Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վանաձորցին երկար չի սպասելու և քայլեր է իրականացնելու բոյկոտողների դեմ». Վանաձորի քաղաքապետ

16:20, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
«Վանաձորցին երկար չի սպասելու և քայլեր է իրականացնելու բոյկոտողների դեմ». Վանաձորի քաղաքապետ

Վանաձորի ավագանու «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների անդամները մինչ օրս բոյկոտում են ավագանու նիստերը: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանից հետարքրվեցինք` արդյոք ճիշտ են շրջանառվող լուրերը, թե նա բանակցում է ընդդիմադիրների հետ, որպեսզի նրանք այլևս չբոյկոտեն ավագանու նիստերը: «Այսօրվանից մի սահման ենք գծում, բոլոր հարցերն ուղղում ենք բոյկոտողներին: Ես չեմ բոյկոտում, այլ օրենքի շրջանակներում իրականացնում եմ իմ լիազորությունները, իսկ իրենք քաղաքացիների ձայնը ստացել են, բայց զբաղված են բոյկոտելով, դրա համար իրենց ձայն չեն տվել: Ես տխրում եմ, որ չեն գալիս, վանաձորցին երկար չի սպասելու և իր քայլերն է անելու բոյկոտողների դեմ»,- MAMUL.am-ի թղթակցին ասաց Ասլանյանը: Վերջինի խոսքով ավագանու նիստերի մասին այս օրերին ապատեղեկատվություն և հերյուրանք է տարածվում. «Նիստ չի եղել, ապատեղեկատվություն են տարածում, իսկ նման բան տարածողներն այն մարդիկ են, ովքեր ամեն կերպ ուզում են լրատվության ուշադրության կենտրոնում լինել, այլ տեղերում պետք է ինքնադրսևորվել»: Ո՞ր խմբակցությունն է դավաճանել ընդդիմությանն ու քվեարկել իր օգտին` հարցին, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, ընդդիմադիրներին հարցրեք»:
     «Լուսավոր Հայաստան» խմբակության անդամ Էդմոն Մարուքյանն ավելի վաղ բացատրել էր, թե որն է բոյկոտի իմաստը: «Հրապարակավ ՀՀԿ-ն 15 մանդատ ունի. հիմա երեք խմբակցությունները եթե չմասնակցեն, քաղաքապետն իր ավագանիների, նաև ՀՅԴ-ի հետ չի կարող նիստ գումարել: Այդ պարագայում կբացահայտվի՝ ովքեր են այն 4 հոգին, ովքեր համաձայնագրից հետո փակ քվեարկությամբ հօգուտ ՀՀԿ-ական թեկնածուին էին քվեարկել, և դրանից հետո կհասկանանք, թե ում հետ ենք աշխատում»,- ասել էր նա:
     Հիշեցնենք, որ մինչ ավագանու նիստը, որի ժամանակ էլ պետք է քաղաքապետ ընտրեին, ընդդիմադիր 3 ուժերը որոշում էին կայացրել քվեարկել հանուն ԼՀ թեկնածու Քրիստ Մարուքյանի: Այդպես լինելու դեպքում վերջինը պետք է հավաքեր 18 ձայն և դառնար քաղաքապետ, սակայն, դրա փոխարեն, 19 ձայն ստացավ ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը:
    

3025 | 13
Facebook