Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սթրեսը և դրա առաջացման պատճառները

20:30, չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2016 թ.
Սթրեսը և դրա առաջացման պատճառները

Սթրեսը յուրաքանչյուր մարդու կյանքի անբաժանելի ուղեկիցն է: Երբեմն այն նպաստավոր և առաջ մղող դեր է կատարում մարդու առջև դրված նպատակին հասնելու համար, իսկ երբեմն էլ կարող է վտանգավոր լինել` հետևանքների տեսանկյունից: Սթրեսը լուրջ սպառնալիք է և արտահայտվում է հուզական, հոգեկան և ընդհանուր ֆիզիկական ճնշվածությամբ:
     Որպեսզի հասկանանք` ինչու, եկեք պարզենք սթրեսի առաջացման պատճառները: Այս խնդրի հետ կապված են կյանքի ընթացքում մարդու հետ կատարվող առանձնահատուկ նշանակություն ունեցող իրադարձություններն, օրինակ` սոցիալական կարգավիճակի կամ մասնագիտության փոփոխությունը, լուրջ հիվանդության հետ բախվելն, աշխատանքի փնտրտուքում հանդիպած ձախորդությունները, վրա հասնող ծերությունը և շատ այլ երևույթներ:
     Առավել հաճախադեպ է աշխատանքային գործունեության ընթացքում առաջացած սթրեսը, բայց առավել վտանգավոր են սովորական, մեզ ամեն օր ուղեկցող սթրեսները: Ինչ-որ մեկը չի կարողանում լեզու գտնել կոլեկտիվի հետ, մեկ ուրիշը կորցրել է սիրելի մարդու. պատճառները բազմաթիվ են, և կարևոր է, թե ինչպես մենք կարձագանքենք այս կամ այն իրավիճակում:
    

Կարևոր մյուս գործոնը վախի մշտական հաղթահարումն է: Ահաբեկչական սպառնալիքների, գլոբալ տաքացման հետևանքների, քիմիական թունավոր նյութերի ազդեցության մասին հնչող լուրերն սթրեսի են հանգեցնում, ինչը կարող է ուղեկցվել վատ ինքնազգացողությամբ, քանի որ մենք չենք կարող կանխել կամ վերահսկել այդ իրադարձությունները:
     Իսկ ինչպես պայքարել այդ ամենի դեմ: Սթրեսի դեմ պայքարի միջոցները կախված են տարիքից ու փոփոխության են ենթարկվում: Ավագ սերունդն, ի տարբերություն երիտասարդների, ավելի մեծ հակում ունի սթրեսի մեջ հայտնվելու, բայց նրանց մոտ այն ավելի փակ դրսևորում է ունենում, ինչը խանգարում է բժշկությանն ավելի հստակ ախտորոշում անել և ավելի ճիշտ, գլխավորն, ավելի արդյունավետ բուժում նշանակել: Երիտասարդներն առավել սթրեսադիմացկուն են և սթրեսային վիճակում հայտնվելով` որպես կանոն, բացեիբաց արտահայտում են այն ինչպես հուզական, այնպես էլ վարքագծային մակարդակում:

Սթրեսադիմացկունության մակարդակը կախված է անհատի տիպից: Կան մարդիկ, ովքեր անկախ տարիքից ավելի սթրեսադիմացկուն են, կան մարդիկ, ովքեր` հակառակը:
     Կյանքը կարճ է. սթրեսային իրավիճակներից դուրս գալու համար փորձեք լցնել ձեր կյանքը դրական հույզերով և վառ տպավորություններով, ավելի շատ ժամանակ անցկացրեք մտերիմների հետ խաղաղ միջավայրում և հաճախ եղեք բնության գրկում. դա անշուշտ կօգնի դիմակայել սթրեսային ցանկացած իրավիճակի:


    
Հեղինակ` Արշալույս Մուշկամբարյան

11263 | 0
Facebook