Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժան-Քլոդ Յունկերը հարցազրույց է ունեցել Euronews լրատվականի հետ, որի ժամանակ նա հայտարարել է, որ առայժմ որևէ փաստարկ չի տեսնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների անհապաղ չեղարկման օգտին:
Սակայն նա հայտարարել է, որ կցանկանար, որ Եվրոպան և Ռուսաստանը համաձայնագիր կնքեին, որը դուրս կգար սովորական շրջանակներից: «Առանց Ռուսաստանի անհնար է Եվրոպայում անվտանգության ապահովումը: Մենք պետք է իմանանք այդ մասին: Եվրոմիությունը 5.5 մլն ք.մ. տարածք է զբաղեցնում, իսկ Ռուսաստանի մակերեսը 17.5 մլն ք.մ. է: Մենք պետք է Ռուսաստանին վերաբերվենք որպես մեծ միավորման և հպարտ ժողովրդի: Հարկավոր է շատ բան իմանալ Ռուսաստանի խորքերի մասին, իսկ մենք այդ մասին ոչինչ չգիտենք: Եվ ես կցանկանայի, որ Ռուսաստանի հետ խոսեինք հավասարի պես, քանի որ Ռուսաստանը, ինչպես այդ մասին ասել է նախագահ Օբաման, «տարածաշրջանային գերտերություն» չէ: Նման գնահատականը մեծ սխալ է»,- հայտարարել է Յունկերը: