերտերում առաջացած մտահոգություններն էին։ Գերատեսչությունը պլանավորում է առաջիկայում լայնամասշտաբ հանրային քննարկումներ սկսել, որից հետո ստացված առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծ հրապարակել:

5112 | 2
Facebook